Կարծիք

17.04.2009 15:58


I said, baby, you're out of time (մաս 2)

I said, baby, you're out of time (մաս 2)

            Ի՞նչ է նշանակում ժամանակից դուրս գտնվելը: Կարելի է ֆիզիկապես ապրել այսինչ տարում, բայց պատմահոգեբանական տեսակետից գտնվել մի այլ ժամանակաշրջանում: Ժամանակը կարող է դոփել տեղում, կամ նույնիսկ հետ հոսել: 2000-ականները Հայաստանում այդպես էլ չսկսվեցին: Տեր-Պետրոսյանի նախագահության երկրորդ կեսից (ավելի կոնկրետ 1996-ի սեպտեմբերի 25-ից. թյուրըմբռնումներ չառաջացնելու համար, նշեմ, որ միշտ էլ կրողն ու արտահայտիչն եմ եղել այս դեպքերի նկատմամբ վերաբերմունքի), և մանավանդ 1999 հոկտեմբերի 27-ից հետո ժամանակը Հայաստանում կանգ առավ' մի պահ ստեղծելով ոմանց մոտ կայունության և ծաղկման պատրանք (տարբեր մարդիկ՝ տարբեր կենդանիներին հիշեցնող հոգեբանական տիպի կրողներն են. դրանց թվում քիչ չեն «գորտերը», որոնց համար ճահիճը դրախտ է, և նրանք դա գովաբանում են որպես «կայունություն»):  

2008-ի փետրվարի վերջին տաս օրերին պատմական ժամանակը նորից վերադառնում էր Հայաստան, ընդ որում հենց նույն անձի ակտիվ «կուռատորությամբ», որի ղեկավարման ընթացքի որոշակի կետից, ինչպես նշեցի, ժամանակի բնական հոսքը դանդաղացրել էր իր ընթացքը: Ժամանակի մրրիկաձև շրջանակը ձեւավորվում էր Ազատության Հրապարակում, որպեսզի հետո տարածվեր Հայաստանով մեկ, եւ նոր' միանգամայն անսպասելի հեռանկարներ բացեր: Սակայն 2008-ի մարտի մեկից ժամանակը ոչ միայն կրկին կանգ առավ, այլեւ սկսեց իր հետընթացը (խորքային կապ կա սեպտեմբերի 25 - հոկտեմբերի 27 - մարտի 1 շղթայի միջեւ): Այժմ Հայաստանը շարժվում է ներկայից' անցյալ: Ավելի շուտ Հայաստանը բաժանվել է երկու մասի: Մի մասը ներկայացնում է ապագա ազատ Հայաստանի սաղմը, մյուսը անդառնալիորեն մնացել է անցյալում' մոտավորապես 2007-ի ամռանը, որի պատճառով էլ բացարձակ ի զորու չէ կողմնորոշվել ներկայում եւ հայտնվում է պերմանենտ ցայտնոտում' զուրկ է ճշգրիտ վերլուծության և կանխատեսման կարողությունից: Այս բաժանումը, թեեւ կապ ունի այսպես կոչված «լևոնական»-«հակալևոնական» քաղաքական բաժանման հետ, բայց չի համընկնում նրա հետ:

            Ընդհանուր առմամբ մենք ապրում են անավարտ 90-ականներին: Որովհետեւ 90-ականներին դրված խնդիրները այդպես էլ լուծում չստացան: Հնարավոր է, որ 90-ականներին դրանք չլուծվեցին մեծապես օբյեկտիվ պատճառներով' պատերազմ, տնտեսական փլուզում եւ այլն, բայց 2000-ականներին դրանց չլուծվելն արդեն զուտ կամքի բացակայության հարց էր, հետեւաբար' հանցագործություն: Ներկա իշխանության ներկայացուցիչների հղումները 90-ականներին ոչ թե մեղմացուցիչ, այլ հանցանքը խիստ ծանրացնող հանգամանք են: Եթե 90-ականներին ինչ որ բան այնպես չի եղել, ապա հաստատ առիթ չէ նույնը կրկնել և տասնապատիկ խորացնել:

Ժամանակից դուրս գտնվելը ավելի պարզ կոչվում է հետամնացություն: Որեւէ երևույթ արժեքավորվում է իր ժամանակվա հարազատ միջավայրի կոնտեքստում: Ասենք 1937 թ-ի հետ համեմատած՝ այսօրվա Հայաստանը գերազատ երկիր է, բայց 21-րդ  դարի առաջին տասնամյակի միջավայրում մենք բռնակալություն ենք:  

Քրիսոտենական ավանդույթի վրա հիմնված քաղաքակրթությանը բնորոշ է ժամանակի մասին ուրույն պատկերացումը: Քրիստոնեական աստվածաբանությունը առաջ քաշեց ժամանակի ուղիղ սլաքի, առաջընթացի գաղափարը՝ ի հակադրություն հեթանոսական-առասպելաբանական ցիկլիկ ժամանակի անվերջ կրկնության: Քրիստոնեությունը բացեց ժամանակի մինչ այդ փակ շղթան: 4-5-րդ դարում առաջացավ «մոդեռն» (արդիականություն) հասկացողությունը, որով իրենք իրենց էին կոչում Հռոմեական կայսրության մեծ քաղաքաների քրիստոնյա բնակիչները՝ ի հակադրություն գյուղերում պահպանվող հեթանոսների (լատիներեն' pagan-արմատը, որը այդ ժամանակ նշանակում էր' «գեղցի» եւ «հեթանոս» միաժամանակ): Այդ ժամանակվանից ի վեր «արդի», «ժամանակակից» բառը ստացավ դրական երանգավորում, գրեթե նույնացավ «լավի» հետ: (Ի դեպ հայերենում էլ «արդին» եւ «արդարը» նույն արմատից են ծագում. տես Աճառյանի Արմատական բառարանը): 18-19 դդ-ից սկսած «արդի» բառի այդ իմաստը նոր վերածնունդ ու տարածում ստացավ: Նոր Ժամանակաշրջանում «արդի» լինել՝ նշանակում է «ճիշտ» լինել:

            «Արդին» կամ նույն ինքը' ներկա ժամանակը, ձևակերպվում է քաղաքակրթական եւ քաղաքական համաշխարհային կենտրոններում' «մետրոպոլիաներում»: Մյուսներն իրենց ժամանակը սկսում են չափել ըստ այդ «ժամացույցի»: Բայց դա չի նշանակում, որ կենտրոնների ժամանակը փոխառել փորձողները ընկնում են կախյալ վիճակի մեջ: Պարադոքս է, բայց ժամանակակից, այսինքն համաշխարհային կենտրոնների ձևակերպված ժամանակին համահունչ լինելը՝ ապահովում է «արդիականությունը» փոխառող երկրի անկախությունը, իհարկե, եթե փոխառումը, այսպես ասած, «ճիշտ» կերպով է կատարվում: Հակառակը' «ուրույն ուղու» և «պապական ավանդույթի» պաշտպանության անվան տակ հետամնացության ճանապարհն ընտրելը և արդիականացումից հրաժարվելը հանգեցնում է անկախության կորստին: Համաշխարհային կենտրոնները հենց իրենք են հաճախ շահագրգռված այլոց ժամանակավրեպությամբ և կեղծ ավանդապաշտությամբ՝ նման տարածքները նորգաղութային տիպի կախման մեջ պահելու ակնկալիքով: Կա նաև ժամանակի «փոխառման», ժամանակակից երևալու կողծ ձևը, երբ արդիականության անվան տակ փոխառվում է «գլամուրային բոզությունը» (խիստ ավանդապաշտները շատ արագ են վերափոխվում լպիրշ բոզերի): Սա ժամանակակից երևալու գավառական տարբերակն է, որը միայն քողարկում է իրական հետամնացությունը և գաղութականությունը:

            Ժամանակից դուրս գտնվողը կորցնում է իր անկախությունը: Նրա փոխարեն որոշումները կայացնում են ուրիշները, և նա վերածվում է գաղութի: Այս իմաստով, կարևորվում են, ի դեպ, երևանյան առաջիկա ընտրությունները: Եթե Երևանը, այսինքն և Հայաստանը հավակնում է մետրոպոլիայի (բառիս բուն իմաստով' մայրաքաղաքի), այսինքն սեփական ժամանակը արտադրող կենտրոնի կարգավիճակի, ապա Երևանի քաղաքապետարանի ընտրություններն ստանում են խիստ քաղաքական նշանակություն, իսկ եթե Երևանը միայն ձևականորեն անկախ, իսկ իրականում ոչինչ չորոշող երրորդ աշխարհի երկրի վարչական կենտրոն է, ապա ընտրությունների քաղաքական արժեքը զրոյական է: Զիբիլ հավաքող քաղաքապետը հենց այն է, ինչ պետք է գաղութի վարչական կենտրոնին: Ի դեպ ասֆալտ փռող, բարձահարկ շենքեր ու սրճարաններ բացող նախագահը նույնպես:

            Այսօր մեր իշխանությունը փորձում է գնալ պատմական գետի հոսքին հակառակ: Եթե ավելի խորը վերլուծենք, ապա իրական ընդդիմությունը այսօր հենց Հայաստանի իշխանությունն է, այնքանով որքանով նա ընդդիմանում է ներկայի հրատապ պահանջներին: Իշխանությունը փորձում է հաստատել պարզունակ բռնակալական կարգեր, որոնք միևնույն է դատապարտված են մի օր կործանվելու: Որքան հետաձգվում է այդ տապալումը, այնքան ավելի մեծ է լինելու գինը, որը վճարելու ենք բոլորս: Կառավարությունը պատմականորեն դատապարտված է, որովհետեւ այն ինչ նա փորձում է վերարտադրել, աշխարհի կողմից արդեն վաղուց անցած փուլեր են եւ մեթոդներ: Դրանց արդյունքը հայտնի է: Ուշ թե շուտ՝ բռնակալությունը տապալվում է: Բայց դա չի հետաքրքրում ժամիշխաններին, որովհետեւ նրանք սովոր են միայն այսօրվա օրով մտածել, որով և դուրս են իրական քաղաքականությունից: Դրա համար օրվա ժաիմշխանությունը պատմականորեն իռացիոնալ համակարգ է: Դա է պատճառը, որ իրավիճակի իրատեսական և բանական վերլուծությունը նրա ուժերից վեր է, նույնիսկ եթե այդ նպատակի համար նա հավաքագրի լավագույն մասնագետների:

            Պատմությունից դուրս գտնվող համակարգը հեշտ է ճանաչել նրա մի քանի էական դրսևորումների շնորհիվ: Դրանցից են' պերմանենտ ստախոսությունը, կեղծիքը, մտքի, խոսքի եւ գործի հակատրամանաբանական, անհոդաբաշխ, բանսարկու բնույթը: Պատմության ընթացքի հակառակ գնացողը չի կարող չկեղծել, վիրտուալ իրականություն չստեղծել, խոսքի ազատությունը չսահմանափակել, չիմիտացնել: Դա կենսական անհրաժեշտություն է նրա համար, որը նրա կամքից դուրս է: Նույնիսկ ազնիվ, կրթական ցենզ և բնածին ինտելեկտ ունեցող անձնավորությունը, հայտնվելով այդ համակարգի մեջ, չի կարող հիմարություններ դուրս չտալ, չխաբել, առողջ բանականության հետ անհամատեղ քայլեր չձեռնարկել: Պատմականորեն իռացիոնալ համակարգի գլխավոր փաստարկը դառնում է բռնի ուժը և լկտիությունը: Երբ մի քանի օր առաջ Տիկնիկային թատրոնի մոտից ինձ քշող ոստիկանին հարցնում էի, թե ինչո՞ւ պետք է տեղիցս շարժվեմ, նրա միակ պատասխանն էր' «որովհետև»: Սա է լավագույնս խորհդանշում մեր իշխանության ողջ էությունը: Որեւէ հարցի բանական պատասխան նա չունի, բացի այդ օլիգոֆրենիկ, լկտի ու միաժամանակ ծիծաղելի «որովհետևից»: Նվաստացուցիչ է արդյո՞ք, որ իմ քաղաքի փողոցներում առանց որևէ հիմնավորման ինձ հրում է ոստիկանը, իմ փոխարեն որոշելով, թե որտե՛ղ ես պետք է գտնվեմ: Համենայն դեպս դա պակաս նվաստացուցիչ չէ, քան նման «օպերացիաներ» իրականացնող կառավարության վարչապետ կամ նախագահ լինելը:  

Սերժ Սարգսյանը կարող էր ասուլիս չտալ: Իմ համար նրա ասուլիսը, հիշյալ ոստիկանի «որովհետևն» է: Ընտրությունները կեղծելը, դատավարությունները ֆարսի վերածելը, հոգեկան հիվանդներին դատարաններում որպես վկա օգտագործելը, մամլո ասուլիսների հարց ու պատասխանները նախօրոք անգիր անելը, տնտեսական բարեփոխումներ իմիտացնելը, խանութները փակելը (ընդ որում՝ ՀԴՄ կտրոնի չտալու պատմութունը աշխատողների վրա նենգորեն սարքելով), բանավեճի մեջ մտնելու փոխարեն՝ իշխանամետ մամուլով հայհոյելը, երկրին իրապես հուզող խնդիրների բարձրաձայնելուն ի պատասխան՝ արհեստական օրակարգ և վիրտուալ խնդիրներ առաջ քաշելը (հրեա-մասոնական դավադրություն, «գունավոր հեղափոխություն», ՀԴՄ-ներ)' սա է պատմությանը հակառակվելու անխուսափելի արդյունքը: Այս համակարգը ապագա չունի և չի կարող ունենալ: Ցանկացած վերլուծություն նրա օգտին՝ դատապարտված է ձախողման:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Տես նաև ...

Այս խորագրի վերջին նյութերը