Կարծիք

13.06.2011 16:11


Ազատագրված հողերի հանձնումը և դավաճանությունը-1

Ազատագրված հողերի հանձնումը և դավաճանությունը-1

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն ավելի քան քսան տարի գտնվում է հասարակությանը հուզող խնդիրների կիզակետում: Այսօր եւս մեր քաղաքական դաշտի օրակարգում այն գլխավոր տեղում է: Կազանում նախագահների սպասվելիք հանդիպումից առաջ հայ հանրությունը փորձում է գտնել մի շարք հարցերի պատասխանները: Դրանց թվում` մասնավորապես այն, թե գերտերությունների` կողմերին առաջադրած լուծումն ու Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունների արդյունքում ապագայում «ձեռք բերվելիք» պայմանավորվածությունները որքանով կհամապատասխանեն մեր ազգային շահերին, եւ Մադրիդյան սկզբունքների հիման վրա կազմված որեւէ փաստաթղթի տակ ստորագրողներն արդյոք դավաճանություն չե՞ն գործի:

Ստանալ այս հարցերի պատասխանը` առանց փոքրիշատե մանրամասնելու հանրության շրջանում տարածում գտած ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական ռազմավարությունները, անհնար է: Ուստի հարկ է նախ մի փոքր անդրադարձ կատարել ղարաբաղյան խնդրի լուծման այն տեսլականներին, որոնք գոյություն ունեն հայ հանրության շրջանում:

Ըստ էության, մեր հասարակության մեջ բանավեճը հիմնականում նպատակային երկու ուղեգծերի շուրջ է` Ա. տարածքների հանձնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ միջազգային ճանաչման դիմաց եւ Բ. ստատուս քվոյի պահպանում այն ցանկությամբ, որ հեռանկարում տերությունների ռազմաքաղաքական շահերի համընկման դեպքում ամրագրվեն Արցախի անկախ կարգավիճակն ու միջազգային ճանաչումը:

Արդեն գրեթե մեկուկես տասնամյակ է` այս երկու խաչվող ուղեգծերի շուրջ հասարակական բանավեճ է ընթանում: Առաջինն առավել գործնական դիրքերից ու որոշ հստակությամբ փորձում է հակադրվել, իսկ պաշտոնական հետեւողական միջամտությամբ` նաեւ չեզոքացնել երկրորդին, քանզի այն փաստացի առավել հուզական ու անորոշ ռազմավարություն է հիշեցնում: Վերջինն, ըստ ամենայնի, գոյության իրավունք է ձեռք բերել առավելապես արտաքին ներդրում հանդիսացող Ա տարբերակին հակադրվելու համար: Այստեղից էլ` նրա հուզական ու անորոշ բնույթը: Միաժամանակ Բ տարբերակն այդպիսին է, քանի որ պաշտոնական Երեւանի (շատ դեպքերում նաեւ` Ստեփանակերտի) գործողություններում բացարձակ ցանկություն չի նկատվել ու նկատվում հասնելու այդ ուղեգծի հնարավորությունների իրացմանը: Մասնավորաբար դրա վկայությունն են ազատագրված տարածքների վերաբնակեցման, մրցունակ տնտեսության ստեղծման, ժողովրդավարական հասարակարգի հաստատման եւ այլ հարցերում Հայաստանի ու Արցախի իշխանությունների ցուցաբերած անգործությունը կամ թերի վարքը:

Հարկ է նկատել նաեւ, որ առաջին տարբերակն ունի արտաքին մեծ աջակցություն` շնորհիվ միջազգային այն միջնորդների, որոնք նախագծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր ռազմավարությունը: Հայաստանի բարձրագույն իշխանության «կլիենտային» բնույթի պատճառով հենց Ա տարբերակն էլ Մադրիդյան սկզբունքների տեսքով ընկած է հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցությունների հիմքում: Արդյունքում Ա տարբերակն անընդունելի համարող հայ քաղաքական մտքին այլ բան չի մնացել, քան խոսել Բ տարբերակի` ստատուս քվոյի պահպանման մասին` ապագայում քաղաքական այլ հարմար իրավիճակում զենքի ուժով ձեռք բերած հաջողություններն առավել շահավետ իրացնելու նկատառումով:

Ռազմավարական այս ուղեգծերը միմյանց նկատմամբ գտնվում են խիստ բեւեռացված դիրքերում, քանզի հենվում են սկզբունքային հակադրության վրա: Խնդրի լուծման փոխզիջումային պրագմատիկ տարբերակը (որը սնվում է աշխարհաքաղաքական կենտրոնների realpolitik-ից) հակադրվում է խնդրի առկախման անզիջումային հուզական տարբերակին (որը սնվում է ազգային «օջախների» հայրենասիրական ընկալումներից): Այստեղից էլ քաղաքականացված հանրության բավական ստվար մի զանգվածի (եթե ոչ` բացարձակ մեծամասնության) շրջանում առաջ է գալիս այն պնդումը, որ ուղեգծերից Ա-ի իրագործումը դավաճանություն է ազգային շահերին, որովհետեւ ազատագրված յուրաքանչյուր տարածքի համար մեծ գին է վճարվել:

Հասարակության ներսում տվյալ պնդման առկայությունն արդեն իսկ երեւակում է այն խնդիրը, որի լուծումից է կախված Ա տարբերակի գոյությունը` ազատագրված տարածքների հանձման միջոցով Լեռնային Ղարաբաղի անկախության ու միջազգային ճանաչման հասնելու ռազմավարությունը մեր կողմից բանակցությունների սեղանին դնելու իրավունքը: Ուստի խնդիր է դառնում պարզել, թե ազատագրված հողերի` Ադրբեջանին հանձնումը քաղաքական տեսանկյունից դավաճանություն է, թե ոչ: Հարցի քաղաքական պատասխանը գտնելուց հետո միայն հնարավոր կլինի խոսել դրա իրավական բնորոշման մասին, քանի որ իրավականը մշտապես քաղաքականի լծորդն է (քաղաքական հասունության զգալի պակաս ունեցող մեր ժողովրդի շրջանում մշտապես սա չի ընկալվում): Միաժամանակ այդ պատասխանից է կախված նաեւ հարցի հուզական վերարտադրության կենսունակությունը:

Անհրաժեշտ է ընդգծել նաեւ, որ վերջին տասնհինգ տարում ղարաբաղյան խնդրում ձեւավորված իրականության մեջ հակամարտող կողմերի գլխավոր ու սկզբունքային անհամաձայնության կետը եղել է ոչ թե կարգավիճակի, այլ ազատագրված հողերի ապագա պատկանելիության հարցը: Կողմերի բոլոր խնդիրները (կարգավիճակ, փախստականներ, նյութական փոխհատուցում եւ այլն) ժամանակային կտրվածքով որոշակի լուծում ունեն եւ տեսանելի ապագայում, ի վերջո կարող են իրականություն դառնալ: Միայն տարածքների հարցում է, որ պատասխան չստանալով` մեր հանրության հուզական արձագանքին է արժանանում կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի հանձման առանձին շրջանակների ցանկությունը: Հետեւաբար` առաջնահերթ խնդիր է դառնում պարզել, թե առանձին գործիչների կողմից Ղարաբաղի կարգավիճակի դիմաց ազատագրված հողերի (կամ դրանց մի մասի) հանձնումը կարո՞ղ է արդյոք «դավաճանություն» որակվել:

(Շարունակելի)

Սարո Սարոյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը