Լրահոս

02.07.2021 12:48


Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին

Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին

Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում այսօրվա դրությամբ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։ Լրագրողներին այս մասին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

Նրա խոսքով`մայիսի 3–րդ տասնօրյակից Հայաստանում անոմալ շոգեր են, սակավ տեղումներ, ինչով պայմանավորված՝ ձնհալքը տեղի է ունեցել աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու, իսկ ձնհալքի արդյունքում ձևավորված ջուրը ներծծվել է, և մակերևույթային հոսքի ձևավորում տեղի չի ունեցել։

«Հունիսին գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը նորմայի նկատմամբ 20-50 տոկոս ավելի պակաս են։ Օրինակ Ազատ գետում ունեցանք նորմայի 20 տոկոսը, այսինքն 5 անգամ պակաս ջուր, Հրազդանի ավազանում նորմայից 2.5 անգամ պակաս ջուր»,–ասաց Ազիզյանը։

Նրա խոսքով`ընդհանուր ջրամբարների ջրալցվածությունը նախորդ տարվա համեմատ բավականին ցածր է։

«Մեր կողմից մոնիթորինգ իրականացվող 5 խոշոր ջրամբարներում մոտ 210 մլն խմ պակաս ջուր կա, քան նախորդ տարվա այս օրերին, իսկ 2019 թվականի հետ համեմատած մոտ 350 մլն խմ պակաս ջուր։ Արաքս–Ախուրյան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում 180 մլն խմ պակաս ջուր կա, իսկ Սևան–Հրազդան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում` մոտ 30 մլն խմ»,–ասաց նա։

Նշենք, որ Հայաստանի 5 խոշոր ջրավազանային կառավարման տարածքներում դեռևս 2014 թվականից հայտարարված է սակավաջրություն։

2020 թվականին ընդունվեց կառավարության որոշում, որով Սևանի և հյուսիսային կառավարման ջրավազանային տարածքներում նույնպես հայտարարվել է սակավաջրություն։ Իրավիճակը բարդ է հատկապես Հրազդան, Քասախ, Ազատ, Ախուրյան գետերի ավազաններում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը