Լրահոս

11.06.2021 15:22


Ալավերդու համայնքապետը եղել է սթափ վիճակում. ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել մահացու վրաերթից (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետը եղել է սթափ վիճակում. ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել մահացու վրաերթից (տեսանյութ)

Մահվան ելքով վրաերթի ժամանակ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը եղել է սթափ վիճակում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Նախաքննության ընթացքում ավտոմեքենայի վարորդի մասնակցությամբ կատարվել է ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, առգրավվել է դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստը, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` երեկ՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին Ալավերդու համայնքապետ, 49-ամյա Սասուն Խեչումյանը իր վարած «Օպել ֆրոնտելա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 51-ամյա Անդրեյ Ավետյանին։ Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը