Քաղաքական

11.06.2011 10:44


Գալուստ Սահակյան. «Լևոնի զրոն մեզ չի վերաբերի»

Գալուստ Սահակյան. «Լևոնի զրոն մեզ չի վերաբերի»

Անդրադառնալով իշխանության հետ երկխոսության մասին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությանը, թե որոշումների կայացման գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որևէ նշանակություն չունի, հետևաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որևէ բան ասել՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «7օր»–ին ասել է.

–Դա ցայտնոտիկ կրքերի ամբիցիոզ հայտարարություն է։ Համենայնդեպս, Լևոնի զրոն մեզ չի վերաբերի։ Դա Լևոնի զրոն է, ինքը իր բնավորությամբ է այդպիսին՝ իր ամբիցիաների առաջ ամեն ինչը զրո է դառնում։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի պատասխանը՝ «պատվիրակություն ձևավորելն ու արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելն անընդունելի են», պե՞տք է համարել հենց Սերժ Սարգսյանի պատասխան, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծել է.

–Երբ կուսակցության փոխնախագահը պաշտոնական տեսակետ է ասում, դա արդեն ողջ կուսակցության պաշտոնական տեսակետն է։ Երբ նախագահի աշխատակազմի ղեկավարը պաշտոնական խոսք է ասում, դա նախագահի պաշտոնական խոսքն է։ Այնպես որ կարծում եմ՝ ՀԱԿ–ը ժամանակ շահելու խնդիր ունի, և փորձում են այսպես շատ ցերեմոնիկ դարձնել իրենց ասած երկխոսությունը։ Ես կարծում եմ, որ ի վերջո կրքերը կհանգստանան, այդ երկխոսությունն էլ կլինի, կպարզաբանվի։ Չեմ կարծում, որ ավելորդ լարվածության կամ անորոշության տեղիք պետք է տան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը