Քաղաքական

03.07.2021 11:58


Եթե իրավիճակը թելադրի գրավել խորհրդարանի ամբիոնը, ապա այն կգրավվի. «Հայաստան» դաշինք

Եթե իրավիճակը թելադրի գրավել խորհրդարանի ամբիոնը, ապա այն կգրավվի. «Հայաստան» դաշինք

1,5 տարին առավելագույն ժամկետն է, որի ընթացքում ժողովրդի ձայնը գողացած ուժը կարող է վայելել իշխանությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը:

Նրա խոսքով՝ իշխանություններին ավելի մեծ հիասթափություն է սպասվում, այն չի կարողանա պատասխան տալ իր արարքների համար:

Մանթաշյանը հիշեցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, ըստ որի՝ ընտրությունները կանցկացվեն առավելագույնը 1,5 տարի անց, իսկ գործընթացները կգեներացվեն ավելի վաղ, որից հետո կանցկացվեն ընտրություններ:

Նարեկ Մանթաշյանը համոզմունք հայտնեց, որ «սև փիառը», որն իրականացվեց «Հայաստան» դաշինքի դեմ ընտրությունների նախօրեին և ընտրությունների օրը (երբ թռուցիկներ էին տարածվում), բոլորը միևնույն շղթայի օղակներն են:

«Քոչարյանի դեմ տեղեկատվական պատերազմի նման մեթոդները կիրառվում են արդեն շատ երկար ժամանակ: Իշխանությունները դրա համար օգտագործում են իրենց բոլոր լծակները: Նրանք լրատվամիջոցներով քարոզչական հնարքների միջոցով, այն ուժերի հետ միասին, որոնք ստեղծել են այդ լրատվամիջոցները, ամեն ինչ արել և անում են մեզ նսեմացնելու համար: Հույս կա, որ հասարակությունը վերջապես կհասկանա, որ սրանք պարզապես տեխնոլոգիաներ են: Ոչինչ իրական չէ նրանից, ինչ ներկայացվում է ժողովրդին:

Երեք տարվա ընթացքում, այսինքն՝ այն ժամանակվանից, երբ մեր քաղաքական ուժը սկսեց գործել՝ զրոյական վիճակից սկսած (հաշվի առնելով, թե քանի մարդ էր հավաքվել դատարանի շենքի առջև՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի), մենք այսօր ունենք 270.000 քաղաքացիների ձայն: Սա լուրջ արդյունք է, սակայն ոչ բավարար: Պաշտպանելով մեզ քվեարկած ընտրողների շահերը, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնից, կկարողանանք ճշմարտությունն էլ ավելի շատ մարդկանց հասցնել, ճշմարտություն, որը թաքցնում են իշխանամետ լրատվամիջոցները»,-ավելացրեց նա:

Մանթաշյանը նշեց, որ ընդդիմության համար ամենալուրջ մեխանիզմը դրա՝ կցորդը չլինելն է:

«Բոլորն էլ գիտեն, որ մենք չենք կարող որևէ հարաբերություն ունենալ դավաճան իշխանության հետ, չի լինի այն, ինչ նախկինում նկատվում էր խորհրդարանում: Մենք թույլ չենք տա, որ նրանք կամայականություններ անել Ազգային ժողովում՝ հաշվի առնելով, որ իշխանությունները չունեն համապատասխան մեխանիզմներ խորհրդարանում՝ տեղերի երկու երրորդի բացակայության հետ կապված»,-բացատրեց նա:

Ըստ նրա՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները համաչափ գնահատական ​​կտան յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի:

«Եթե իրավիճակը թելադրի գրավել խորհրդարանի ամբիոնը, ապա կարող եք վստահ լինել, որ ամբիոնը կգրավվի: «Հայաստան» դաշինքի բոլոր գործողությունները հավասարակշռված կլինեն: Ժողովուրդը կտեսնի, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը: Ընտրախախտումներն իսկապես աննախադեպ են, արձանագրվել են հարյուր հազարավոր խախտումներ: Եվ սրանք միայն այն դեպքերն են, որոնք գրանցվել են: Համոզված ենք, որ դրանք ազդել են ընտրությունների արդյունքների վրա: Արդյո՞ք իշխանությունների կողմից կազմված Սահմանադրական դատարանը կդառնա դրա կցորդը, կդառնա հանցակից, թե՞ կմնա բարձունքում. այս պահին ոչինչ չեմ ցանկանում կանխատեսել: Պետք է սպասել իրավական գործընթացների ավարտին»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներով նոր խորհրդարանում կներկայացվեն երեք քաղաքական ուժեր` «Քաղաքացիական պայմանագիրը» (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ) , «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը:

Ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարել են, որ չեն ճանաչում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և խախտումների պատճառով մտադիր են դիմել Սահմանադրական դատարան:

Այս խորագրի վերջին նյութերը