Մեկնաբանություն

14.06.2021 11:58


Ապագա կա՞ Դիանայի, Սուրենի ու Նիկոլի մյուս թիմակիցների համար

Ապագա կա՞ Դիանայի, Սուրենի ու Նիկոլի մյուս թիմակիցների համար

Երեկ սենսացիոն ձայնագրություն հրապարակվեց։ Թեև, անկեղծ ասած, Փաշինյանի ղեկավարած Հայաստանում այլևս ոչ մի սենսացիա չի կարող ցնցել։ Ամենամեծ սենսացիան այն է, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլը պետության ղեկավարի դերում է ու դեռ սպառնում է մնալ այդ դերին։

Ամեն դեպքում արժե անդրադառնալ Էջմիածնի քաղաքապետուհի Դիանա Գասպարյանի և ասֆալտչիկությամբ դոլարային միլիոնատեր դարձած «հեղափոխական» նախարար Սուրեն Պապիկյանի գաղտնազերծված զրույցին՝ մի կողմ թողնելով այն հարցը, թե ով էր այդ զրույցը գցել համացանց՝ Դիանա՞ն, Սուրե՞նը, թե՞ երկուսով։

Ինչի մասին են լռում «հեղափոխականները»

Էջմիածնի քաղաքապետուհու գնահատականներն ու մտահոգություններն ուշագրավ են։

Պարզվում է, որ իրենք հավատացել են, որ ինչ-որ արժեքների համար են հեղափոխություն արել և հիմա դժգոհում են, որ Փաշինյանն այդ արժեքներին դավաճանել է (փաստորեն քայլարածների թիմում էլ են Նիկոլին դավաճան համարում, բայց այլ պատճառներով)։

Պարզվում է, որ թիմի ներսում գիտեն, որ Նիկոլն անջատվում է և ժամանակ է պետք, որ նա «կայունանա»։ «Կայունացման» գրաֆիկին լավ տիրապետում է ասֆալտչիկ Սուրենն ու շտապում է հանգստացնել Դիանային։

Պարզվում է, որ Նիկոլի թիմում կան մարդիկ, ովքեր գիտակցում են, որ Նիկոլը պետք է հեռանա, բայց այդքան խիզախություն չունեն, որ դա հրապարակավ ասեն, ուստի մենք այդ մասին իմանում ենք համացանց նետված ձայնագրություններից։

Պարզվում է, որ թիմում վախենում են, որ Նիկոլը ձախողվելու է և իրենք էլ Նիկոլի հետ «փուռն» են գնալու։

Ինչի մասին է վկայում ձայնագրությունը

Քարոզարշավի բուռ շրջանում ձայնագրության հայտնվելը պատահական չէ։ Դա ցույց է տալիս, որ Նիկոլի թիմում հասկանում են, թե ինչն ինչոց է ու փորձում են նախապես ապահովագրվել։

Դիանայի մոտ վախ կա ապագայի հանդեպ, իսկ Սուրենի աչքի առաջ պետության փողերով արագ հարստանալու համար «ատչոտ» տալու ապագան է։ Մեկը կանացի վախ ունի իր ու իր ասֆալտչիկ ընկերոջ համար, իսկ մյուսը վախենում է կորցնել միլիոնները։

Եթե «թարգմանենք» ձայնագրությունը, ապա ստացվում է, որ Դիանան ասում է՝ «Ապագա կա», Սուրենն էլ պատասխանում՝ «Կա ապագա»։ Ու երկուսն էլ այդ ապագան իրենց համար տեսնում են սև գույների ու անորոշության մեջ։

Դիանայի մոտ կան օբյեկտիվ ու աճող տագնապներ։ Սուրենը չի կարողանում «կայունացնել» իրավիճակը։ Դիանայի ձայնը մելամաղձոտ է։ Սուրենի ձայնը՝ «ասֆալտային»։

Հենց այս պահին ու այս «ռակուրսով» ձայնագրության ի հայտ գալը ցույց է տալիս, որ Նիկոլի շրջապատում հասկացել են, որ Նիկոլը պատրաստվում է նոր արկածախնդրության ու նոր արյունահեղության։ Նրանք տեսնում են, որ նա մուրճը ձեռքն է վերցնել ու վախենում են, որ այդ մուրճը կարող է հայտնվել լրիվ ուրիշ մարդու ձեռքում ու մտցվել լրիվ այլ մարդկանց համապատասխան վայր։ Իսկ դա մտահոգում է քայլարածներին ու վախեցնում։ Վախը նրանց ստիպում է ապահովագրվել հետագա զարգացումներից։ Եվ ահա հայտնվում է ձայնագրությունը։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Լավ կլինի, որ Նիկոլի թիմի ողջամիտ հատվածը մինչև հունիսի 20–ը հրապարակավ խոսի Նիկոլի անկայուն վիճակի, հեղափոխության դավաճանված արժեքների, իրավիճակի լիցքաթափման, Նիկոլի հեռացման անհրաժեշտության մասին։

Եթե չեն խոսելու, ապա գոնե թող ձայնագրվեն ու այն տեղադրեն համացանցում։ Դա հետագայում իրենց հնարավորություն կտա ասելու՝ «Ապագա կա»։

Այս խորագրի վերջին նյութերը