Քաղաքական

30.06.2021 16:24


«Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել՝ որպես քաղաքական դերակատար և գտնվել ազատ խոսքի պաշտպանության ներքո»․ դատավճիռ

«Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել՝ որպես քաղաքական դերակատար և գտնվել ազատ խոսքի պաշտպանության ներքո»․ դատավճիռ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի, օրեր առաջ արդարացրել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին, որը մեղադրվում էր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով։ Այս հոդվածը քրեական օրենսգրքում լրացվել է 2020 թվականի ապրիլին։ Դատավոր Դավիթ Բալայանի կայացրած դատավճիռն առաջին դատական ակտն է 226.2 հոդվածով։ Այժմ մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների, որոնց թվում՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, ՎԵՏՕ» նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանին, ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանին, փաստաբան Մուշեղ Շուշանյանին այս հոդվածքով մեղադրանք է առաջադրված։

Ըստ Արամ Հարությունյանի մեղադրանքի՝ վերջինս Youtubе կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տևողությամբ տեսանյութում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն ա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար արի, էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախա ա կորցրել, մարդ կա՝ ընտանիքը, տունն ա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդու ձեռքը բռնել․ եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

Արամ Հարությունյանը դատարանում հայտնել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, որ իր ելույթն, ըստ էության եղել է մտահոգություն՝ կապված երկրի ապագայի, անվտանգության և, իհարկե կոնկրետ վարչապետի վերաբերյալ, որ ելույթի նպատակը եղել է այն, որ վարչապետը հրաժարական տա, և դրանում ոչ թե արդարացրել է բռնությունը, այլ փորձել է կանխել այն: Հարությունյանը հայտնել է նաև, որ ելույթում ինքը հանդես է եկել՝ որպես քաղաքական գործիչ, ինչպես նաև իր ելույթի շարժառիթները քաղաքական են եղել:

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում տեղադրվել է Արամ Հարությունյանի վերաբերյալ դատավճիռը։ Դրանում դատավոր Դավիթ Բալայանը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասին, նշել է, որ «մեղադրական դատավճիռը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում, այլ խոսքով՝ հանցանքի մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձի վերաբերյալ՝ ապացուցման ենթակա յուրաքանչյուր հանգամանքի կապակցությամբ դատարանի հետևությունը պետք է հիմնված լինի ոչ թե գնահատողական դատողությունների, կանխատեսումների կամ կարծիքների, այլ կոնկրետ գործով օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալների վրա: Հղում կատարելով Վճռաբեկ դատարանի հայտնած մի շարք իրավական դիրքորոշումների՝ դատարանն արձանագրել է, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հնարավոր չէ հետևություն անել այն մասին, որ ամբաստանյալ Արամ Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, քանի որ գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց ամբողջության մեջ բավարար չեն՝ ամբաստանյալի անձի անմեղության կանխավարկածը հաղթահարելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Ուսումնասիրելով քրեական գործում առկա մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, և այն համադրելով մի շարք իրավական նորմերի, Վճռաբեկ դատարանի հայտնած մի շարք դիրքորոշումների հետ՝ դատարանն արձանագրել է, որ Արամ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ բացակայում է ենթադրյալ հանցագործության տեղի ու դրա ժամանակի վերաբերյալ նշումը, ինչպես նաև նախաքննության ընթացքում վարույթ իրականացնող մարմնի կողմից, որևէ գործողություն չի կատարվել՝ դրանք բացահայտելու ուղղությամբ, թեև վարույթն իրականացնող մարմնի տիրապետման ներքո առկա են եղել այնպիսի տվյալներ, որոնցով կարելի էր հստակ որոշել և ամրագրել ենթադրյալ հանցագործության տեղն ու ժամանակը: Դատարանն արձանագրել է, որ մեղադրանքը վարույթ իրականացնողը կառուցել է youtube.com ինտերնետային կայքում տեղադրված տեսանյութի հիման վրա, սակայն առկա չեն տեղեկություններ, թե այդ տեսանյութը ով է տեղադրել՝ ինչ նպատակով, ավելին, պարզ չէ, թե Արամ Հարությունյանը տեղյա՞կ է եղել, որ իր ելույթը տեսանակարահանվում է։

«Նման պայամաններում դատարանը գտնում է, որ իրավասու պաշտոնատար անձը, համապատասխան դատավարական փաստաթղթերում, մեղադրանքը ձևակերպելիս սահմանափակվելով միայն քրեական օրենքով արգելված արարքի ընդհանրական նկարագրությամբ, խախտել է Արամ Հարությունյանի պաշտպանության իրավունքը, ինչն անընդունելի է արդար դատաքննության հիմնարար իրավունքի իրացման առումով: Օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ մեղադրանքը չձևակերպելու պայմաններում, մեղադրյալը զրկվել է պատշաճ կերպով իրականացնել իր պաշտպանության իրավունքը, ինչպես նաև չի ապահովվել կողմերի դատավարական իրավահավասարությունը` սեփական դիրքորոշումը հիմնավորելու և մյուս կողմի փաստարկները հերքելու համար: Օրենքով ամրագրված սկզբունքներից թույլ տրված շեղումները հանգեցրել են արդար դատաքննության հիմնարար արժեքի առարկայազրկման»,-ասված է դատական ակտում։

ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասը արգելում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Դատարանը նշել է, որ Արամ Հարությունյանի գործողություններում նրան մեղսագրվող արարքի առկայությունը կամ դրա բացակայությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է նաև անդրադառնալ «Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի» (ՌԱԵՀ) թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնարարականին, ըստ որի՝ «ատելության խոսքի հետ կապված իրավախախտումները չեն կարող օգտագործվել՝ պաշտոնական քաղաքականությունները կամ կրոնական համոզմունքները թիրախավորելու համար: Ազատ արտահայտվելու իրավունքը շատ կարևոր է ժողովրդավարական գործընթացների համար, և քաղաքացիները պետք է ազատ լինեն առանց հետապնդման ենթարկվելու վախի արտահայտել իրենց քաղաքական տեսակետները: Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար»։

Դատարանն արձանագրել է, որ ատելության խոսքի թիվ 15 հանձնարարականում ՌԱԵՀ-ը գտնում է, որ ատելության խոսքի դրույթները պետք է օգտագործվեն մարդկանց՝ անհատներին կամ անհատների խմբերին պաշտպանելու, այլ ոչ թե քաղաքական հետապնդման, քաղաքական ընդդիմախոսության ճնշման, քաղաքական քննադատությունները ճնշելու նպատակով:

Այս հարցի շրջանակներում դատարանը հարկ է համար անդրադառնալ նաև Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին:Համաձայն ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում։
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածով առավելապես պաշտպանված խոսքի տեսակը քաղաքական խոսքն է՝ քաղաքական իրադարձությունների մասին հանրային դիսկուրսը, հանրային բաց բանավեճը: Դա ժողովրդավարության պահանջն է՝ քաղաքական իրադարձությունների մասին խոսքը պետք է առավելապես պաշտպանված լինի արտահայտվելու ազատության իրավունքով, քանի որ քաղաքական իրադարձությունների մասին ինֆորմացիայի ազատ հոսքը անհրաժեշտ է ժողովրդավարական համակարգի կայացման համար: Հետևաբար, քաղաքական խոսքի համատեքստում ասված վիավորական, ցնցող և անհանգստություն պատճառող խոսքը չի կարող արգելվել ու դրա համար պատասխանատվություն սահմանվել, եթե դա ատելություն, անհանդուրժողականություն և բռնություն հրահրող խոսք չէ, այլ վիավորական և ցնցող, սադրող խոսք է:

Դատարանը հղում է կատարել նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներից մեկին։ Խոսքը «Ֆարուք Տեմելն ընդդեմ Թուրքիայի» գործի մասին է։ Այս գործով դիմումատուն, ով կուսակցության նախագահ է, կատարել է հրապարակային հայտարարություն կուսակցության ժողովի ժամանակ, որը տարածվել է լրատվամիջոցների կողմից: Հայտարարությունում խստորեն քննադատվել է Միացյալ Նահանգների քաղաքականությունը, մասնավորապես, Իրաք ներխուժելու և Աբդուլլա Օջալանին մենախցում բանտարկելու համար, այդ թվում՝ նաև ձերբակալված մի շարք անձանց անհետացման փաստերի հիմքերով։ Այդ հայտարարությունից հետո դիմումատուի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, և նա դատապարտվել է բռնության պրոպագանդա տարածելու համար, մասնավորապես՝ այն բանի համար, որ հրապարակայնորեն արդարացրել է բռնության կիրառումը և ահաբեկչական գործողությունները։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև դիմումատուն փաստարկել է, որ խախտվել է իր արտահայտվելու ազատության իրավունքը։ Եվրոպական դատարանը որոշել է, որ քրեական հետապնդումը և դատապարտումը հանգեցրել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտմանը։ Դատարանը հատկապես մատնանշել է, որ դիմումատուն ելույթ է ունեցել՝ որպես քաղաքական դերակատար և ընդդիմադիր քաղաքական կուսակցության անդամ՝ ներկայացնելով իր կուսակցության հայացքներն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ։

Դատարանը եզրահանգել է, որ նրա ճառը, իր ամբողջության մեջ, չէր հրահրում այլ անձանց դիմել բռնության, զինված դիմադրության կամ ապստամբության և որպես այդպիսին ճառը ատելության խոսք չէր կարող համարվել, հետևաբար, գտնվում էր ազատ խոսքի պաշտպանության տակ։ Եվրոպական դատարանը նաև հաշվի է առել, որ ազգային դատարանները դատաքննության ընթացքում չէին հետազոտել.

1. հոդվածի տեստն իր ամբողջության մեջ՝ հոդվածի քաղաքական համատեքստը,
2. չէին գնահատել դիմումատուի անձը (նրա քաղաքական գործիչ լինելու հանգամանքը, ինչպես նաև, որ նա երբեք բռնության կոչեր նախկինում չէր տարածել, և այլն),
3. չէին հետազոտել հայտարարության կատարման տեղի և ժամանակի վերաբերյալ փաստերը (հայտարարությունը կատարվել էր մամուլի ասուլիսի ժամանակ, լարված քաղաքական իրավիճակի ներքո),
4. չէին հետազոտել հոդվածի ուղերձները (դրանք անհանդուրժողականության, խտրականության, ատելության, թշնամության և բռնության ուղերձներ չէին, այլ՝ քաղաքական քննադատություն),

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ հոդվածը չէր հանդիսանում ուժի, բռնության, ահաբեկչության պրոպագանդա, որ այն չէր արտահայտում իռացիոնալ ատելություն, հետևաբար, դիմումատուի դատապարտումը պայմանավորված չէր «սուր հասարակակական անհրաժեշտության» պահանջով։

Դատարանը սահմանել է, որ պետության դոմինանտ կարգավիճակը ստիպում է պետությանը ցուցաբերել զսպվածություն քրեական հետապնդումը՝ որպես իրավական պաշտպանության միջոց ընտրելիս, քանի որ ժողովրդավարական պետությունում իշխանությունները պետք է քննադատությանը հանդուրժող լինեն, հատկապես տվյալ նորմերի նպատակն է մարդուն, այլ ոչ թե գաղափարները, քաղաքականություններ, քաղաքական համակարգեր պաշտպանելը:

Վերը նշված ՄԻԵԴ որոշումն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթները ներկայացնելուց հետո դատավոր Դավիթ Բալայանը դատական ակտում նշել է, որ Հայաստանի Uահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մաuի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Հետևաբար՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված սկզբունքը և այդ կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշումները գերակա են ՀՀ ներպետական օրենսդրությունից ու ենթակա են պարտադիր կիրառման:

Այսպիսով, հիմք ընդունելով վերը շարադրված միջազգային փաստաթղթերում առկա իրավական դիրքորոշումները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, դրանք համադրելով Արամ Հարությունյանի գործի փաստական հանգամանքների հետ՝ դատարանը եզրահանգել է, որ Արամ Հարությունյանի ելույթը, իր ամբողջության մեջ, չի կարող համարվել բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, և որպես այդպիսին՝ նաև ատելության խոսք: Դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ Արամ Հարությունյանը ելույթ է ունեցել որպես քաղաքական դերակատար և ընդդիմադիր քաղաքական կուսակցության նախագահ՝ ներկայացնելով իր կուսակցության հայացքները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հանրային նշանակության քաղաքական հարցերի վերաբերյալ, հետևաբար գտնվել է ազատ խոսքի պաշտպանության ներքո:

«Վերոշարադրյալի բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ չի հաստատում կոնկրետ գործով ապացուցման առարկան՝ Արամ Հարությունյանի կողմից քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր հնչեցնելը:

Հետևաբար նախաքննական մարմնի հետևությունները հիմնված չեն գործով ձեռք բերված ապացույցների բավարար ամբողջության վրա, այլ հակասում են դրանց, ուստի հիմնավորված ու պատճառաբանված չեն դատական նիստի ժամանակ մեղադրողի այն դիրքորոշումը, որ Արամ Հարությունյանի առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է դատաքննությամբ հետազոտված ապացույցներով և այն ճիշտ է որակված»,-գրել է դատավորն ու Արամ Հարությունյանին արդարացրել՝ արարքում հանցակազմի բացակության հիմքով։

Այս խորագրի վերջին նյութերը