Քաղաքական

18.06.2021 22:06


Հայաստանը կրկին հառնելու" է. Ախալցխայից աջակցում են «Հայաստան» դաշինքին

Հայաստանը կրկին հառնելու" է. Ախալցխայից աջակցում են «Հայաստան» դաշինքին
Ախալցխայում գործող կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Սիրելի՛ հայրենակիցներ

Մայր պետությունում՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին, համայն հայության հետ մեկտեղ, ուշի-ուշով հետևում է նաև Ախալցխայում և հարակից շրջաններում ապրող հայությունը: Հայ ազգին Լուսինե Զաքարյանի, Կարպ Խաչվանքյանի, Շառ Ազնավուրի, Հակոբ Մանանդյանի, Ստեփան Մալխասյանի նման մեծություններ, Ղանալանյանների, Չիֆթալարյանների, Ֆանարջյանների նման հռչակավոր գերդաստաններ տված ախալցխահայությունը չի՛ կարող ճակատագրական այս օրերին անտարբեր գտնվել Մայր Հանրապետության հանդեպ:

Փաշինյանի իշխանության շրջանում տեղի ունեցած կործանարար իրադարձությունները, հասարակության պառակտումն ու ստեղծարար հայ ազգի տարբեր հատվածներին իրար դեմ տրամադրելու քաղաքականությունը, Արցախի դավաճանական հանձնումն ու ՀՀ-ն թուրք – ադրբեջանական ծրագրերի պլացդարմի վերածելու անթաքույց և անպատասխանատու մղումները, հայոց անպարտ բանակի կազմաքանդումն ու երկիրը անպաշտպան վիճակում թողնելը, հարյուրավոր գերիների առկայության պայմաններում զինվորների նոր խմբերի գերեվարման խայտառակ փաստերը, ՀՀ ներխուժած թուրք-ադրբեջանական բանակի տեղակայումը ռազմավարական մի շարք բարձունքներում, երկրում վխտացող կազմաքանդիչ կազմակերպությունների գործունեությունը, այլասերում տարածող ծրագրերն ու ապազգային, թուրքասեր, հայատյաց ու հայրենիք չճանաչող անձանց ակտիվ ներգրավումը պետական կառավարման բոլոր օղակներում հանգեցրել են նրան, որ այսօր կասկածի տակ կարող է դրվել հայոց պետականության գոյությունը, ինչպես նաև հայ ազգի քաղաքակրթական և արժանապատիվ ներկայությունն Այսրկովկասում:

Մենք այս ամենը չե՛նք հանդուրժելու: Ախալցխան մշտապես հանդիսացել է հայ արիստոկրատիայի և քաղաքակրթական բարձր արժեքների ստեղծման կենտրոն: Ախալցխահայությունը չի՛ ծնկել թուրքի առջև նաև ճակատագրական 1918 թ., և արևելահայությանն ու Արևելյան Հայաստանը ոչնչացնելու եկած թուրքական կանոնավոր բանակը, հանդիպելով ախալցխահայության 6-ամսյա հերոսական դիմադրությանը, հերոս քաղաքագլուխ Զորի Զորյանի հետ ստիպված էր կնքել հաշտության պայմանագիր, որն առաջին պայմանագիրն էր հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանությունից հետո:

Այն ստորացուցիչ իրավիճակը, որում այսօր հայտնվել են ՀՀ-ն ու Արցախը, անհանդուրժելի է բոլորիս համար: Հերոսական հայ ժողովուրդը շուտափույթ պետք է դուրս գա այս ամոթի փոսից, որում հայտնվել է ապիկար ու հայրենադավ իշխանության քայլերի ու ծրագրված գործողությունների արդյունքում:

Հայաստանն ու հայ ժողովուրդը հառնելու են, և եզակի քաղաքական ուժը, որը կարող է նոր ու լուսավոր հորիզոններ բացել Հայաստան աշխարհի առջև, դա «Հայաստան» դաշինքն է: Մենք վստահ ենք, որ արժանապատիվ սյունեցիների ստեղծած քաղաքական ուժի՝ «Վերածնվող Հայաստանի» և հայոց ավանադական-ազգային կուսակցության՝ ՀՅ Դաշնակցության հենքի վրա ձևավորված դաշինքը, որն առաջնորդում է Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած և հայրենիքի տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետրեր ազատագրած, այնուհետև 10 տարի Մայր Հանրապետությունը ծաղկեցրած Ռոբերտ Քոչարյանը, մոտալուտ ժամանակահատվածում կվերականգնի օրվա ծանրագույն կորուստներն ու հայ ազգին կվերադարձնի խլված հպարտությունը:

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին՝ անվերապահորեն սատարել «Հայաստան» դաշինքին՝ ի շահ հայոց պետականության և հայ ազգի հզորացման:

Ախալցխայի Շառլ Ազնավուրի անվան բարեգործական միություն

Վրաստանի ժողովուրդների դեմոկրատական միություն

Ախալցխայի «Ախալցխա»պարային համույթ

Այս խորագրի վերջին նյութերը