Աշխարհ

02.07.2021 19:20


«Էրդողանը հաղթելու շանսեր չունի». Թուրքիայում պարզել են նախագահի ու իշխող կուսակցության վարկանիշը

«Էրդողանը հաղթելու շանսեր չունի». Թուրքիայում պարզել են նախագահի ու իշխող կուսակցության վարկանիշը

Թուրքիայում 2002 թվականից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ամբողջ երկրում կստանար մոտ 25 տոկոս ձայն, եթե համընդհանուր ընտրություններ անցկացվեին նախորդ ամիս: Այս մասին են վկայում Եվրասիայի հանրային հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման տվյալները, որոնք ներկայացրել է ընդդիմադիր Turkish Minute թերթը:

Հետազոտության արդյունքները ներկայացրել է կենտրոնի նախագահ Քեմալ Օզքիրազը, ըստ որոնց՝ երկրի և իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարտություն կկրեր, եթե ընտրություններն անցկացվեին հունիսին:

«Էրդողանը հաղթելու շանսեր չունի, նա կպարտվի ցանկացած սցենարի դեպքում»,-ասել է Օզքիրազը:

«Ժողովրդի դաշինք»-ի վարկանիշը, որը կազմված է իշխող ԱԶԿ-ից և իր քաղաքական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունից, որը 2018-ի ընտրություններում հավաքել էր 53,6 ձայն, ցույց է տվել զգալի անկում: Էրդողանի կուսակցությունը հունիսին կբավարարվեր ընդամենը 25 տոկոս ձայնով, իսկ Դևլեթ Բահչելիի կուսակցությունը՝ 6 տոկոս ձայնով:

Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, «Լավ» կուսակցությունը և պահպանողական «Երջանկություն» կուսակցությունը հարցման արդյունքներով կստանային 22,9%, 12,8% և 1,2% համապատասխանաբար:

Մեկ այլ ընդդիմադիր՝ քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը կհավաքեր 9,4% ձայն:

Հարցումը ցույց է տվել նաև, որ Էրդողանը պարտություն կկրեր իր հավանական մրցակիցներից յուրաքանչյուրից, եթե նախագահական ընտրություններն անցկացվեին անցյալ ամիս: Հավանական մրցակիցների թվում են Մերալ Աքշեները, Քեմալ Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը