Քաղաքական

21.06.2021 15:52


«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է ՍԴ. Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է ՍԴ. Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքը չի ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու է Սահմանադրական դատարան: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Ընտրության արդյունքներն անսպասելի էին: Մենք կասկածում ենք ընտրության արդյունքների վրա և դիմելու ենք ՍԴ՝ վարչական ռեսուրսի կիրառման՝ շրջիկ խմբերի, զինվորականների օգտագործման դեպքերի առթիվ:

Եթե վարչական ռեսուրսը չլիներ, ինքն ակնհայտորեն չէր կարողանալու ձևավորել մեծամասնություն: Մեր շտաբների ղեկավարներին, որոնք տարբեր խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերում, հրավիրել ենք շտաբ, որպեսզի լիակատար տիրապետենք ողջ ինֆորմացիային»,-նշել է Վահե Հակոբյանը:

Նրա պնդմամբ՝ ընտրություններին մաքսիմալ վարչական ռեսուրս է կիրառվել, զինվորականներ են օգտագործվել՝ հօգուտ Նիկոլ Փաշինյանի.

«Ինչ կարողացել են, արել են՝ սպառնալիքներով, վախեցնելով, խոստումներ տալով, պաշտոններ բաժանելով: Սյունիքում զինվորականներ են բերել, որպեսզի քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, Շուռնուխում Նիկոլի օգտին քվեարկել է 9 հոգի, զորք են բերել՝ նրա համար քվեարկելու, բայց էլի այսպիսի արդյունք չէինք սպասում»,-ասաց Վահե Հակոբյանը:

Լրատվամիջոցը հայտնում է, որ «Հայաստան» դաշինքն, ըստ ամենայնի, վաղը մամուլի ասուլիս կհրավիրի և հայտարարությամբ հանդես կգա:

Այս խորագրի վերջին նյութերը