Մեկնաբանություն

02.07.2021 00:15


Շեմեր է, որ հատում ենք, բայց «աղոթած» կռապաշտների համբերությունը չի հատում

Շեմեր է, որ հատում ենք, բայց «աղոթած» կռապաշտների համբերությունը չի հատում

Ուրախացրեց Ջանջուղազյանը: Ատոմը: Դե, գիտեք, նիկոլի ու Սուքիասյան Խաչատուրի համար ֆինանսիստ աշխատող այն անձը, որ ամենևին «նախկին» չէ, անգամ կես ժամ չի աշխատել «նախկինների» օրոք: Նա, ընդհանրապես ՀՀ պետական կառավարման համակարգում է հատնվել «թավիշից» հետո, այն էլ, երևի նիկոլի աած-ի բռնած սատանան գիտե, թե որտեղից:

Թողնենք, սակայն, Ատոմ Ջանջուղազյանի համեստ ու ավելի մեծ գովեստի արժանի անձը և կենտրոնանանք նրա պարգևած ուրախության, ավելի ճիշտ՝ դրա բուն շարժառիթի վրա:

Ահավասիկ, ուրախությունը. «Չնայած բազմաթիվ քննարկումներին, պետական պարտքն իր անվանական և հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը մեր երկրի նման բնութագիր ունեցող երկրներում որպես կառավարելի միջակայք է համարվում, այդուհանդերձ մենք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի առումով»,-խորհրդարանում ներկայացնելով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը՝ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Սա, քիչ է ասել, թե ուրախալի կամ զվարճալի է, սա պարզապես ցնծալու, սալյուտներ խփելու հոյակապ առիթ է: Դեհ, դա ինքնաբերաբար: Եթե Ատոմ Ջանջուղազյանի նաչալնիկ նիկոլը բացեիբաց հպարտանում է թշնամուն պարտվելով, ապա երկրի պետական պարտքի՝ կառավարելի միջակայքի շեմը անցնելը բացարձակ ցնծության և տոնախմբության հոյակապ առիթ է: Այնպես որ, վերջապետի աշխատակազմի վարիչ նշանակված ԿԳՄՍ Արայիկը կարող է ցնծության տվյալ առիթն օգտագործել, ասենք, զանազան կարաբինաներից սալյուտներ խփելով:

Հա, բայց Ատոմ Ջանջուղազյանը չի բավարարվել սոսկ ուրախանալու առիթ տալով: Նա նաև որոշել է դա լրացնել ծիծաղեցնելու լավ հնարավորությամբ, քանի որ նույն տեղում հայտարարել է, թե առաջիկա 5 տարիներին տնտեսական աճի ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի և ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը իջնի 60 %-ից ցածր միջակայք:

Հա՜, բա ոնց: Շուտով այնպիսի՜ տնտեսական աճ է լինելու, որ արմավիրցի այգեգործներն անգամ չեն հասցնելու իրենց պլանտացիաները ջրել...

Իսկ այ, ՀՀ պարտքը, նույնիսկ առանց ջրելու հասել է 7,9 միլիարդ ԱՄՆ դոլարի, կլորացրած՝ 8 միլիարդի:

Լավ, իսկ ինչո՞ւ է ՀՀ պարտքն այդքան աճել: Առաջին հնարավոր ենթադրությունն այն է, որ նիկոլը պարտքերն ավելացրել է, որպեսզի այդ միջոցներով ճոխ-ճոք ընտրակաշառքներ բաժանի (գյուղտեխնիկա, պրեմիաներ, ինչ-որ անհասկանալի նպաստներ և այլն և ալյն), որպեսզի վերարտադրվի, պարզ ասած՝ պահպանի իր թրքահպատակ «իշխանությունը»:

Դե, իսկ հիմա եկել է պահը՝ հայտարարելու, որ Հայաստանի պետական պարտքը հատել է կառավարելի միջակայքի շեմը: Պարզ ասած՝ մոտեցել է անկառավարելիության վիճակին, որին գիտակները նաև դեֆոլտ են ասում: Իսկ անգետներին բավարար է իմանալ, որ դրան, որպես կանոն, հաջորդում է պետությունը սնանկ կամ անվճարունակ հայտարարելը: Ինչո՞վ հպարտանալու առիթ չէ: Հպարտացե՛ք, ցնծացե՛ք, նիկոլներ...

Այն, որ երկրի պետական պարտքը (լավ է՝ երկրում գոնե մի պետական բան մնացել է, չէ՞) կառավարելի միջակայքի շեմը հատել է, լավ բան չէ:

Բայց մյուս կողմից, Հայաստանում այդ ի՞նչ շեմ է մնացել, որ այս երեք տարվա մեջ նիկոլն ու իր մանկլավիկները շռնդալից չեն հատել:

Մարդկայնության բոլոր հնարավոր ու անհնար շեմերն ու կարմիր գծերը սրանք հատել ու սուրալով անցել են: Մարդկանց գլուխն ուտելու շեմեր է, որ հատել ու անցել են: Ապօրինության ու անպատասխանատվության շեմերի մասին էլ չենք ասում: Ապիկարության և կանխամտածված սրիկայության շեմերն էլ են հատել ու անցել: Ստելու և հասարակությանը խաբելու, կեղծելու շեմերն էլ են տվել-անցել:

Ու ընդհանրապես, Հայաստանը, ցավոք, հատել ու անցել է այն շեմը, որից հետո սկսվում է պետականության լուծարման գործընթացը: Հայաստանը հատել է երկրի չգոյության շեմը, իսկ բնակչությունն էլ հատել է պետականակիր ազգ լինելու շեմը: Առայժմ չի հատել միայն «աղոթած» նիկոլակռապաշտների համբերությունը: Դե, դա անսպառ է, անվերջ, ինչպես տիեզերքն ու մարդկային հիմարությունն են անեզր:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը