Քաղաքական

30.06.2021 16:11


«Ռուսական զորքը գալու է, գյուղում տեղ ենք հատկացրել․ 2 օր էլ սպասենք ու սկսենք մեր խոտը քաղել»․ Կութի համայնքապետ

«Ռուսական զորքը գալու է, գյուղում տեղ ենք հատկացրել․ 2 օր էլ սպասենք ու սկսենք մեր խոտը քաղել»․ Կութի համայնքապետ

«Դիմել ենք մեր կորպուսին, պատասխանել են՝ մի քանի օր սպասեք, զորք պետք է ավելացնենք, ու դուք ձեր խոտը կքաղեք,-168.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը, ապա հավելեց,-Կորպուսից (ՊՆ) եկան, նայեցին, գծագիր գծեցին, թե որ տարածքներում են ադրբեջանցիները մոտիկ նստած, որ խոտհարքները չպետք է օգտագործվի, լրիվ դրանք գրեցին ու գնացին, մի 2 օր էլ սպասենք ու սկսենք մեր խոտը քաղել»։

Գյուղապետի խոսքով՝ Կութի ամբողջ խոտհարքն այս պահին գտնվում է հակառակորդի նշանառության տակ, չհաշված, որ մայիսին այնքան են առաջացել Կութի ուղղությամբ, որ գյուղի խոտհարքից 40-45 հեկտար մնացել է թշնամու տրամադրության տակ․

«Այդ 40-45 հեկտարին էլ պայմանագիր կար կնքած, տերերը պայմանագիր կնքած օգտագործում էին մինչև հիմա, բայց արդեն մնացել է ադրբեջանցիների տրամադրության տակ, այդտեղ վարելահողեր էլ կա, խոտհարք էլ կա։ Իսկ այն խոտհարքները, որ հիմա պետք է քաղենք, մոտ 300 հեկտար կլինի, ու ամբողջը ադրբեջանցիների դիտարկման տակ է․ մեր խոտհարքներն ամբողջությամբ այդտեղ են»։

Կութի գյուղապետը տեղեկացրեց, որ շուրջ 2 շաբաթ առաջ գյուղում տեղ են հատկացրել ռուս խաղաղապահների կեցավայրի համար, հիմա հույս ունեն, որ նրանց տեղակայվելուց հետո գյուղացին կկարողանա խոտը քաղել․

«Ռուսական զորքը գալու է, 10 օր առաջ եկել են, տեղ ենք հատկացրել, ցույց ենք տվել, ասացին՝ 15 օրից պետք է գան, այստեղ պոստ դնեն․․․ Ասել են՝ ադրբեջանցիները՝ մի քիչ հետ, մերոնք՝ մի քիչ այս կողմ, ռուսն էլ իրենց արանքում պետք է կանգնի ոնց որ։ Ռուսները տեղակայվելու են գյուղի վերևում, որ գյուղը վերջանում է՝ դեպի սարերը, այնտեղ իրենց վագոն-տնակները պետք է տեղադրեն»։

Սիմա Չիտչյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք իշխանությունները կատարե՞լ են իրենց խոստումը, հունիսի 5-ին ադրբեջանցիների գողացած անասունների համար փոխհատուցում տրամադրվե՞լ է գյուղացիներին․

«Ոչ մի բան հլա որ չկա, ոչ մի տեղեկություն․․․ Ինչ-որ հանձնաժողով պետք է գա, նայեն, տեսնեն՝ ինչ են որոշում, հլա որ ոչ մի բան չկա»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը