Քաղաքական

28.06.2021 16:51


Ինչո՞ւ է Ալբերտ Հովհաննիսյանի մայրը հրավիրվել ՀՔԾ. մանրամասնում է փաստաբանը (տեսանյութ)

Ինչո՞ւ է Ալբերտ Հովհաննիսյանի մայրը հրավիրվել ՀՔԾ. մանրամասնում է փաստաբանը (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը՝ Մանիկ Աճեմյանը, այսօր՝ հունիսի 28-ին, որպես վկա հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին վերաբերվող քրեական գործով հարցաքննության։ Նշենք, որ Մանիկ Աճեմյանն աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

«Որդու կորուստը նրա վրա անասելի հետք թողեց։ Տիկին Աճեմյանը գտնվում է հուզական գերլարված վիճակում։ Այնուամենայնիվ, տիկին Աճեմյանի վերաբերմունքն այնպիսինն է, որ նա հարգում է օրենքի պահանջը և անպայման կատարելու է իր վրա դրված օրենքի պարտականությունը, մասնավորապես՝ վկայի կարգավիճակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Պարզապես, հաշվի առնելով, որ հարգելի պատճառներով ինքը չի կարող ներկա լինել հարցաքննությանը, անհրաժեշտ համարեցինք անձամբ ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին առավել հանգամանալից տեղեկատվություն տրամադրելու համար»,-NEWS.am–ի հետ զրույցում նշեց Մանիկ Աճեմյանի փաստաբանը՝ Արթուր Նահապետյանը։

Հարցին, թե արդյոք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի այլ բուժաշխատողներ ևս հրավիրվել են հարցաքննության, թե ոչ, փաստաբանը նշեց, որ այդ առումով տեղեկություն չունի․ «Չեմ բացառում, որ այլ աշխատակիցների ևս հրավիրած լինեն»։

Հիշեցնենք, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսորԱրմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա մեկ ամսով կալանավորվել է։

Այս խորագրի վերջին նյութերը