Կարծիք

16.06.2011 09:45


Երբ հայտարարու– թյունից 37-ի հոտ է փչում

Երբ հայտարարու– թյունից 37-ի հոտ է փչում

Երբ Կոնգրեսը կիսաբաց դռներով «երկխոսեց» Սերժ Սարգսյանի հետ, երբ մայիսի 31-ի հանրահավաք-շքահանդեսում Կոնգրեսի ղեկավարները պարզ ներկայացրին իրենց պատկերացումները Հայաստանի ներկայի եւ ապագայի մասին, բնականաբար, ՀԱԿ-ի եւ նրա առաջնորդների վարկանիշը կտրուկ անկում ապրեց: Նույնիսկ նրանք, ովքեր մինչեւ վերջին պահը վստահ էին, որ ՀԱԿ ղեկավարության քայլերը տանում են իշխանափոխության, մայիսի 31-ի հանրահավաքից հետո համապատասխան եզրակացություններ արեցին:

Մի պահ թվում էր, թե Կոնգրեսը եւ նրան մաս կազմող ՀՀՇ-ում որոշակի հետեւություններ կանեն եւ կփորձեն վերականգնել հեղինակությունը եւ բարձրացնել վարկանիշը, բայց ՀՀՇ վարչության վերջին խայտառակ հայտարարությունը եկավ ապացուցելու, թե իրականում ինչ են իրենցից ներկայացնում այսօրվա Կոնգրեսը եւ ՀՀՇ-ն: Ավելին, կոնգրեսականները շատ հստակ հասկացրին, որ մտադիր չեն ոչ հետեւություններ անել, ոչ էլ փոխել գործելաոճը:

Վերջին օրերին ՀՀՇ-ից դուրս գալու դիմումներ են ներկայացրել մի քանի տասնյակ մարդիկ, այդ թվում նաեւ հեղինակավոր քաղաքական գործիչներ: Ավելորդ չէ նշել, որ նրանց թվում է եւ կուսակցությունն իր ամենադժվարին տարիների ղեկավարած, իր ուսերի վրա տարած Արարատ Զուրաբյանը:

Ցանկացած նորմալ եւ առողջ կուսակցություն նման դեպքերում կփորձեր ճիշտ եզրահանգումներ անել, բայց, պարզվում է Կոնգրեսի մասնիկ դարձած ՀՀՇ-ն այլեւս այդպիսին չէ: Ավելի անկեղծ լինելով պետք է ասենք, որ ՀՀՇ-ի հայտարարությունից բոլշեւիզմի եւ 37 թվականի հոտ է փչում: Եթե չլիներ այս հայտարարությունը կարելի էր ՀՀՇ-ին այլեւս չանդրադառնալ, բայց հիմա, երբ դեռ մի քանի տասնյակ երիտասարդներ կան, որոնք կարծում են, թե ՀՀՇ-ն ազատական կուսակցություն է եւ պայքարում է ժողովրդավարության համար, պետք է փորձենք օգնել այդ երիտասարդներին եւ ցույց տալ, թե այսօր իրենից ինչ է ներկայացնում այս կուսակցությունը:

Հիմա վերցնենք ՀՀՇ-ի հայտարարությունը եւ ուշադիր ընթերցենք:

«Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության և Հայ Ազգային Կոնգրեսի միջև, ինչի մասին խոսվեց նաև 2010թ.-ի հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում»,- նշված է ՀՀՇ-ի հայտարարությունում: Այս հայտարարության տրամաբանությունից ելնելով ստացվում է, որ մի խումբ ՀՀՇ-ականներ իշխանությունների հանձնարարականով ցանկանում էին ճեղքվածք առաջացնել ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի միջեւ: Իսկապես ծիծաղելի է: Ծիծաղելի է հատկապես հիմա, երբ «վնասարարներից» ազատված ՀՀՇ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը կորցրած արժանապատվության ցանկացած նշույլ «երկխոսություն» են աղերսում նույն այն իշխանություններից, որին որակում էին ավազակապետություն կամ խուժանապետություն: Ցանկացած առողջ տրամաբանող մարդ կհասկանա, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեկ տարի առաջ:

ՀՀՇ վարչության հայտարարությունում նաեւ գրված է. «ՀՀՇ վարչության և խորհրդի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվեց: Կուսակցությունը այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած և բարձր հեղինակությամբ` ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ծրագրերը: Համագումարին հետևած շուրջ մեկ տարվա ընթացքում ՀՀՇ շարքերը համալրվեցին մոտ 300 նոր անդամներով»: Իսկ «միջադեպը հարթվեց» հեղաշրջում իրականացնելով: Հիմա թող նույն այս հայտարարության տակ ստորագրածները հիշեն, թե ինչ խայտառակ եւ ամոթալի փաստաթղթի տակ են ստորագրել ուղիղ մեկ տարի առաջ: Նրանք պետք է շնորհակալ լինեն Արարատ Զուրաբյանի, Խաչատուր Քոքոբելյանի մեծահոգությունից, որ չհրապարակեցին այդ փաստաթուղթը: Իսկ այդ փասթաթղթից նույն հոտն էր գալիս, ինչ այսօրվա այս հայտարարությունից: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս հայտարարությունը վերցված է 30-ականներին բոլշեւիկների պատրաստած մի փաստաթղթից:

«Ուղիղ մեկ տարի առաջ հակահեղափոխական ուժերը կոմկուսի ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել կուսակցության ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության ղեկավար մարմնի եւ շարքերի միջև, ինչի մասին խոսվեց նաև ԽՄԿԿ 14-րդ համագումարում: ԽՄԿԿ ԿԿ-Ի եւ շարքերի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվեց: Կուսակցությունն այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած և բարձր հեղինակությամբ` ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հակահեղափոխական ուժերի ծրագրերը: Համագումարին հետևած շուրջ մեկ տարվա ընթացքում կոմկուսի շարքերը համալրվեցին մոտ 300 հազար նոր անդամներով»: Ամենայն հավանականությամբ հենց այս փաստաթղթից էլ օգտվել են բոլշեւիկ-հհշականները: Կոմկուսի նման հայտարարությունից հետո այն փոքր խումբը գնդակահարված կլինի: Բարեբախտաբար Կոնգրեսը մի տարի առաջ իշխանություն չուներ եւ այս դեպքում «փոքր խումբը» պահպանեց կյանքը եւ ազատությունը:

Իսկ մի՞թե այս հայտարարությունից հետո իրեն ժողովրդավարական համարող քաղաքական ուժը չպետք է ինքնալուծարվի: Անշուշտ ինքնալուծարումն անհրաժեշտություն է, բայց Կոնգրեսը հազիվ թե գնա նման քայլի: Այսուհանդերձ, գնան, թե ոչ, ամեն ինչ արդեն պարզ է: Պարզ է նաեւ, թե նույն Կոնգրեսում ինչու են խանդով վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանին, Ժառանգությանը եւ նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:

Մեկ տարի առաջ, նրանք, ովքեր հավատում էին, որ Կոնգրեսը շարունակում է պայքարել ավազակապետության դեմ, չէին կարողանում հասկանալ, թե ինչու է իրենց դեմ նման արշավ ստեղծվել: Հիմա, երբ «երկխոսությունն» ավելի քան ակներեւ է, պարզ է դառնում, որ եթե ՀՀՇ վարչության նախագահը լիներ Արարատ Զուրաբյանը, ապա «երկխոսությունն» այսքան սահուն չէր կարող լինել կամ ընդհանրապես չէր  լինի:

Մեկ տարի առաջ իրականացված հեղաշրջումով ՀՀՇ-ից մնաց միայն անունը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Ժողովրդավարության համար պայքարող Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրում է իր կողքին տեսնել մարդկանց, որոնց նա իրականում չի էլ համակրում, բայց գնահատում է նրանց լռությունն ու հնազանդությունը: Իսկ նման կառույցով որեւէ ուժ հաջողության չի կարող հասնել:

«Վնասարարներ» որակումը ստացան մարդիկ, որոնք հրաժարվել են շատ ու շատ նյութական արժեքներից եւ դիրքից, մնալով ՀՀՇ-ում այն ժամանակ, երբ ոմանք չէին խոսում, ոմանք էլ ակտիվ համագործակցում էին գործող իշխանությունների հետ:

Ոչ իշխանություններին, ոչ էլ Կոնգրեսի ղեկավարությանը ձեռնտու չէր, որ ՀՀՇ-ն ղեկավարի Արարատ Զուրաբյանը: Պարզ է, չէ՞, որ այդ դեպքում նման ծիծաղելի «երկխոսություն» չէր լինի, եւ առավել եւս Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էլ «երկխոսության» վերաբերյալ խոսելով չէր ստորացնի կոնգրեսականներին: Իսկ Կարապետյանը շատ պարզ հասկացրեց, թե ինչ կարիք կա ՀԱԿ-ի հետ գրանցել իրենց ամուսնությունը, երբ առանց այդ էլ երկուստեք հաճույք են ստանում: Մի փոքր դաժան է, բայց դա իրականություն է:

Եւ վերջին հաշվով Հայաստանը եւ Հայաստանի քաղաքական դաշտը մեծապես շահեցին ՀՀՇ-ում տեղի ունեցած հեղաշրջումից եւ «երկխոսությունից»: Հակառակ դեպքում չէր ստեղծվի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հակառակ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը ստիպված չէր լինի ավելի լայնածավալ գործունեություն իրականացնել, հակառակ դեպքում քաղաքական դաշտն ավելի կխրվեր ճահճի մեջ: Հիմա հրաշալի հնարավորություն է երկրի առողջացմանն ուղղված քայլեր իրականացնելու համար: Մնում է առաջ շարժվել: Անչափ կարեւոր է նաեւ, որ «Ազատ դեմոկրատներն» ավելի քան հստակ հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցում չեն կիսում Լեւոն Տեր-Պետրոսյանի այն մոտեցումը, թե առանց այս հարցի լուծման հայ մարդը լավ չի ապրելու, իսկ Հայաստանը ժողովրդավարական չի դառնալու:

Իսկ այսօր ՀՀՇ-ն ղեկավարողները թող մեկ անգամ էլ ընթերցեն իրենց հայտարարությունը եւ փորձեն հասկանալ, թե ինչի մեջ են խրվել:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը