Քաղաքական

22.06.2021 10:22


«Մեծ Հայաստան ենք տեսնելու, բայց առանց դրա՝ դրա սարսափելի վախճանը տեսել եմ». Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

«Մեծ Հայաստան ենք տեսնելու, բայց առանց դրա՝ դրա սարսափելի վախճանը տեսել եմ». Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դեկտեմբերի և ապրիլին Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած ձախողված այցերից հետո, արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սյունիքից մեծ ձայն հավաքելն այդքան էլ չի զարմացրել Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանին:

Ըստ նրա, նախ ընտրազանգվածի կեսից ավելին բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի մասնակցել ընտրություններին, երկրորդ՝ բանակն է քվեարկել նրա օգտին, որովհետև մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ զինվորներին ուղղորդում են քվեարկության գնալիս։ Սրանց ավելանում է նաև խառնարյունության խնդիրը, որովհետև մաքուր հայը, եթե նրա երակներով հոսում է հայի արյուն, ինքը ռունգերով զգում է վտանգը՝ նման բան թույլ չէր տա։

Ասածի վերաբերյալ քահանան պատմեց մեկ իրական պատմություն։

«Մեր կաթողիկոսներից մեկին արաբ ամիրան ասում է, թե քո ցանկացած քահանայի ես կարող եմ ոսկիով գնել, մեր Վեհափառը, եթե չեմ սխալվում՝ Ներսես կաթողիկոսը, ասում է՝ եթե քահանան զտարյուն հայ լինի, չես կարողանա գնել։ Գնում են եկեղեցի, կուսակրոն քահանան պատարագ է մատուցում։ Մի կարաս ոսկի են դնում խորանին, ամիրան ասում է՝ «այդ ոսկին քոնն է, եթե հենց հիմա տանես Սուրբ Սեղանի հետևը»: Քահանան պատարագը դադարեցնում է, մի կարաս ոսկին քարշ է տալիս Սուրբ Սեղանի հետևը ու նորից շարունակում պատարագը։ Վեհափառն ասում է՝ սրա մեջ խառնարյունություն կա, մաքուր հայի արյուն չկա։ Գնում են այլ տեղ, նորից մի կարաս ոսկի են դնում, ամիրան դարձյալ ասում է. «Այս մի կարաս ոսկին քոնն է, եթե տարար Սուրբ Սեղանի հետևը, քոնը կլինի»։ Բայց քահանան նրա դեմքին էլ չի նայում, նա իր պատարագն է անում, որովհետև գիտի, որ ինքը Քրիստոսին է ծառայում։ Երբ այս ամենն ավարտվում է, Կաթողիկոսն ամիրային առաջարկում է գնալ ոսկին վերցրած քահանայի մոր մոտ։ Երբ գնում են նրա մոր մոտ, Կաթողիկոսը հարցնում է. «Քո զավակն ազնի՞վ զավակ է, մաքո՞ւր անկողնուց է ծնվել»։ Մայրն ասում է՝ Վեհափառին կարող է խաբել, բայց Աստծուն չի կարող խաբել։ Նա պատմում է, որ երբ արաբներն արշավել են, մի արաբ զինվոր նրան բռնաբարել է, և այդ զավակը ծնվել է։

Օրինակ, մարդու մեջ կարող է 10 տեսակի հիվանդություն լինի, այդ հիվանդությունը նրա հետ քնած ապրի, ու երբ մարդը մահանա, որևէ մեկն անգամ չիմանա, որ նա հիվանդություններ ուներ, բայց եթե նպաստավոր պայմաններ են լինում, այդ հիվանդությունը գլուխ է բարձրացնում։ Հիմա այդ նույնը խառնարյունության խնդիրն է։ Այսինքն՝ Հայաստան են արշավել արաբները, մոնղոլ-թաթարները, սելջուկ թուրքերը, պարսիկները, բռնաբարել են, թալանել, կողոպտել: Բայց օտար արյունից ծնվածի մեջ պահպանվում է գենետիկ հիշողությունը, և այդ օտարասիրությունը, օտարապաշտությունը քնած էր, եկավ պատեհ առիթը, այդ գենը գլուխ բարձրացրեց։ Այս ամենն արդեն ցույց տվեց, թե որքան զտարյուն ու խառնարյուն հայեր կան, ես սա լուրջ եմ ասում։ Կարող եք գենետիկ թեստ անել, կտեսնեք, որ ես ճշմարտությունն եմ ասում»,-168.am–ի հետ զրույցում ասաց քահանան։

Տեր Ահարոն քահանա Մելքումյանի խոսքով՝ ՔՊ-ին տված 50 տոկոս ձայների մեջ պետք է տեսնել, թե քանի տոկոսն են կազմում զինվորականների տված ձայները, նաև այն կեղծ հերոսների ձայները, որոնք առանց մեկ կրակոցի նահանջեցին ու ստացան հերոսների կոչում։ Եթե այս ամենն ի մի բերվի, ակնհայտ է դառնում, որ ձայների 10-15 տոկոսը դուրս է գալիս։ Մնում է 35-40 տոկոս, որից 10 տոկոսը բնակչության աղանդավորական հատվածն է, այսինքն՝ սատանայի քնած բանակը, որոնք մեկ կոճակի սեղմումով ոտքի են կանգնում, դրան գումարվում է 5-6 տոկոս այլասերվածները, 5-6 տոկոս սորոսականները։

«Այս թվերը որ հանում ենք, տեսնում ենք, որ տակը շատ փոքր թիվ է մնում։ Ցավալիորեն ազգը ոտքի չկանգնեց, սա է ամբողջ խնդիրը։ Ես միշտ ասել եմ, որ սա 30-35 տոկոս ձայն ունի՝ հաշվի առնելով աղանդավորականներին, այլասերվածներին, սորոսականներին և 5-6 տոկոս խառնարյուններին։ Ես սպասում էի, որ գոնե ուժայինները կհասկանան, որ երկիրը հանձնածի մոտ չի կարելի գլուխ խոնարհել, իսկ նրա մոտ գլուխ խոնարհելն ինքնասպանություն է։ Ես ասում եմ՝ մեծ իրադարձություններ կլինեն, դրանով չի ավարտվելու։ Հիմա «Հայաստանն առանց հայերի» ծրագիրն է իրականացվում, բայց վստահեցնում եմ՝ իրենց կոկորդին է մնալու»,-հավելեց նա։

Մեջբերելով Հ. Թումանյանի հայտի խոսքերը՝ «ներսից է գալու մեր փրկությունը հաստատ, որովհետև ներսից ենք փչացած», Տեր Ահարոն քահանա Մելքումյանը վստահություն հայտնեց, որ այդ փրկությունն ավելի շուտ կգա, եթե մեծ մտածողի տված բանալիով ժամանակին բացենք այն դուռը, որը միայն ներսից է բացվում։

«Մենք մեծ Հայաստան ենք տեսնելու, բայց առանց դրա, ես դրա սարսափելի վախճանը տեսել եմ, այնպես չէ, որ ինքը հեշտ ու հանգիստ գնալու է։ Խնդիրն այն է, որ ընդհանուր ազգը չեզոք դիրք գրավեց, այսինքն՝ պիղատոսական դիրք գրավեց։ Մի առիթով ասել եմ, որ եթե Հայաստանը լիներ ազգային պետություն, բոլոր օրենքները կբխեին ազգային շահերից, սակայն Հայաստանը հռչակվեց հանրապետություն, այսինքն՝ հանրային պետություն։ Եթե մեկն ասում է՝ իմ ընտանիքը հանրային ընտանիք է, դե պատկերացրեք, թե այդ ընտանիք ովքեր կմտնեն և ինչեր կարող են անել։ Ասեմ՝ աշխարհի նոր քարտեզ է գծվելու, շատ ազգեր են ոչնչանալու, մենք դա տեսնելու ենք։ Ես տանը հեռուստացույց չունեմ, վաղուց աղբարկղ եմ նետել, դուք ազգային որևէ բան տեսե՞լ եք հեռուստատեսությամբ, անառակության, ապազգայնության քարոզ է, ասում են՝ սա այսքան փող է կերել, գովազդները՝ կեր հա կեր, ազգային որևէ բան չկա։ Երբ ազգային գիտակցություն չկա, ու երբ մարդու միջից հանում ես հավատքը, ազգայինը, մշակույթը, ավանդությունները, տակը մնում է կենսազանգվածը, որը ազգային չէ, ազգ չէ. նրա տակը մաքուր լինի, տեղը՝ տաք, փորը՝ կուշտ, ու վերջ»,-եզրափակեց քահանան։

Այս խորագրի վերջին նյութերը