Աշխարհ

10.06.2021 18:15


Վրաստանը կարող է սկսել օտարերկրացիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ

Վրաստանը կարող է սկսել օտարերկրացիներին պատվաստել կորոնավիրուսի դեմ

Վրաստանում քննարկում են այն օտարերկրացիներին պատվաստելու հնարավորությունը, որոնք որոշակի ժամանակով գտնվում են Վրաստանում և ցանկանում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այս մասին այսօր հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:

Նա հաստատել է, որ Վրաստանում օտարերկրացիների պատվաստման հարցը «քննարկվում է և կներկայացվի Միջգերատեսչական համակարգող խորհրդին»:

«Մենք այժմ պատվաստում ենք միայն օտարերկրացիներին, ովքեր ունեն կացության թույլտվություն և դիվանագետներին, բայց մենք կարծում ենք, որ ընդհանուր առմամբ հնարավորություն կստեղծվի պատվաստել այլ երկրների քաղաքացիներին նույնպես, ովքեր որոշակի ժամանակահատվածով գտնվում են Վրաստանում և ցանկանում են պատվաստվել»,-հայտարարել է Գամկղրելիձեն:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին: Վրաստանի քաղաքացիները պատվաստվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված դեղամիջոցներով՝ AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovac:

Ամռանը Վրաստանը սպասում է Jonson & Jonson և Novovax ամերիկյան պատվաստանյութերի առաջին խմբաքանակները:

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 184 718 մարդ, որից 54 474 քաղաքացի ընդունել է երկու լրիվ դեղաչափ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը