Քաղաքական

02.07.2021 17:04


«Ռ․ Քոչարյանը երբեք չշահարկեց այս փաստը»․ անհետ կորածների ծնողները քարոզարշավի ընթացքում նախագահի հետ են հանդիպել

«Ռ․ Քոչարյանը երբեք չշահարկեց այս փաստը»․ անհետ կորածների ծնողները քարոզարշավի ընթացքում նախագահի հետ են հանդիպել

9 ամիս շարունակ Հայաստանի պետական գերատեսչությունների շենքերի մոտ ցույցեր անող՝ անհետ կորած զինվորների ծնողներն այս կառավարության հետ այլեւս հույս չեն կապում։ Փաշինյանի եւ նրա կառավարության անդամների հետ բոլոր հանդիպումներն անարդյունավետ են եղել, ոչ մի հստակ բան։ Անհետ կորած զինվորի ազգական Եղիշե Զաքունցը Yekir.am-ի հետ զրույցում ասաց․ «8,5 ամիս է՝ այս իշխանությունը ոչինչ չի անում, չգիտի, թե որտեղ են մեր երեխաները։ Այս ընթացքում հանդիպում ենք ունեցել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ»։

Զաքունցը Ռ․ Քոչարյանի հետ հանդիպումից մանրամասներ հայտնեց, ասաց՝ ՀՀ երկրորդ նախագահի հետ հանդիպել են նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Նախագահը ծնողներին օգնելու պատրաստակամություն է հայտնել, խորհուրդ տվել, թե ինչ ճանապարհներով պետք է առաջ շարժվել։ «Մարդն իրապես հասկանում էր, թե ինչ ենք խոսում։ Ինձ համար առավել տպավորիչն այն էր, որ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը եղավ նախընտրական քարոզարշավի շրջանում, բայց նա երբեք գեթ մեկ անգամ այդ հարցը չշահարկեց։ Գործող կառավարությունը՝ ի դեմս Փաշինյանի, պարբերաբար արծարծում էր գերիների վերադարձի, անհետ կորած զինվորների հարցը, մինչդեռ Քոչարյանը ցուցադրական ոչինչ չարեց, մարդը չշահարկեց այն փաստը, որ հանդիպել է անհետ կորած եւ գերեվարված զինվորների ծնողների ու հարազատների հետ։ Սա շատ մեծ բան է ասում նրա՝ մարդ տեսակի եւ մտածողության մասին»,-ասաց Եղիշե Զաքունցը։

Անհետ կորած զինվորների ազգականների համար դեռեւս առեղծված է՝ ինչո՞ւ է հայկական կողմը հոկտեմբերին մերժել դիերի փոխանակման առաջարկը։ «Մենք ինֆորմացիա ունենք, որ կռվի ժամանակ՝ հոկտեմբերի 18-ի կողմերը, դիերի փոխանակման առաջարկ է եղել, հայկական կողմը հրաժարվել է։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է եղել պատճառը, որ հրաժարվել են մարմինները փոխանակել, եւ ադրբեջանական կողմն ո՞ւր է տարել տղերքի աճյունները։ Տեղափոխել են Շամշադինի կողմ, որ այնտեղ փոխանակում կատարվի, չի կատարվել, ո՞ւր են տղերքի մարմինները տարել»,-ասաց անհետ կորած զինվորի հարազատը։

Զաքունցը տեղեկացրեց, որ պատրաստվում են դիմել գեներալ Մուրադովին։ «Մի քանի օր անց, ամենայն հավանականությամբ, ուղիղ կգնանք գեներալ Մուրադովի հետ հանդիպման եւ քննարկումները կշարունակենք նրա հետ։ Մենք հիմնավոր փաստեր ունենք, որ ադրբեջանական կողմը մարմինները տարել է ինչ-որ տեղ։ Այս կառավարությունը 8,5 ամսվա ընթացքում արդյունավետ որեւէ քայլ չի ձեռնարկել, դիմել ենք բոլորին, ԱԱԾ-ին երեխաների անուն-ազգանուններով ինֆորմացիա ենք տվել՝ տեղանքի քարտեզներով, զոհված երեխաների մարմինների գտնվելու վայրերը վկայող վիդեոներով։ 8,5 ամիս հետո չիմանա՞լ այդ երեխաների ճակատագիրը, գտնվելու վայրը․․․ Անարդյունավետ են աշխատում։ Մենք չգիտենք, էլ ինչ անենք»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը