Լրահոս

17.04.2009 15:22


Ներքաղաքային տրանսպորտը Գյումրիում թանկացավ

Ներքաղաքային տրանսպորտը Գյումրիում թանկացավ

Այսօրվանից գյումրեցիները ներքաղաքային ավտոբուսներով երթևեկելու համար 50 դրամի փոխարեն ստիպված  են վճարել 70 դրամ: Որոշումը կայացրել է Գյումրու քաղաքապետարանը: Քաղաքապետարանի լրատվության բաժնի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը նշել է, որ ավտոբուսային երթուղիները սպասարկող ՍՊԸ-ները պահանջ են ներկայացրել սակագների բարձրացման վերաբերյալ: Հիմնավաորումը, ըստ Լիլիթ Աղեկյանի, եղել է գազի և ավտոպահեստամասերի բարձր գինը՝ ինչն անշահավետ է դարձնում ավտոբուսային երթուղիների սպասարկումը:

-Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքը՝ քաղաքապետարանն ընդառաջել է երթուղիները սպասարկող ՍՊԸ-ներին և հավանություն տվել սակագների բարձրացմանը:

Նա չբացառեց, որ մոտ ապագայում կբարձրանա նաև երթուղային տաքսիների սակագինը։

Իսկ թե ինչու՞ դա չի արվել ապրիլի մեկից՝ գազի գների թանկացումից անմիջապես հետո, Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնի պատասխանատուն նշեց, թե, քաղաքապետ Վրադան Ղուկասյանին «խաթր» անելով, տվյալ ՍՊԸ-ները չեն գնացել սակագների թանկացման:

Ավտոբուսների սակագների թանկացումը բավական մեծ դժգոհություն է առաջացրել գյումրեցիների շրջանում. «Մի երկու կոպեկ թոշակ-նպաստ են բարձրացնում, աչք խաբում, հետո ինչ կա-չկա թանկացնում են»,- առավոտյան բողոքում էր ավտոբուսների ծառայութոյւնից պարբերաբար օգտվող քաղաքացիներից մեկը:

50 տարեկան մի կին էլ տարբերակ առաջարկեց, որով, ըստ նրա, կարելի էր խուսափել թանկացումից. «Թող քաղաքապետարանը էդ վարորդներից քիչ հարկ վերցնի, քիչ «ուտեն», տոմսն էլ 50 դրամ կմնար»:

Նշենք, որ ավտոբուսներից Գյումրիում օգտվում են հիմանկանում թոշակառու և անապահով խավի ներկայացուցիչները:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը