Քաղաքական

01.07.2021 08:29


Հետընտրական գործընթացները՝ իրավական ճանապարհով․ «Փաստ»

Հետընտրական գործընթացները՝ իրավական ճանապարհով․ «Փաստ»

«Մինչ իշխանությունները տրամադրված են ընտրությունների արդյունքները վերջնականապես ամփոփելուն, հետընտրական բազմաթիվ գործընթացներ դեռևս առջևում են։ Առաջին հերթին խնդիրը վերաբերում է ընտրական գործընթացի արդյունքները իրավական ճանապարհով վիճարկելու հանգամանքին։ Հարցն այն է, որ ընտրությունների ամփոփումից հետո 5 օրվա ընթացքում մասնակցող քաղաքական ուժերը կարող են դիմել ՍԴ՝ արդյունքները վիճարկելու հիմքով։

Եվ հիմնական ընդդիմադիր ուժերից «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը, որոնք ԱԺ են անցել, հայտարարել են, որ դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքով։ Այս ուժերի կողմից ՍԴ դիմելու փաստն բավական ուշագրավ է, քանի որ այն վկայում է ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքերի առկայության մասին։ Իսկ այդ հիմքերը վերաբերում են զանգվածային ընտրախախտումներին։ Ուշագրավ է, որ, նրանց համոզմամբ, հանրայնացված փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են։ Այսինքն, գործ ունենք տասնյակ հազարավոր, եթե չասենք հարյուր հազարավոր ձայների վիճարկման խնդրի հետ։ Նույնիսկ սովորական քաղաքացու համար է պարզ, որ ընտրությունները շատ հեռու էին արդար ու թափանցիկ լինելու չափանիշներից։

Հատկապես բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ ընտրողների ռեգիստրը չափից շատ ուռճացված էր։ Ընդդիմությունը փաստեր ունի նաև այն մասին, որ եթե ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 49 տոկոսը, ապա այդ մասնակիցների 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել, իսկ սա կարող է ընտրակեղծարարական մեխանիզմների իրագործման գործիք լինել։ Սրան զուգահեռ, արձանագրվել են բազմաթիվ ուղղորդումների, վարչական ռեսուրսի համատարած կիրառման և այլ ընտրախախտումների դեպքեր, որոնք ընդդիմադիր ուժերն, ըստ երևույթին, կկցեն ՍԴ ուղղված իրենց դիմումին։

Փաստորեն շուրջ 200 հազար ձայնի վիճարկումն իր հերթին մեծապես կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա՝ հանգեցնելով առնվազն մանդատների բաշխման փոփոխության։ Այսինքն, պետք չէ բացառել, որ ՍԴ-ի որոշումից հետո իշխանությունները կարող են կորցնել նաև ԱԺ-ում ունեցած տեղերի 3/5-րդը, ինչը հսկայական առավելություններ կտա ընդդիմությանը։ Ի դեպ, հիշենք, որ Փաշինյանն ընտրություններից առաջ ինքնավստահ հայտարարում էր, թե հետընտրական գործընթացներ տեղի չեն ունենալու։ Իսկ սա ի՞նչ է, եթե ոչ հետընտրական գործընթաց։ Մի՞թե Փաշինյանի պատկերացմամբ հետընտրական պրոցեսը միան փողոցն ու բախումներն են: Ընդդիմությունը նման քայլի չի դիմում, քանի որ, ի տարբերություն նույն Փաշինյանի, հաշվի է առնում երկրի շահերը։ Մյուս կողմից՝ Փաշինյանն ընտրարշավի ընթացքում հայտարարում էր, թե իր ձեռքը կկտրի, սակայն թույլ չի տա, որ գեթ մի քվե կեղծվի։ Դե, մենք ամենևին չենք ուզում, որ նա իր ձեռքը կտրի: Բայց դե, հազիվ թե որևէ մեկը այն ժամանակ էլ հավատում էր, որ այս իշխանությունն առանց կեղծիքների կարող է վերարտադրվել:

Չնայած Փաշինյանի այդ որ մի հավաստիացումն ու խոստումն է իրականություն դարձել, որ այս հայտարարությունն էլ իրականություն դառնար։ Իսկ ինչ վերաբերում է հիմնականում Արևմուտքի շահերը սպասարկող մի շարք միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպանների՝ ընտրությունների վերաբերյալ գնահատականներին, ապա զարմանալի չէ, որ նրանք այս անգամ շրջանցում են ընտրախախտումները, չեն ցանկանում խոսել այդ մասին։ Այնինչ, նախկինում, երբ մի փոքր միջադեպ էր գրանցվում, համաշխարհային աղմուկ էին բարձրացնում։ Բազմաթիվ փորձագետների կարծիքով, սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Փաշինյանը հլու ձևով կատարում է արտաքին ուժերի պահանջները։

Իր համար կարևորն իշխանության մնալն է, թեկուզ Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու պայմանով։ Ինչևէ, անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունի ՍԴ-ն, ըստ ընդդիմության ներկայացրած փաստերի, ակնհայտ է, որ այս ընտրությունները, շատ մեղմ ասած, հեռու էին ժողովրդավարական, արդար ու ազնիվ լինելուց: Ի վերջո, մինչ ընտրությունները գրեթե ոչ ոք չէր հավատում, որ ՔՊԿ-ն կարող է 30-35 տոկոսից ավելին ստանալ»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը