Մեկնաբանություն

12.06.2021 11:38


Ասֆալտի հեղափոխականները

Ասֆալտի հեղափոխականները

Ճգնաժամային ու լարված ժամանակները ծնում են հերոսներ։ Ծնում են նաև տականքներ, պատմական պատահականություններ։

Հայտնի խոսք կա այն մասին, որ հեղափոխության արդյունքներից օգտվում են սրիկաները։ Մեզ մոտ գործնականում ապացուցվում է այս թեզը։

Ասֆալտի ֆիդայիններից մինչև ասֆալտի հեղափոխականներ

Արցախյան 1–ին պատերազմը ծնեց իր հերոսներին։ Ծնեց նաև «ասֆալտի ֆիդայիններին»։ Այդ «ասֆալտչիկներն» այն մարդիկ էին, ովքեր կռվող տղայի կերպարի մեջ էին մտնում (անթրաշ դեմք, զինվորական հագուստ և այլն) ու զբաղվում ռեկետով կամ այլ ապօրինություններով։

«Ասֆալտի ֆիդայինների» մեծ մասը հետագայում հավաքվեց երկրապահում։ Նրանք մասնակցեցին պետական գույքի սեփականաշնորհման գործընթացին և ձգտում էին կապիտալի կուտակման։ Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին։

Եվ այսպես, իրական հերոսներն աչքի ընկան մարտի դաշտում, իսկ «ասֆալտի ֆիդայինները»՝ կապիտալի կուտակման։

Հիմա եկել է այլ տիպի «ասֆալտչիկների» ժամանակը։

Կապիտալի կուտակման գործընթացի մեջ են մտած Նիկոլ Փաշինյանն ու իր նեղ շրջապատը։ Ուշագրավ է, որ սրանք իրենց թալանի աղբյուրներից մեկը դարձրել են քարոզչության առարկա ու վաճառում են «հպարտ» քաղաքացու վրա։ Խոսքը ասֆալտի մասին է։

Միակ պոզիտիվ բանը, որից Նիկոլը խոսում է այս օրերին, ասֆալտապատումն է։ Ուզում է ցույց տալ, որ գործ է արել։ Իրականում թալանով է զբաղվել։

Դատելով ամենից՝ նիկոլենք դարձել են «ասֆալտի հեղափոխականներ»։ Հսկայական գումարներ են աշխատում ասֆալտի միջոցով։ Իսկ թե ինչու են հենց ասֆալտի գործի վրա կենտրոնացել, դժվար է ասել։ Միգուցե պատճառն այն է, որ ցանկացած գեղցի հոգու խորքում երազում է ասֆալտ փռելու գործ կպցնել։ Վարչապետի աթոռին հասած Նիկոլը, թերևս, իր երազանքն է իրականացնում։ Երազանք, որը նաև փողաբեր է։

Կան տեղեկություններ, որ ասֆալտապատման աշխատանքների համար անհրաժեշտ բիտումի ներկրումով և «մրցույթների» շահումով աչքի է ընկնում Նիկոլին կից օլիգարխ և պատգամավորական ցուցակում հայտնված Խաչատուր Սուքիասյանը՝ «Գռզոն»։ Նա բիտումը ներկրում է «Լիմոն գրուպի» միջոցով, իշխանական աջակցությամբ հաղթում բոլոր մրցույթներում ու մենաշնորհային դիրքի ձգտում։ Այսպիսով Նիկոլը միլիոններ է «խփում» ասֆալտի գործի վրա։ Իշխանությունը նրա համար դարձել է կապիտալի կուտակման միջոց։ Դա է պատճառը, որ կառչած է աթոռից։

Ասֆալտի գործի վրա միլիոններ աշխատելու նիկոլական գործիքներից է նաև սուսիկ–փուսիկ Պապիկյան Սուրենը։ «Yerevan today»–ի մեր գործընկերները մանրամասն ներկայացրել էին այն սխեման, որի միջոցով աչքերը միամիտ ճպճպացնող Պապիկյանը դարձել է դոլարային միլիոնատեր։

Ասֆլատի հեղափոխականներն ուզում են շարունակել թալանը, բայց անունը դրել են «ժողովրդի իշխանություն» ու չեն ուզում լքել աթոռները, բայց մի բան է ուզելը, լրիվ այլ բան կարողանալը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը