Քաղաքական

05.07.2021 15:53


ՍԴ-ն կուսակցությունների դիմումները վարույթ է ընդունել, հայտնի է քննության օրը

ՍԴ-ն կուսակցությունների դիմումները վարույթ է ընդունել, հայտնի է քննության օրը

Սահմանադրական դատարանը միավորել և մեկ վարույթում է քննելու քաղաքական ուժերի դիմումները, որոնցով բողոքարկել են 2020 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։ Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունը», «Հայոց հայրենիք» կուսակցությունը և «Պատիվ ունեմ» դաշինքը։ Սահմանադրական դատարանը որոշել է․

«Հաշվի առնելով, որ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում»,-ասված է ՍԴ որոշման մեջ։ ՍԴ-ից մեզ փոխանցեցին, որ դիմումների որոշ անճշտություններ են եղել, որոնք շտկվել են և բոլոր դիմումները ընդունվել են քննության ։

Դիմումները քննվելու են նույն նիստում, որը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին բանավոր ընթացակարգով, այսինքն՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները տեղում բանավոր կերպով ներկայացնելու են իրենց դիրքորոշումը, ՍԴ-ից մեզ հայտնեցին, որ նիստը բաց է լինելու նաև ԶԼՄ-ների համար։ Սահմանադրական դատարանի որոշմամբ միավորված գործերով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը, դատավարությանը որպես պատասխանող կողմ է ընդգրկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գործով որպես հարակից պատասխանողներ են ընդգրկվել ոստիկանությունը, դատախազությունը, և ՀՀ հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովը։

Հավելենք, որ քաղաքական ուժերը ՍԴ են դիմել 2020 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Այս խորագրի վերջին նյութերը