Քաղաքական

12.06.2021 19:55


Վանաձորում կփորձենք Ծաղկաձորի նման երկրորդ լեռնադահուկային կենտրոնը ստեղծել․ Ռոբերտ Քոչարյան

Վանաձորում կփորձենք Ծաղկաձորի նման երկրորդ լեռնադահուկային կենտրոնը ստեղծել․ Ռոբերտ Քոչարյան

«Երկրի վիճակը ծայրահեղ ծանր է, դիմում եմ ձեզ՝ ևս մեկ անգամ վստահության քվե ստանալու համար»,-Վանաձորում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ այսօր այստեղ խոսվել է նաև հնարավոր դիկտատուրայի մասին։

«Գիտեք, այն ժամանակ կարող է ինչ որ մի թեթև նման բան եղել է, բայց միայն պետական համակարգի նկատմամբ։ Եթե խնդիրը դրված է, պետք է լուծվի, եթե պարտավորություն ես ստանձնել, պետք է կատարես, եթե կա ծրագիր, քեզ ճղի, բայց այդ ծրագիրը պետք է իրականացնես։ Կարգապահության, պատասխանատվության դիկտատուրա էր պետական համակարգում, ինչն այսօր բացարձակապես գոյություն չունի։

Դիկտատուրա էր ստի դեմ, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի սուտ ասել։ Եթե ուզում եք մեր պետական մեքենան սկսի ժամացույցի պես աշխատել, ուրեմն վստահեք մեզ, այդ գործը լավ եմ անում»,-ասաց Ռ. Քոչարյանը։

Նա ընդգծեց՝ իրենք գալիս են արժանապատիվ խաղաղություն հաստատելու, բանակը վերականագնելու, սահմանները պաշտպանելու համար, տնտեսական վերելք ապահովելու համար։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, Վանաձորում բազմաթիվ ծագրեր կիրականացնեն Վանաձորը լուրջ տուրիստական կենտրոն դարձնելու համար։

«Ինձ ասում են, որ այստեղ կա մի սար, որը կարող է երկրորդ Ծաղկաձորը դառնալ Հայաստանի համար։ Ես չեմ քայլել, չգիտեմ սարի պոտենցիալը լեռնադահուկային հանգստավայր դառնալու համար։ Բայց խոստանում եմ՝ եթե այդ պոտենցիալը կա, ուրեմն ներդրողներ կգտնենք, կփորձենք երկրորդ լեռնադահուկային կենտրոնը ստեղծել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա հայտարարեց, որ իրենք գալիս են համերաշխություն հաստատելու, հանգստություն բերելու համար։

«Արագ զարգացման տեմպեր ունենալու համար պետք է ունենանք հասարակություն, որը նայում է դեպի ապագա, որը միավորված է, որի գխին կանգած է մի թիմ, որն ունակ է երկիրն առաջ տանել։ Մենք այդ թիմն ենք, դիմում ենք ձեզ՝ վստահել մեզ»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը