Քաղաքական

05.07.2021 20:57


Ովքե՞ր են և ինչո՞վ են հայտնի պարգևատրվածները

Ովքե՞ր են և ինչո՞վ են հայտնի պարգևատրվածները

Այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա կապակցությամբ, մի շարք կոչումներ է շնորհել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Պարգևատրվածների ցանկը շատ ուշագրավ է։

Եվ այսպես՝

ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Սարգիս Հովհաննիսյանը մեկ բանով է հայտնի՝ քացով խփում էր ցուցարարին։ Այդ մասը տեսագրվել էր․ մամուլը դիմել էր ԱԱԾ-ին, պատասխանել էին, թե տեսանյութը կուսումնասիրեն և քայլեր կձեռնարկեն։ Տեսանյութը ուսումնասիրեցին, համոզվեցին, որ նման բան արել է և տվեցին գեներալի կոչում։

Դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Նա համակարգում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը: Ուշագրավ է, որ նա անձամբ խուսափում է հայտնել թե ինչպես են գոյացել ամուսնու դրամական միջոցներն ու ունեցվածքը, որը բավականին պատկառելի է։ Նրա ամուսինը 1 տարում 323 մլն դրամ արժողությամբ 2 բնակարանի համասեփականատեր է դարձել: Գույքի ձեռք բերման օրինականությունը քննարկման առարկա չի դարձել:

Սրբուհի Գալյանի անունն այդ պաշտոնում շրջանառվեց բավականին հնչեղ կերպով, երբ պարզ դարձավ, որ պատերազմի օրերին 10 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա է նրա համար ձեռք բերվել՝ ծառայողական նպատակով: 50 մլն դրամ էլ տվել էին, որ առանձին նստավայր ունենա։

Մյուս պարգևատրվածը ՀՀ գլխավոր դատախազի մյուս տեղակալն է՝ Գևորգ Բաղդասարյանը, որին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Գևորգ Բաղդասարյանն անուրանալի ծառայություն է մատուցել այս իշխանությանը ու միանգամայն հասկանալի է, թե ինչպես եղավ, որ նա պաշտոնեական առաջխաղացումներ ունեցավ։ Նա ատամներով պաշտպանում էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հակասահմանադրական գործը։ Դա մի գործ էր, որը հենց մտավ ՍԴ, անմիջապես ճանաչվեց հակասահմանադրական՝ անգամ Նիկոլ Փաշինյանի փոխած ՍԴ-ում։ Կոչումներն ու պաշտոնը դիտում ենք փոխհատուցում այն մասնագիտական մինուսի համար, որ գրանցել է Գևորգ Բաղդասարյանն այս գործի շրջանակներում։ Չէ՞ որ պրոֆեսիոնալը ի սկզբանե կհրաժարվեր մտնել հակասահմանադրական բեռի տակ, իսկ եթե ստիպված է եղել, ուրեմն ՍԴ որոշումից հետո ինքը անմիջապես կհրաժարվեր մեղադրանքից, հրաժարական կտար, ոչ թե կընկներ սար ու ձոր։

Բայց ոչ, դատախազությունը շարունակում է նույն գործելաոճը, ու Գևորգ Բաղդասարյանի նոր կոչումը նշանակում է, որ դեռ անելիք ունի։ Հիշեցնենք, որ Գևորգ Բաղդասարյանը ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ էր։ Հայտնի սահմանադրական կարգի իբր տապալման գործը բացելու ժամանակ նա նշանակվեց մեղադրող դատախազ և ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվեց Երևան քաղաքի դատախազ։ Իսկ 2020թ․ նշանակվեց գլխավոր դատախազի տեղակալ՝ հայտնի քրեական գործը պաշտպանելու արդյունքում։ Մարդը պաշտոնեական սանդուղքով առաջ է գնում։

Դատարանի դահլիճում կոկորդ էր պատռում, թե Շուշին հանձնող չէ, մունաթ էր գալիս, թե Շուշիի ազատագրման օրը ազատագրողներին դատելով չի նշանակում, թե ազատագրման համար են դատում։ Այնինչ, ի սկզբանե հասկանալի էր, որ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին մեդարյալի աթոռին նստացնելը Արցախը թշնամուն հանձնելու թատրոնի առաջին արարն էր։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Արմեն Աբազյանի պաշտոնավարումը հատկապես կապիտուլյացիայից հետո խիստ անհասկանալի է։ Պատերազմից հետո նա մի քանի անգամ գաղտնիության պայմաններում հանդիպել է Ադրբեջանի ԱԱԾ տնօրենի հետ, բայց անհասկանալի է, թե ինչ հարց է լուծվել, որովհետև եթե թեման գերիների վերադարձն էր, Աբազյանը գոնե մեկ գերի չի կարողացել բերել։ Բայց նա գրանցել է մեծ ձախողումներ։

Մայիսի 12-ից Հայաստանի տարածքում են 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորներ․ արդեն երկու ամիս՝ մեր երկրից դոեւրս չեն գալիս, ամրացել են, խրամատներ են փորել, ապրում են մեր տարածքում։ Սա նաև ԱԱԾ պետի ձախողումն է։

Հաճախ ենք տեղեկանում, որ ադրբեջանցիներն առևտուր են անում Հայաստանի տարբեր խանութներում, մայրաքաղաքում լսում ենք ադրբեջաներեն խոսակցություններ։ Կան բազմաթիվ կասկածներ, որ Հայաստանը լցված է ադրբեջանցի գործակալներով։ Հայաստանում կան հատվածներ, որոնք վերահսկում են ադրբեջանցիները, և այդ տարածքներից կարող են ադրբեջանցիներ ներթափանցել մեր երկիր։

Եվ բնականաբար՝ խիստ անհասկանալի է ԱԱԾ տնօրեն Աբազյանին գեներալի կոչում տալը։

Փաշինյանի մանկության ընկերը՝ Վահե Ղազարյանը, ոստիկանության գեներալ-մայորի կորչում է ստացել։

Վահե Ղազարյանը միքանի բանով է հայտնի՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է 1500 ոստիկան, որպեսզի նա 200 մետր ճանապարհ կտրի և, ասենք, կառավարության շենքից գնա սոցապնախարարության շենք։ Վահե Ղազարյանն աչքի ընկավ նրանով, որ ոստիկանների համազգեստը հանում էր և սովորական քաղաքացիական հագուստով ուղարկում Նիկոլի միտինգին՝ մասովկա ապահովելու։ Երևանից ոստիկաններին ուղարկում էր Սյունիք՝ քվեարկելու։ Արդյո՞ք դրանց համար գեներալի կոչում են տալիս։ Իսկ գուցե նրա համար, որ մեր երկրում ամենաթողությունն այնքան շատ է, որ օր ու մեջ զենքով հա՞րց են լուծում, Երևանի կենտրոնում մա՞րդ են սպանում։

Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը գեներալ-մայորի կոչում է ստացել: Այդ մարդու անունը համացանցում փնտրելիս միայն սկանդալներ ենք կարդում։ Օրինակ՝ կարդում ենք, որ Գյումրիում հունվարի 15-ին Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան է կազմակերպել՝ Անդրանիկ Քոչարյանի հետ միասին։ Գյումրիից ադրբեջանական գերության մեջ գտնվողների հարազատներին համոզել էին, թե՝ պետք է ակցիա անեք, որ Նիկոլ Փաշինյանը բանակցի ու ձեր երեխեքին վերադարձնի։ Գրում են, թե Աշոտ Զաքարյանը էլի Անդրանիկ Քոչարյանի հետ զբաղվում էր եռաբլուր Նիկոլի երթը մարդաշատ դարձնելու համար՝ այն մարդկանց ստիպելով մասնակցել, որոնք ինչ-որ խախտումներ են թույլ տվել մարտադաշտում։

Սա՛ է այսօրվա պարգևատրումների պատկերը, պարգևատրվում են ձախողակները, պաշտոնյաներ, որոնք իրենց ոլորտներում զբաղված են եղել պետականաքանդ գործունեությամբ։ Իսկ ամենաուշագրավն այն է, որ Սահմանադրության հերն անիծողները պարգևատրվեցին Սահմանադրության հիման վրա։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը