Մեկնաբանություն

12.06.2011 13:17


«Շախմատիստները»

«Շախմատիստները»

Ոգևորվելով ՀԱԿ–ի օգնությամբ տարած ներիշխանական միջանկյալ հաղթանակով և հասկանալով, որ ՀԱԿ–ի պես «ընդդիմությանը» պարզապես պետք է փայփայել ու առավոտից–երեկո պտտեցնել «ազատ, բայց սերժատու» հեռուստաընկերությունների եթերով՝ Սերժ Սարգսյանն արդեն ավելի առաջ գնաց և մշակեց գործողությունների պլան, որի շրջանակներում էլ ծնվեցին «ՀԱԿ»–ի այն 15 «պահանջները», որոնք Տեր–Պետրոսյանը մարտի 1–ի հանրահավաքում ներկայացրեց Սարգսյանին, իսկ վերջինս էլ «չուզենալով», բայց «ստիպված» կամաց–կամաց կատարեց 15–ից «ամենադժվարները»՝ երեք «պահանջները»։

Այժմ, երբ «արմատականները» պատրաստ են ներս լցվել «երկխոսության» բացված դռնակի միջով ու դեռ մի բան էլ պատվիրակություն են կազմել, Սերժ Սարգսյանը նրանց սպասեցնում է «ընդունարանում» և հասկացնում, որ իր ուզածն արդեն ստացել է, և չի պատրաստվում ՀԱԿ–ի հետ տուն–տունիկ խաղալ։

Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ սերժալևոնական «երկխոսության» արդյունքում շահեց իշխանությունը, որը, չնայած իր խայտառակ ձախողումներին ու անարդյունավետ կառավարմանը, առայժմ կարողանում է պահել իր աթոռը։ Մնում է միայն արձանագրել, որ ՀԱԿ–ի վերնախավն այս ընթացքում վերածվեց քաղաքական թատրոն ապահովող թիմի և իշխանության թաքնված պատվերները կատարող սուբյեկտի։

Անշու՛շտ, Տեր–Պետրոսյանը դեմ չէ արտահերթ ընտրություններին և իշխանությունը վերցնելուն, բայց ինչպես ինքն է սիրում ասել՝ ցանկությանը մի բան է, իսկ իրականությունը՝ լրիվ այլ։

Տեր–Պետրոսյանին հիմա այլ բան չի մնում, քան իր ընտրազանգվածի վերջին փշրանքները պահպանելով՝ հասնել հերթական խորհրդարանական ընտրություններին ու մի կերպ ներս սողոսկել ԱԺ, իսկ հետագայում էլ՝ Սերժ Սարգսյանի նախագահությունը երկարաձգելու նպատակով գեղամյանություն անել։ Կստացվի այդ ծրագիրը, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա։ Ըստ իս՝ Սարգսյանն էլ, Տեր–Պետրոսյանն էլ ձախողված գործիչներ են ու առաջիկա քաղաքական գործընթացների արդյունքում երկուսն էլ մարգինալացվելու են

Եթե կա մարդ, ով իմ այս գնահատականների հետ համաձայն չէ, ապա այդ մարդը  կա՛մ քաղաքականությունից չի հասկանում, կա՛մ դեռ դուրս չի եկել «Գայլն ու գառը» հեքիաթը կարդալու տարիքից և հավատում է, որ, ասենք, Ձմեռ պապիկը Նոր տարվա գիշերը նվերներ է դնում երեխաների բարձերի տակ։

Եթե կա մարդ, ով ինձ հետ համաձայն չէ և անկեղծորեն հավատում է, որ խեղկատակություն հիշեցնող այս «երկխոսության» արդյունքում տեղի են ունենալու արտահերթ նախագահական, իսկ այնուհետև՝ խորհրդարանական ընտրություններ, ապա կխնդրեի այդ մարդուն հրապարակավ ժամկետներ նշել, թե ե՞րբ արտահերթ ընտրությունները տեղի կունենան։ Կոնկրետ։ Ու եթե արտահերթ ընտրություն տեղի չունենա, ապա «շախմատիստներին» կխնդրեի պատասխանել, թե արդյոք ՀԱԿ–ն ընդունելու՞ է, որ չի կատարել իր խոստումը և պարտվել է։ Հերթականի դեպքում  ՀԱԿ–ը մասնակցելու՞ է 2012ի ԱԺ ընտրություններին և եթե այդ ընտրություններում փոքրամասնություն կազմի, ապա վերցնելո՞ւ է մանդատները, թե՞ ինչպես Երևանի դեպքում էր՝ հրաժարվելու է իր մանդատներից։ Եթե ԱԺ–ում փոքրամասնություն ունենալու դեպքում ՀԱԿ–ը վերցնելու է մանդատները, ապա ինչու՞ նույնը չարեց Երևանի ավագանու մանդատների պահով։

Սրանք հարցեր են, որից խուսափում են ՀԱԿ տարատեսակ ներկայացուցիչները, քանի որ իրենք էլ են հասկանում, որ եթե անկեղծ պատասխանեն, ապա շարքերին կկորցնեն։ Բայց դա արդեն ՀԱԿ ղեկավարության ու օգտագործվող շարքերի խնդիրն է։ Նրանք երկուսն էլ միմյանց արժանի են և երկուսն էլ արժանի են «քցման». մեկը՝ Սերժ Սարգսյանից, մյուսը՝ Սերժից «քցվածներից»։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը