Քաղաքական

17.06.2021 18:46


Զախարովան` Էրդողանի Շուշի այցի մասին. Ղարաբաղի հարցը եւ Բաքվի հարաբերությունները երրորդ երկրների հետ խառնելը սխալ է

Զախարովան` Էրդողանի Շուշի այցի մասին. Ղարաբաղի հարցը եւ Բաքվի հարաբերությունները երրորդ երկրների հետ խառնելը սխալ է

Մենք կոռեկտ չենք համարում խառնել Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը եւ երրորդ երկրների հետ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների թեմաները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի այցը օկուպացված հայկական Շուշի քաղաք:

«Հենց այս տեսանկյունից ենք մենք դիտարկում ադրբեջանա-թուրքական վերջին շփումներն ամենաբարձր մակարդակով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ: Մենք վճռականորեն աջակցում ենք այն քայլերին, որոնք ուղղված են Երեւանի եւ Բաքվի եւ Երևանի ու Անկարայի միջեւ երկխոսության կարգավորմանը: Հարավային Կովկասում փոխգործակցությունը պետք է զարգանա բարիդրացիության սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով եւ հավասարակշռելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,-ասել է նա:

«Ինչ վերաբերում է հայտարարություններին, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող գործընթացները եւ այն ջանքերը, որոնք նպատակաուղղված էին կողմերին պայմանավորվածությունների կնքմանը եւ դեպի խաղաղ ուղղություն շարժմանը բերելուն, ապա այդ կապակցությամբ արված բոլոր հայտարարությունները պետք է աշխատեն մեկ նպատակի համար՝ կայունության, խաղաղ զարգացման, կապերի վերականգնման եւ համապատասխանեն տարածաշրջանում խաղաղ բնակիչների շահերին»,-ասել է զախարովան:

***

Որպես հայ-ադրբեջանական սահմանի խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում` Ռուսաստանը տեսնում է երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը`դրան հաջորդող սահմանագծմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է, որ «հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը կապված են դրա միջազգային իրավական գրանցման բացակայության հետ, ինչին գումարվում է կողմերի փոխադարձ վստահության բացակայությունը»: «Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքեր գործադրել, որոնք ուղղված են իրավիճակի դեէսկալացմանը: Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության եւ սահմանային ծառայությունների միջոցով հաստատվել է սերտ համակարգում ինչպես Երեւանի, այնպես էլ Բաքվի հետ: Վերջին շաբաթվա ընթացքում լարվածությունը թուլացել է, սահմանային վեճի կարգավորման վերաբերյալ համապատասխան խորհրդատվությունները կշարունակվեն: Որպես խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում` մենք տեսնում ենք երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունն ամենաակտիվ կերպով աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,-ասել է նա:

***

Ռազմագերիների եւ պահվող այլ անձանց թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համատեքստում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում անօրինական «դատական գործընթացները» Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ:

«Մենք ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից ՀՀ 15 քաղաքացիների փոխանցումը Երեւանին: Մենք կողմ ենք խնդրի վերջնական լուծմանը` «բոլորը` բոլորի դիմաց» բանաձեւի համաձայն եւ առանց որեւէ նախապայմանի: Ընդ որում, մենք կարեւոր ենք համարում լուծել այլ հումանիտար խնդիրներ, մասնավորապես` ականազերծման եւ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ կապված: Այս ուղղությամբ մեր ջանքերի մասին դուք գիտեք»,-ասել է նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը