Քաղաքական

03.07.2021 13:11


Ինչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը բավարարի «Հայաստան» դաշինքի՝ ընտրությունների արդյունքների բողոքարկումը

Ինչ կլինի, եթե Սահմանադրական դատարանը բավարարի «Հայաստան» դաշինքի՝ ընտրությունների արդյունքների բողոքարկումը

Եթե ​​Սահմանադրական դատարանը բավարարի «Հայաստան» դաշինքի բողոքարկումը, ապա իրավասու է կայացնել հետևյալ որոշումները՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման նոր կարգ, կամ ճանաչել ընտրությունների արդյունքները անվավեր և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Եթե Սահմանադրական դատարանը կայացնի առաջին որոշումը, հանրապետության նախագահը պարտավոր կլինի հրամանագրով նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ: Եթե ​​դատարանն ընդունի վերը նշված որոշումներից երկրորդը, ապա այս որոշմամբ հստակ սահմանված կլինի մանդատների բաշխման կարգը, որի հիման վրա ԿԸՀ-ն համապատասխան որոշում կկայացնի: Եթե ​​ընդունվի երրորդ որոշումը, ապա հանրապետության նախագահը պարտավոր կլինի հրամանագրերով նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»,-նշեց նա:

Ըստ Հայրապետյանի՝ կան բազմաթիվ մասշտաբային խախտումներ: Բողոքարկման հիմքում ընկած են կոնկրետ փաստեր՝ տեսանյութերի կամ փաստաթղթերի տեսքով:

Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ եթե ՍԴ-ն դրանք օբյեկտիվորեն ուսումնասիրի, ապա հիմքեր կունենա առնվազն կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքները:

««Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված փաստերը բավարար չափով հիմնավորված են, բավարար չափով ներկայացված է խախտումների սխեման, ինչպես նաև օրենքի առջև բոլոր քաղաքական ուժերի հավասարության սկզբունքի խախտման սխեման, որը Սահմանադրական դատարանի համար հիմք պետք է դառնա ընտրությունների արդյունքների անվավերության մասին որոշում կկայացնելու համար, կամ առնվազն այն մասին, որ դրանք կասկածի տակ են դրվում»,-ընդգծեց փաստաբանը:

Նա հիշեցրեց, որ դիմումը ներկայացվել է հուլիսի 1-ին, և Սահմանադրական դատարանն ընդամենը 15 օր ունի գործը քննելու համար:

«Այսինքն՝ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի առավելագույնը մինչև հուլիսի 16-ը: Դատաքննությունը կլինի բանավոր: Թե՛ ԶԼՄ-ները, թե՛ քաղաքացիները հնարավորություն կունենան ուղիղ եթերով հետևելու նիստին և հասկանալու, թե դատարանը ներկայացված ապացույցներից որն է բազմակողմանիորեն ուսումնասիրել, որը՝ ոչ: Առաջին անգամ կօգտագործվի Սահմանադրական դատարանի մասին օրենքի այն նորմը, որում ընտրախախտման կապակցությամբ դիմում կներկայացվի, և ոչ թե հայցվորը պարտավոր կլինի ապացուցել խախտման առկայությունը, այլ համապատասխան մարմինը պարտավոր կլինի ապացուցել, որ խախտում չի եղել»,-եզրափակեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն` նոր խորհրդարանում ներկայացվելու են երեք քաղաքական ուժեր` «Քաղաքացիական պայմանագիրը» (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ), «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը:

Ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել են, որ չեն ճանաչում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և խախտումների պատճառով մտադիր են դիմել Սահմանադրական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը