Աշխարհ

10.06.2021 19:15


Ըստ Էրդողանի՝ Թուրքիային զրպարտող 3-4 խմբավորում կա, որից մեկը հայկական է

Ըստ Էրդողանի՝ Թուրքիային զրպարտող 3-4 խմբավորում կա, որից մեկը հայկական է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ելույթ է ունեցել և անդրադարձել իշխանության և իր հասցեին հնչող քննադատություններին: Խոսքը վերաբերում է ընդդիմության, մասնավորապես քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի քննադատություններին։

Հարկ է նշել, որ ընդդիմադիր գործիչները վերջին շրջանում անդրադառնում են քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի՝ թուրք իշխանավորների հետ կապեր ունենալու մասին բացահայտումներին: Այս թեմայով Քըլըչդարօղլուի հայտարարություններն Էրդողանն անվանել է զրպարտություն։

Նրա պնդմամբ՝ այսօր աշխարհում Թուրքիային մեղադրողների և զրպարտողների հետևում կանգնած է 3-4 խմբավորում:

Էրդողանի դասակարգման համաձայն՝ առաջինը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպությունն է և նրան հարող քաղաքական ու քաղաքացիական կառույցները:

Երկրորդը՝ գյուլենական համայնքը (կառույցը 2016թ հեղաշրջման փորձից հետո FETÖ ահաբեկչական կազմակերպություն է անվանվում):

Թուրքիայի նախագահն այս շարքում նշել է նաև հայկական կազմակերպություններին՝ անելով հետևյալ շեշտադրումը.

«Մեր երկրի դեմ տարվող արշավների մեկ այլ կարևոր աջակիցն է վաղուց արևմուտքում գործող ձեռքերն արյունոտ հայկական կազմակերպությունները: Հիմա այս բոլորին ավելացել են նաև հանցավոր խմբավորման անդամները: Բոլոր այս կառույցները ըստ էության ինչ-որ իմաստով սնվում են միևնույն աղբյուրներից, ուղղորդվում են միևնույն ձեռքերի կողմից: Իհարկե, այս ցուցակին պետք է ավելացնել մի շարք քաղաքական գորիծչների, որոնք հանուն իրենց անձնական շահի կրկնում են այս թեմաները»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը