Քաղաքական

25.06.2021 16:54


«Ես գոնե 10 փաստաբան գիտեմ, որոնք ցանկացած պահի կգնան Բաքու․ եթե մեզ կդիմեն, պատրաստ ենք գնալ և օգնել մեր տղաներին». Հայկ Ալումյան

«Ես գոնե 10 փաստաբան գիտեմ, որոնք ցանկացած պահի կգնան Բաքու․ եթե մեզ կդիմեն, պատրաստ ենք գնալ և օգնել մեր տղաներին». Հայկ Ալումյան

Բաքվում տևական ժամանակ է՝ սկսվել է Արբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարությունը: Հայ գերիներին մեղադրում են իբր ահաբեկչություն, սադրանքներ ու այլ հանցագործություններ կատարելու համար։

Հունիսի 21-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվեցին 14 հայ գերիների՝ ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով Ադրբեջանի տարածք ապօրինի թափանցման գործով լսումները։

Բաքուն հայ գերիներին մեղադրում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարությունից հետո, «ապօրինի և գաղտնի մուտք գործելով ադրբեջանական տարածք, ձեռք են բերել զենք-զինամթերք, ստեղծել են օրենքով չթույլատրվող ապօրինի զինված խմբեր, Ադրբեջանի զինծառայողների և խաղաղ բնակիչների դեմ ահաբեկչական, հետախուզական և այլ հանցավոր գործողություններ են կատարել»:

Ադրբեջանական աղբյուրների փաստմամբ՝ այսօր տեղի ունեցած դատական նիստում կարդացվել է 14 հայ գերիների մեղադրական եզրակացությունը:

Դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե մեղադրանքը հաստատվի դատաքննության ընթացքում, մեղադրյալները կարող են դատապարտվել 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկման:

Փաստացի Ադրբեջանում գտնվող մեր քաղաքացիների մասնակցությամբ ծանր դատական ապօրինի գործընթաց է ընթանում, իսկ նրանք զրկված են որակյալ իրավաբանական օգնությունից:

Մեր տղաներին փաստաբանական օգնություն տրամադրելու հարցը վերջին օրերին հաճախ է բարձրացվում տարբեր քաղաքացիների կողմից, իսկ երեկ էլ ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն տարածեց, ըստ որի՝ փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Փաստաբանները մտահոգություն են հայտնել առ այն, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ՀՀ փաստաբանների կողմից հայ ռազմագերիներին իրավաբանական օգնության տրամադրմանը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ներկայացուցչի տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է տրամադրել հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի մասին:

168.am–ի հետ զրույցում Փաստաբանների պալատում տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցած փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ լրիվ իրատեսական է մեր տղաներին իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը:

«Ցանկացած երկիր պարտավոր է ապահովել, որպեսզի իր իրավազորության տակ գտնվող ցանկացած քաղաքացի անհրաժեշտության դեպքում կարողանա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Այսինքն՝ եթե Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներից որևէ մեկը ուզում է փաստաբանի հետ խորհրդակցել ՄԻԵԴ դիմելու խնդրով, Ադրբեջանը պարտավոր է ապահովել այդ հնարավորությունը, հակառակ դեպքում դրա խոչընդոտումը համարվելու է եվրոպական կոնվենցիայի խախտում»,-ասաց Հայկ Ալումյանը:

Այլ կերպ ասած՝ եթե Ադրբեջանում դատվող հայ ռազմագերիներից որևէ մեկի հարազատը դիմում է փաստաբանին, ընդ որում՝ կարևոր չէ՝ Եվրոպայի խորհրդի որ երկրում փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող փաստաբանին, Ադրբեջանը պարտավոր է ապահովել այդ փաստաբանի մուտքը Ադրբեջան:

«Եվրոպական երկրներից յուրաքանչյուրում փաստաբանական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անձն իրավունք ունի վստահորդի շահերից ելնելով՝ վստահորդի համաձայնությամբ դիմել Եվրոպական դատարան: Հայաստանից փաստաբանները նույն կերպ իրավունք ունեն ստանալու անարգել հնարավորություն՝ խորհրդակցելու Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների հետ, եթե խոսքը վերաբերում է նրանց կողմից ՄԻԵԴ դիմելու հարցին»,-ասաց փաստաբանը:

Հարցին՝ դա կարող է լինել այն ժամանակ, երբ արդեն Ադրբեջանի դատարանում դատվող տղաների վճիռները կարդացա՞ծ կլինեն, Հայկ Ալումյանը պատասխանեց՝ ոչ, ցանկացած րոպե կարող են դիմել ՄԻԵԴ:

«Եթե մեր տղաներից որևէ մեկի հարազատը որոշի, որ դիմում է փաստաբանի և վերջինիս հետ պայմանավորվում է, որ նա գնա Բաքու և տեղում իր հարազատին տեսակցի ու Եվրոպական դատարան դիմելու հարցով, հատուկ ընդգծում եմ, միայն ՄԻԵԴ դիմելու հարցով քննարկում անցկացնի, ապա Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել այդ հնարավորությունը»,-ասաց փաստաբանը:

Վերջինս նշեց, որ իրենք երեկվա խորհրդակցության ժամանակ պարզապես արձանագրել են, որ այդ հնարավորությունը կա, և, որ Փաստաբանների պալատն իր կողմից պատրաստ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

«Մենք, իհարկե, հեռու ենք այն մտքից, որ ինքնուրույն, առանց հարազատների ցանկության սկսենք այդ գործընթացը, քանի որ դա դեմ է փաստաբանի վարքականոնին նաև: Այստեղ պետք է լինի հարազատների ցանկությունը, փաստաբանի ցանկությունը, և երբ փաստաբանը մեկնի Ադրբեջան, նաև այնտեղ պահվող տվյալ անձի ցանկությունը»,-ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանն ընդգծում է՝ այստեղ շատ կարևոր է հաշվի առնել հոգեբանական պահը, որովհետև այդ տղաները 7-8 ամիս առանց իրական իրավաբանական օգնության են գտնվում այնտեղ:

«Պատկերացրեք, որ Երևանում մի երևանցու ձերբակալեն ու տանեն, ասենք, ձերբակալված անձանց պահման վայր, և եթե 2-3 օր նրա մոտ փաստաբան չգնա, նա արդեն կգտնվի ծայրահեղ ծանր հոգեբանական վիճակում: Իսկ այստեղ, պատկերացրեք, մարդը գտնվում է թշնամական երկրում, տնից հարյուրավոր կիլոմետրեր հեռու, անորոշ վիճակում, թշնամական միջավայրում, և 7-8 ամիս նրա մոտ փաստացի ոչ մի անգամ փաստաբան չի մտնում»,-ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ երեկ իրենք փաստել են, որ տղաներին հնարավոր է տեխնիկապես լիարժեք իրավաբանական օգնություն տրամադրել, իսկ Փաստաբանների պալատն էլ հանձն առավ այդ գործողություններն անհրաժեշտության դեպքում իրականացնել:

Ըստ Հայկ Ալումյանի՝ երեկվա խորհրդակցության ընթացքում քննարկվել են դետալներ, որոնք այս պահին մանրամասնելու անհրաժեշտություն չկա:

«Այդպիսի անհրաժեշտություն առաջանալու դեպքում մեր փաստաբանները կարճ ժամանակ հետո կարող են մեկնել Բաքու, և արդեն կան փաստաբաններ, ովքեր միանում են այդ նախաձեռնությանը»,-ասաց փաստաբանը:

Հարցին՝ անհրաժեշտության դեպքում արդյոք ինքը կգնա՞ Բաքու, չի՞ վախենա, Հայկ Ալումյանը պատասխանեց, որ հենց այդ նախաձեռնությունը մեկնարկելու ժամանակ միանգամից է ասել, որ գնալու է:

«Այս պահի դրությամբ ես գոնե 10 փաստաբան գիտեմ, որոնք առանց հապաղելու, ցանկացած պահի կգնան Բաքու: Մենք ասում ենք՝ եթե մեզ կդիմեն, պատրաստ ենք գնալ և օգնել մեր տղաներին: Այդ տեխնիկական հնարավորությունն օրենսդրությունը և միջազգային պայմանագրերը տալիս են: Դա շատ մանրակրկիտ քննարկված հարց է: Ավելին, եթե Ադրբեջանը խոչընդոտի, ինքն ավելի շատ բացասական հետևանքների առաջ կկանգնի, քան, եթե թույլատրի»,-եզրափակեց Հայկ Ալումյանը:

Այս խորագրի վերջին նյութերը