Քաղաքական

17.06.2021 19:01


Դիանա Գասպարյանի պրիմիտիվ սուտը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Դիանա Գասպարյանի պրիմիտիվ սուտը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ու տարածքային կառավարման նախարարի ժ/պ Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի թեման լայն արձագանք է գտել։ Ընդհուպ այն աստիճանի, որ զրույցի մասնակիցներից մեկը՝ Դ․ Գասպարյանը, հանդես է եկել լրացուցիչ մեկնաբանություններով, որոնք, մեղմ ասած, արժանահավատ չեն, մոլորության մեջ են գցում հանրությանը, մութը ցրելու փոխարեն այն ավելի են թանձրացնում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է. «Եվ այսպես՝

1․ զուտ մասնագիտական տեսանկյունից տեղեկացնենք, որ հրապարակված ձայնագրությունը նման է ձայնային հաղորդակցության եղանակով տեղեկատվության փոխանակումների /4-ը՝ Պապիկյան, 2-ը՝ Գասպարյան/, ինչը նշանակում է, որ դրանք հեռախոսային խոսակցություններ չեն,

2․ ձայնային հաղորդագրությունները «մոնտաժված եւ կտրտված» չեն, խոսքի ընդհատումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրա շարանը ամբողջությամբ չի հրապարակվել,

3․ Դ․ Գասպարյանի հայտարարությամբ ձայնային հաղորդագրությունները միմյանց են ուղարկվել նոյեմբերի 16-ին, այնինչ, ըստ մամուլում եղած հրապարակումների, խոսակցությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին։ Հաշվի առնելով հարցի հանրային կարեւորությունը՝ Դ․ Գասպարյանին եւ Ս․ Պապիկյանին առաջարկում ենք հրապարակել իրենց հեռախոսների արխիվային տվյալները՝ screenshot-ը, որից ակնհայտ կդառնա, թե խոսակցությունն իրականում երբ է կայացել,

4․ Դ․ Գասպարյանը պարզաբանող հայտարարության մեջ պնդում է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, քանի որ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը եւ պրակտիկորեն պարզապես անհնար է որեւէ մեկին, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ քաղաքական գործչով։ Դ․ Գասպարյանի պնդումն անհիմն է, քանի որ այս փուլում եւս Փաշինյանի՝ վարչապետի թեկնածուից հրաժարվելու դեպքում ՔՊ-ի կողմից կարող էր առաջադրվել ցանկացած այլ անձ, այդ թվում եւ Սուրեն Պապիկյանը,

5․ Դ․ Գասպարյանը ձայնագրության մեջ նշում է, որ Ն․ Փաշինյանն «անցնում է թիմակիցների վրայով», վիրավորում, նեղացնում է նրանց, այնինչ իրենց թիմակիցները կանգնած են եղել հեղափոխության ակունքներում, գաղափարի մարտիկներ են։ Ակնհայտ է, որ ձայնագրությունում որեւէ խոսակցություն չկա, որը վերաբերի Ն․ Փաշինյանի նախորդ օրվա՝ նոյեմբերի 15-ի կոչին, որով նա պատերի տակ վնգստացողների հարցը վերջնականապես լուծելու համար դիրքերից Երեւան էր կանչում զինված ջոկատներին։ Վերոգրյալից ակնհայտ է, որ Դ․ Գասպարյանն իր մեկնաբանող հայտարարությամբ ձայնագրության բովանդակությունը խեղելու, հանրությանը շեղելու, մոլորության մեջ քցելու նպատակ է հետապնդում, փորձում է պացիենտի հոգեկան վիճակի սրացումը վերագրել ավելի վաղ ժամանակահատվածի՝ ընդգծմամբ, թե իբր նրա մոտ ներկայումս առկա են կայունացածման միտումներ։ Ձայնագրությունից առավել քան հստակ երեւում է, որ խոսակցությունը բացառապես վերաբերել է Փաշինյանի կողմից իր թիմակիցներին վիրավորելուն, «վրայով անցնելուն», այլ ոչ նոյեմբերի 15-ին արված ցինիկ հայտարարությանը։

Այսպիսով ակնհայտ է, որ վերը նշված ձայնային հաղորդակցությունները կարող էին հանրայնացվել Դ․ Գասպարյանի կամ Ս․ Պապիկյանի կողմից կամ նրանց գիտությամբ։ Հակառակ պարագայում նրանք պարտավորված են հիշել, թե որտե՞ղ եւ ի՞նչ մտերմիկ հանգամանքներում կարող էին իրենց բջջային հեռախոսներն անուշադրության մատնել, մուտքի գաղտնաբառը բաց պահել, որը երրորդ անձին հնարավորություն կտար տիրապետել խիստ անձնական բնույթի ինֆորմացիային։ Այն ժամանակ վարչապետի վարքագծից խիստ հուզված Էջմիածնի քաղաքապետը փաստորեն ներկայումս քար լռության է մատնել նույն այդ վարչապետի «չագուճով» ման գալու, հանրությանն ահաբեկելու հանգամանքը, ավելին, շարունակում է հավատարմության երդումներ տալ նրան։

Հետաքրքիր է լսել Դ․ Գասպարյանի ու Ս․ Պապիկյանի մեկնաբանությունները վերը շոշափված հարցերով, ինչպես նաեւ իմանալ՝ արդյո՞ք իրավապահ մարմիններին տրվել է հաղորդում, թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա ինչո՛ւ։

Այս խորագրի վերջին նյութերը