Աշխարհ

16.06.2021 17:32


«Թուրքիան և Ադրբեջանը կկառուցեն նոր Ղարաբաղ»․ Էրդողանը խոսել է Շուշիի, «Զանգեզուրի միջանցքի», Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին

«Թուրքիան և Ադրբեջանը կկառուցեն նոր Ղարաբաղ»․ Էրդողանը խոսել է Շուշիի, «Զանգեզուրի միջանցքի», Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան և Բաքուն համատեղ ջանքերով կվերականգնեն Լեռնային Ղարաբաղը, հայտնում է ռուսական vz.ru լրատվականը։

«Երեկ մենք շրջեցինք Լեռնային Ղարաբաղում և տեսանք, թե 30 տարվա հակամարտությունից հետո ինչպիսի ավերածություններ են եղել, սակայն Թուրքիան և Ադրբեջանը միասին կվերակառուցեն ամեն ինչ, կկառուցեն նոր Ղարաբաղ»,-ասել է Էրդողանը և հավելել, որ հակամարտության կարգավորումը համագործակցության հնարավորություններ է ստեղծում, այդ թվում՝ Հայաստանի համար։

Նա նշել է, որ Անկարան իր բոլոր հնարավորություններով Բաքվի կողքին է և այդպես է լինելու նաև «վաղը»։

Minval.az-ի փոխանցմամբ՝ Միլլի մեջլիսում իր ելույթի ընթացքում Էրդողանը հույս է հայտնել, որ Շուշին կդառնա թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքը։

«Այս քաղաքում ապրել են մեծ կոմպոզիտոր Ուզեիր Հաջիբեյլին, Բյուլբյուլը, Նաթավան և այլ բանաստեղծներ։ Այսօր Շուշան (Շուշի) վերակենդանանում է և այս հարցում Շուշան (Շուշի) Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հայտարարելը հստակ ուղերձ է աշխարհին»,-ասել է Թուրքիայի նախագահն ու նշել, որ հաջորդ տարի այն թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք դարձնելը պատիվ կլինի իրենց համար:

Բացի այդ, նա անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»` նշելով, որ Նախիջևանի և Բաքվի միջև այդ միջանցքի նշանակությունը դժվար է գերագնահատել: Ըստ նրա` այս տրանսպորտային միջանցքը կնպաստի ողջ տարածաշրջանի բարեկեցությանը և զարգացմանը:

Նա խոսել է նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

«Հենց վերանան Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրները, Թուրքիան կարող է որոշակի քայլեր ձեռնարկել Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն այցելել են Շուշի: Երեկ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ առնչությամբ։ Հայտարարությունում ասվում է․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի ուղեկցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի անդամների այցը Արցախի պատմական մայրաքաղաք Շուշի, որը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ավերվել է 1920 և 2020 թվականներին, միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում է։

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է նման այցերը Արցախի օկուպացված տարածքներ՝ դրանք դիտարկելով որպես սադրանք, ծավալապաշտական և ծայրահեղական ծրագրերի շարունակման հայտ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը