Քաղաքական

13.06.2021 20:48


Պետական շենքերը՝ ՔՊ-ի մասնավոր դուքյան. Արտաշատում ապօրինի քարոզչություն է գնում (տեսանյութ)

Պետական շենքերը՝ ՔՊ-ի մասնավոր դուքյան. Արտաշատում ապօրինի քարոզչություն է գնում (տեսանյութ)

Yerkir.am-ի նկարահանող խումբը Արտաշատ քաղաքում արձանագրել է չսահմանված վայրերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչական պաստառների բազմաթիվ փաստեր։

Ընտրական օրենսգրքի հոդված 20-ի կոպտագույն խախտմամբ՝ ՔՊ քարոզչական պաստառներ են փակցվել հասարակական նշանակության առեւտրի օբյեկտների եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այն շենքերի պատերին, որոնք ներառված չեն օրենքով նախատեսված տեղերի ցանկում: Նիկոլ Փաշինյանի կուսակցության քարոզչական պաստառները ապօրինաբար փակցվել են մի քանի առեւտրի օբյեկտների, Օգոստոսի 23 փողոցի թիվ 22 եւ Իսակովի փողոցի 47/3 բազմաբնակարան շենքերի դիմային եւ կողային հատվածներում:

Վերջին հասցեում ՔՊ պաստառի կողքին փակցված է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառը, հավանաբար նույն տրամաբանությամբ՝ չկա իշխանություն, չկա օրենքի գերակայություն: ՀՀ ընտրական օրենսգրքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառների եւ քարոզչական տպագիր նյութերի օգտագործման կարգ կա սահմանված, որտեղ սեւը սպիտակի վրա հստակ գրված է՝ արգելվում է քարոզչական պաստառներ փակցնել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի, հասարակական սննդի, առեւտրի օբյեկտների եւ հասարակական տրանսպորտի վրա կամ ներսում` անկախ սեփականության ձեւից:

ՀՀ թիվ 12 ՏԸՀ նախագահ Ստեփան Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապօրինություններից տեղյակ է: Վերջինս վստահեցրեց՝ քաղաքապետին զգուշացրել են՝ հեռացնել բոլոր ապօրինի պաստառները:

«Իմ նպատակն է՝ օրենքի գերակայության հասնելը, խախտումների բացառումը: Դրան հասնելու մի քանի ճանապարհներ կան: Առաջին քայլով հանձնարարել եմ՝ քաղաքապետին զգուշացնեն՝ հեռացնել ապօրինի պաստառները»,-ասաց նա:

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը