Քաղաքական

19.06.2021 18:45


Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի 20:00-ին (տեսանյութ)

Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի 20:00-ին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը:Այս մասին այսօր` հունիսի 19-ին, դատարանի բակում լրագրողներին հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` հավելելով, որ որոշումը կհրապարակվի 20:00-ին:

Նա հայտնեց, որ քննիչը և դատախազը չէին ներկայացել դատական նիստին, համապատասխան դիմում էին ներկայացրել, որ դատական նիստը հետաձգվի, սակայն դատական նիստը շարունակվել է վերջիններիս բացակայությամբ:

«Մենք գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ, այստեղ մենք որևէ կերպ չենք կարող խոսել իրավական գործընթացի մասին, քանի որ ձերբակալման այն հիմքերը, այն նպատակները, որոնք նշված են, ոչ մի աղերս չունեն իրավաբանության հետ: և վարույթն իրականացնող մարմինը որպես ձերբակալման հիմք նշել էր, որ արարքը կատարելուց անմիջապես հետո նա բռնվել է, տեսեք ԸՕ-ի 90-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն այդ ձերբակալման հիմքը նախատեսում է որպես բացառություն օրենսդիրի կողմից անձեռնմխելիության հաղթահարման հարցի տեսանկյունից, այսինքն` եթե այդ հիմքն է նշվում, անձեռնմխելիության հաղթահարման հետ քննիչը այլևս խնդիր չունի: Այստեղ խորամանկության մասին է գնում,որպեսզի ավելի հեշտ կարողանան պարոն Չարչյանին ազատությունից զրկեն»,-ասաց նա:

Նշենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, ով նաև պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու մեջ ինչի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:

Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։

Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ հավելեց, որ Արմեն Չարչյանը հազարավոր կյանքեր է փրկել և վերջերս ինքն էլ ուներ առողջության հետ խնդիրներ, և մարդկայնության հետ ճգնաժամ պետք է լինի իրավապահների մոտ, որ մտածեն, որ պրոֆեսորը կարող է խուսափել քննությունից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը