Քաղաքական

05.07.2021 16:11


Մարզպետներն ընտրված համայնքապետերին պարտադրում են հրաժարական ներկայացնել. իրավապահ համակարգը լուռ է

Մարզպետներն ընտրված համայնքապետերին պարտադրում են հրաժարական ներկայացնել. իրավապահ համակարգը լուռ է

Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է: Նախկինում այս օրը տոն էր, մարդիկ զանգում, շնորհավորում էին միմյանց, պետական բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորական ուղերձներ էին հղում ժողովրդին:

Տոնից այսօր մնացել են ուղերձներն ու ոչ աշխատանքային օրն օրացույցում:

Անցած երեք տարիների ընթացքում, սակայն, Սահմանադրությամբ ամրագրված գրեթե բոլոր նպատակներն ու խնդիրները, ցավոք, գործող իշխանության համառ ջանքերի ու հետևողականության արդյունքում կյանքի են կոչվել Մայր օրենքի տրամաբանությանը խիստ հակառակ։ Այն մեկնաբանվել է այլասերված, երբեմն՝ քաղաքական նեղ շահերի սպասարկմանը համահունչ:

2018թ.-ից առ այսօր Սահմանադրությունը բազմիցս ոտնատակ է տրվել, նրան հարմարեցրել են օրվա կոնյունկտուրային, նրան հաշվի չեն առել, շրջանցել են ու, ի վերջո, հասել Սահմանադրական դատարանի կազմաքանդմանը:

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Եվ այդ «իրավական» պետությունում, օրինակ, 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հատկապես իշխանական մարզպետներն ընդդիմության համակիր ընտրված համայնքապետերին պարտադրում են աշխատանքից ազատման դիմումներ գրել, ավելին՝ հպարտորեն հայտարարում են այդ մասին, իսկ մեր իրավապահ համակարգը լուռ է:

Ովքեր ամուր նյարդեր չունեն, դիմում են գրում ու դուրս գալիս, հրաժարվողներին ծեծում են մարզպետարանի միջանցքում: Ծեծում են մարզպետն ու էլի 6-7 հոգի, իսկ մեր իրավապահ համակարգը խուլ ու համր է: Չէ, իհարկե, կա հարուցված քրեական գործ Լոռու մարզպետի ու նրա մերձավորների կողմից Օձունի համայնքապետին ծեծելու գործով, մարդը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, անգամ տուժող կա՝ համայնքապետը, սակայն մեղադրյալ չկա: Այսինքն՝ դեպքից օրեր անց, երբ գործը հարուցվել է տուժողի հաղորդման հիման վրա, մարդը, բնականաբար, ցուցմունք է տվել, ասել է՝ ովքեր են ծեծել իրեն, ինքն էլ տուժող է ճանաչվել, բայց գործով մեղադրյալ, չգիտես ինչու, չկա:

Հունիսի 30-ին «Ազատությանը» տված հարցազրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը պնդում է՝ ընտրություններին պարտություն կրած ուժերին սատարած համայնքապետերը պետք է հրաժարական տան:

Մարզպետը նշում է՝ քանի որ այդ համայնքներում ընդդիմությունը չի հաղթել, նշանակում է, համայնքապետերն այդտեղ վստահություն չունեն, հետևաբար՝ պետք է հրաժարական տան և ցանկության դեպքում նորից մասնակցեն ընտրություններին: Փաստորեն, Լոռու մարզպետի տրամաբանությամբ՝ պատերազմում ծանր պարտություն կրած, կապիտուլյացիա ստորագրած Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալու պարտավորություն չուներ, իսկ համայնքապետերը, որոնց համայնքում ընդդիմությունը չի հաղթել, պետք է հրաժարական տան, որովհետև իրենց համայնքներում վստահություն չունեն:

Փաստորեն, Լոռու մարզպետը մտածում է, որ համայնքապետերը հատ-հատ պետք է իրենց համայնքների ընտրողներին ցուցում տային՝ ում ընտրել, և եթե ցանկալի արդյունքը չի գրանցվել, ուրեմն պետք է հրաժարական տան:

Նման պահանջ Արամ Խաչատրյանը նաև մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանի առջև է դրել, ով, սակայն, հրաժարվել է կատարել մարզպետի ապօրինի պահանջը:

Ճիշտ նույն պահանջն է դրվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի չորս եզդիական համայնքների՝ Դդմասար, Արևուտ, Սորիկ և Օթևան համայնքների ղեկավարների առաջ, ովքեր չեն դիմադրել ու հրաժարականի դիմումներ են ներկայացրել:

«Առավոտի» հետ զրույցում նրանք հաստատել են, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իրենց կանչել և պահանջել է հրաժարականի դիմում գրել:

Նշենք, որ այս համայնքներում ՀՀ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվել էր: Մինչդեռ համայնքի ղեկավարներն ընտրված պաշտոնյաներ են. մարզպետն իրավունք չունի նրանց նման պահանջ ներկայացնել:

«Հրաժարականի դիմում եմ ներկայացրել ընտրություններից հետո: Միայն ես չեմ: Մեր եզդիական համայնքների չորս համայնքի ղեկավարներ արդեն դուրս են եկել: Ես արդեն դիմումը տվել եմ, գյուղում իրենք իրենց կողմից բերել, պաշտոնակատար են նշանակել: Ես ի՞նչ պայքարեի, արդեն Դուք պիտի դա անեք: Եթե ես միտք ունենայի դուրս գալու, ընտրություններից առաջ դուրս կգայի: Եթե ընտրություններից հետո է եղել, ուրեմն պետք է հետևություններ անեք… Կանչել են: Ի՞նչ ասեմ ես: Բոլոր համայնքի ղեկավարների մոտ էլ նույն վիճակն է»,-կայքին ասել էր Օթևան համայնքի ղեկավար Ջամալ Սալմոյանը:

168.am-ի խնդրանքին՝ ներկայացնել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պաշտոնական դիրքորոշումը նշված խնդրի վերաբերյալ, ՀՔԾ-ից ասացին, որ նմանատիպ բոլոր հրապարակումները ՀՔԾ-ում ուսումնասիրվում են, և առերևույթ հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դրանց անպայման ընթացք կտան:

Դատախազության դիրքորոշումը կներկայացնենք հաջորդիվ:

Այս պահին փաստենք միայն, որ երբ պետք էր կալանավորել «Հայաստան» դաշինքի անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ մոնտաժված տեսանյութի՝ անհայտ աղբյուրի, այն է՝ «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքի միջոցով տարածվելու հիմքով, դա կատարվեց անհապաղ, նույն օրն իսկ:

Իսկ երբ մեր հարկերից վարձատրվող պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են ընտրված համայնքապետերին ստիպում հրաժարականի դիմումներ ներկայացնել, դա դեռ երկար պետք է ուսումնասիրվի:

Այս խորագրի վերջին նյութերը