Աշխարհ

03.07.2021 10:46


Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կայունության և, որպես արդյունք, փոխադարձ բարգավաճման շանսեր ունեն. Ալիևի օգնական

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կայունության և, որպես արդյունք, փոխադարձ բարգավաճման շանսեր ունեն. Ալիևի օգնական

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կայունության և, որպես արդյունք, փոխադարձ բարգավաճման շանսեր ունեն: Այս մասին, ինչպես հայտնում է minval.az-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Նա կարևորել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը՝ պարզաբանելով, որ այն բացելով՝ կավարտվի Նախիջևանի մեկուսացումը, իսկ Երևանը ցամաքային ճանապարհով Ադրբեջանի տարածքով կկապվի Մոսկվայի և այլ երկրների մայրաքաղաքների հետ:

Ըստ Հաջիևի՝ Ադրբեջանը հույս ունի, որ այս մասշտաբային վերափոխման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խումբը չի մնա անցյալում, այլ կկարողանա դառնալ ապագայի մաս. նրա փորձը կարող է կարևոր դեր ունենալ Երևանի և Բաքվի միջև վստահության ամրապնդման գործում:

«Այսօր մեզ կայունության և, որպես արդյունք, փոխադարձ բարգավաճման հնարավորություն է ընձեռվում: Մենք միմյանց ճանաչելու, միասին ավելի անվտանգ աճելու և բարգավաճելու հնարավորություն ունենք: Ի վերջո, վստահության ամրապնդման այս բոլոր միջոցառումները կարող են հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի»,-ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ «խաղաղության և համագործակցության փոխարեն ռևանշիզմի փորձերը կարող են նոր աղետի և ողբերգության հանգեցնել»:

Նա հիշեցրել է, որ հունիսին Երևանն ու Բաքուն, ըստ էության, կատարել են լարվածության թուլացման առաջին փոխադարձ քայլը. Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 ռազմագերիների, իսկ Հայաստանը տրամադրել է ամբողջ Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները:

«Մենք չպետք է կանգ առնենք այս դիվանագիտական առաջընթացի վրա, և պետք է դիմակայությունը վերածենք համագործակցության: Քանի որ առջևում դեռ շատ աշխատանք ունենք»,-ընդգծել է Հաջիևը` նշելով, որ Երևանը Բաքվին է հանձնել միայն մեկ շրջանի ականապատ դաշտերի քարտեզները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը