Քաղաքական

28.06.2021 14:26


«Խոտ հնձելու ժամանակ թշնամին բան չի ասել, բայց երբ փորձել են խոտը հավաքել, կանգնել են իրենց բնագծի վրա, ասել են՝ մեր տարածքն է, ավել-պակաս խոսել են». Տեղ համայնքի ղեկավար

«Խոտ հնձելու ժամանակ թշնամին բան չի ասել, բայց երբ փորձել են խոտը հավաքել, կանգնել են իրենց բնագծի վրա, ասել են՝ մեր տարածքն է, ավել-պակաս խոսել են». Տեղ համայնքի ղեկավար

Հունիսի 27-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում հերթական միջադեպն է գրանցվել՝ թշնամին սպառնացել է խոտհունձ անող բնակիչներին և արգելել է հավաքել իրենց հնձած խոտը։ Այս միջադեպի մասին տեղեկացրել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որի վերաբերյալ հայտարարություն էր տարածել։

«Երեկ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը:

Մասնավորապես, 2021թ. հունիսի 26-ին Տեղ գյուղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք, որպեսզի հավաքեն հունիսի 23-ին և 24-ին իրենց իսկ հնձած խոտը: Միջադեպը տեղի է ունեցել Անդրուն քարեր կոչվող վայրում, որը գտնվում է Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման կետում: Այդ վայրի հողատարածքներից օգտվում են նշված երեք գյուղի բնակիչները:

Այդտեղ առկա են ինչպես մարդկանց մասնավոր սեփականության իրավունքով, այնպես էլ համայնքներին պատկանող հողամասեր: Այստեղ առկա են նաև արոտավայրեր, որոնք օգտագործում են նշված երեք գյուղերի բնակիչները՝ իրենց եղջերավոր կենդանիներին արածեցնելու համար»,-գրել էր Արման Թաթոյանը:

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղը, որն այսօր թշնամու դիրքերից 300 մետր հեռավորության վրա է, փորձում է անվտանգ կազմակերպել խոտհունձքը։

168.amի հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ասաց, որ իրենց հաջողվել է հարթել միջադեպը, և այս պահին գյուղացիները շարունակում են խոտ հնձել։

«Երեկ առավոտյան քաղաքացիներից ահազանգ եմ ստացել, ասել են, որ մեկ օր առաջ դաշտ են բարձրացել խոտը հավաքելու, հնձելու ժամանակ թշնամին բան չի ասել, բայց երբ փորձել են խոտը հավաքել, նրանք իրենց դիրքերից իջել են, բայց չեն մտել մեր տարածք, կանգնել են իրենց բնագծի վրա ու ասել են՝ դա մեր տարածքն է, ավել-պակաս խոսել են։ Քաղաքացիներին ասել եմ՝ սպասեք՝ մենք կգանք, կկանգնենք, դուք խոտը կհավաքեք։ Դրանից հետո դիմել եմ բանակային կորպուսի հրամանատարին, արագ արձագանքել է, ու միանգամից գնացել ենք դաշտ, բնակիչները եկել, իրենց խոտը հավաքել, կապել ու տարել են։ Միայն դրանից հետո ենք մենք դաշտից իջել»,-նշեց Ներսես Շադունցը։

Ըստ նրա, համայնքում կան տեղեր, որտեղ առանց որևէ խնդրի բնակիչները կարողանում են իրենց խոտը հավաքել։

«Թշնամու մոտել հերթափոխ է կատարվում, այնպես է լինում, որ նրանց մեջ լինում են մարդիկ, որոնք իրենց ադեկվատ չեն պահում, հիմա այդ պահին այդպես է ստացվել, մենք գնացել-կանգնել ենք, բնակիչներին ասել ենք՝ խոտը հավաքեք, տարեք։ Մեր բնակիչների մեջ վախ չկա, իրենք հանգիստ գնում են իրենց գործին, հնարավոր է՝ լարվածություն լինի, բայց վախ չկա։ Դե, ինչ վախենան, թուրքն ո՞վ է, որ մենք էլ նրանից վախենանք»,-հավելեց նա։

Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին էլ խոտհունձը շարունակվում է, դեռ մեկ ամիս էլ կշարունակվի, համայնքի տարբեր գյուղեր տարբեր օրերի են խոտը հնձում։

Այս խորագրի վերջին նյութերը