Լրահոս

30.06.2021 10:36


Բացահայտվել է շորթմամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ

Բացահայտվել է շորթմամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով մարդու և քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մասնավորապես՝ սեփականության իրավունքը հանրորեն վտանգավոր ոտնձգություններից պաշտպանելու գործելաոճին, հետևողական պայքար մղելով սեփականության, տնտեսության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, միավորվելով և գալով նախնական համաձայնության, տեղեկացված լինելով, որ ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշեր չի տրամադրվում, փոխարենը՝ համարանիշերի վերականգման համար սեփականատերերը պարտավոր են կրկին հաշվառման համարանիշի արժեքի չափով վճարում կատարել պատկան մարմիններին, որոշել են օգտվել այդ հանգամանքից և մշակել են շորթմամբ ուրիշի գույքի հափշտակության հանցավոր մեխանիզմ և դրա հաջող իրագործման համար կատարել դերերի բաշխում:

Մասնավորապես.

Հանցակցությամբ գործող անձինք որոշել են գիշերային ժամերին գաղտնի տիրանալ Երևան քաղաքի տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների մեծ պահանջարկ ունեցող, սովորականից թանկ հաշվառման համարանիշերին, ավտոմեքենաների դիմապակիներին թողնել իրենց կողմից օգտագործվող «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված օգտանունները, իսկ ապօրինի տիրացած տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը թաքցնել ավտոմեքենաների կայանման մոտակայքում գտնվող, այլ անձանց համար անտեսանելի թաքստոցներում: Տրանսպորտային միջոցների սեփականատերերի կողմից իրենց հետ կապ հաստատելու դեպքում թանկարժեք հաշվառման համարանիշերը վերադարձնելու դիմաց հանցավոր խմբի անդամները ներկայացրել են գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այն է՝ գումարներ փոխանցել կանխիկացման հնարավորությամբ օժտված կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին՝ սպառնալով չհամաձայնելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել այդ համարանիշերը:

Հանցավոր մեխանիզմի գործադրման արդյունքում հիշյալ անձինք 2021 թվականի ապրիլից մինչև հունիսը ընկած ժամանակահատվածում ապօրինի, գաղտնի տիրացել են Երևան քաղաքում կայանված մի քանի տասնյակի հասնող ավտոմեքենաների՝ սովորականից թանկ՝ 250.000 ՀՀ դրամ և ավելի արժողությամբ զույգ համարանիշերին, որից հետո իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներին ստիպել են իրենց կողմից նշված կրիպտոարժութային հասցեից գնել կրիպտոարժույթ և փոխանցել իրենց թվային արժույթի դրամապանակներին, որպիսի գործողությունները կատարելուց հետո կարճ հաղորդագրություններով սեփականատերերին տեղեկացրել են, թե որտեղ են թաքցրել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը:

Հերթական հանցավոր մտադրությունն իրագործելու ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հանցավոր խմբի անդամների ինքնությունները, և նրանք բռնվել ու բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է երկու անձ: Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Քրեական գործով կատարված բազմաթիվ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված անհերքելի ապացույցների բավարար համակցությամբ՝ նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է նմանօրինակ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած լինելու դեպքում, նախքան հանցավորների հետ բանակցությունների մեջ մտնելը, այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ իրավապահ մարմիններին՝ արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու և Հայաստանի Հանրապետությունում նույն հանցավոր սխեմայով գործող այլ խմբավորումները բացահայտելու նպատակով:

Միաժամանակ, տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ում հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո ավտոմեքենաների դիմապակիներին թողնվել են «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված «@RR407», «LIMONA 001» և «DUDI 001», «CRIMINAL NIGHT», «Թութան Համոն» անվամբ էջերի տվյալները, առաջարկվում է այդ մասին հայտնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց պատճառված գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը