Մեկնաբանություն

13.06.2021 14:11


Ինչով և ինչպես է Քոչարյանը կրում Նիկոլին

Ինչով և ինչպես է Քոչարյանը կրում Նիկոլին

Բոլորի համար էլ ակնհայտ է, որ նիկոլական իշխանությանը հաղթելու, կամ ինչպես ընդունված է ասել՝ կրելու հայտ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը:

Ակնհայտ է նաև, որ երկբևեռ քաղաքական պայքարում քվեների առյուծի բաժինը տանելու են «Հայաստանն» ու ՔՊ-ն: Թե ինչ համամասնությամբ, ընտրողը կորոշի:

Թեև քարոզարշավի ավարտին մոտ մեկ շաբաթ դեռ կա, բայց արդեն կարելի է հստակ գնահատականներ տալ Քոչարյանի ու Նիկոլի հիմնական մոտեցումներին, քարոզչության բովանդակությանը, ոճին, ասելիքի մատուցման ձևին ու հիմնական մեսիջներին:

Քոչարյան VS Նիկոլ

Ռոբերտ Քոչարյանը կրում է Նիկոլին բոլոր պարամետրերով: Մի կողմում Արցախյան հաղթանակների ու Հայաստանը տնտեսական վերելքի տարած գործիչն է, իսկ մյուս կողմում Արցախի պետականության կորստի, կապիտուլյացիայի ու Հայաստանի սուբյեկտայնության գրեթե զրոյացման խորհրդանիշը:

Քոչարյանն ունի պետական կառավարման հսկայական փորձ ու դրական հետագիծ: Նիկոլը հակապետությունն է:

Քոչարյանին հարգում են միջազգային ասպարեզում: Նիկոլին չի վստահում մեր ռազմավարական դաշնակիցը, չեն հարգում մեր գործընկեր-պետությունները և նրա վրա կոշիկներ է սրբում թշնամին:

Քոչարյանը խոսում է անելիքներից, խոսում է ծրագրերով և տալիս ապագայի տեսլականը: Նիկոլը գոռում է «Ապագա կա ապագա», բայց խոսում է անցյալից՝ այն կեղծելով:

Քոչարյանը ելույթ է ունենում հանգիստ, Նիկոլը ճղճղում է:

Քոչարյանը խոստանում է իշխանության գալուց հետո համախմբել հանրությանը և լծվել աշխատանքի: Նիկոլը քարոզչության փուլում պառակտում է հանրությանը, ատելություն ու թշնամանք տարածում. Նա ծրագիր չունի:

Քոչարյանը դեմ է վենդետաներին ու խոսում է արդարադատությունից: Նիկոլը կոչ է անում դասակարգային պայքար մղել, երիտթուրքերի ոճով սպառնում է ոչնչացնել ՀՀ հոգևոր ու աշխարհիկ էլիտան, պատրաստվում է նոր «Մարտի 1» կազմակերպել, խրախուսում է ներազգային բախումները:

Քոչարյանի մոտ հաղթողի հոգեբանություն է: Նիկոլը պարտվածի պես ձայնը գցում է գլուխը. նա լաչառություն է անում:

Քոչարյանի մոտիվացիան դրական արդյունքները կրկնելն է, երկիրը կայունացնելն ու տնտեսությունը զարգացնելը: Նիկոլի մոտիվացիան սեփական կաշին փրկելն է. նա վախեցած է ու այդ վախից ելնելով պատրաստ է «փուռը» տալ թիմակցիներին էլ, Հայաստանն էլ:

Քոչարյանը խոստանում է աշխատանք: Նիկոլը խոստանում է կադրային ջարդ:

Քոչարյանին աջակցում են հանրության լայն շերտերը: Նիկոլի հույսը անհայրենիքներն են:

Քոչարյանը խոստանում է այն, ինչ կարող է անել: Նիկոլը շարունակում է ստել. նրա հաշվարկն ընտրակեղծիքների վրա է հիմնված:

ՀՀ քաղաքացու համար ընտրությունն ակնհայտ է: Ընտրությունն ուժեղ, արժանապատիվ Հայաստանի և խայտառակության մարմնավորում Նիկոլի միջև է:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը