Մեկնաբանություն

10.06.2021 10:15


Նիկոլի լևոնական կարգախոսը՝ «Թող լի՛քը զոհ պահանջվի ինձնից բացի»

Նիկոլի լևոնական կարգախոսը՝ «Թող լի՛քը զոհ պահանջվի ինձնից բացի»

Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր–Պետրոսյանի աշակերտն է, քաղաքական հոգեզավակը։ Նա արեց այն, ինչ ասում էր 1–ին նախագահը։

Հայեցակարգային ու բովանդակային առումով Լևոնն ու Նիկոլը նույն դաշտում են գտնվում։ Տարբերությունները ձևի մեջ են։

Լևոնն առաջարկում էր Արցախը հանձնել Ադրբեջանին, որպեսզի նրանք սահմանները բացեն ու առևտուր անեն հետներս։ Լևոնի պատկերացմամբ՝ լավ կյանքը կսկսվեր Արցախը հանձնելուց հետո։ Նիկոլը կյանքի կոչեց այդ ծրագիրը, բայց ոչ թե թղթով, այլ արյամբ։ Ու եթե ռուսներն իրենց շահերից ելնելով չմիջամտեին, ապա Արցախի այս մի կտորն էլ չէր մնա։ Ինչ վերաբերում է «Արցախը հանձնենք, որ լավ ապրենք» բանաձևին, ապա Նիկոլը և Ալիևը գործնականում ցույց են տալիս, որ Լևոնը սխալ էր, քանզի Ադրբեջանի ախորժակը բացվել է ու կբացվեր նաև 1998–ին, եթե Լևոնին դուրս չանեին նախագահի կաբինետից։ Դուրս անողների սխալն այն էր, որ իշխանափոխությունից հետո հիմքից չվերացվեցին լևոնական կոդերը, հանրությանը չբացատրվեց լևոնական կոդերի հակապետականությունը։ Այդ ամենը չարվեց, ինչից օգտվեցին քիրվայականները՝ փորձելով հասնել ռևանշի։ 2008–ին ռևանշը չստացվեց, 2018–ին՝ ստացվեց։ Արդյունքում՝ վերացվեց Արցախի պետականությունը, արնահոսում է Հայաստանը։

Նիկոլը լևոնություն է անում նաև ներքաղաքական պայքարում։ Նա ներազգային բախումներ ու քաղաքացիական պատերազմ է գեներացնում։ Ինչպես որ Տեր–Պետրոսյանն էր 2008–ին հակաղարաբաղցիական քարոզ տանում ու ատելության մթնոլորտ ստեղծում, որպեսզի ամեն գնով գա իշխանության, այնպես էլ հիմա Նիկոլն է նույնն անում։ Տարբերությունն այն է, որ Լևոնն այն ժամանակ խաղում էր իր գործիքով՝ Նիկոլով, իսկ Նիկոլը՝ համատեղում է ատելություն տարածողի ու գործիքի ֆունկցիաները։

Լևոնը 2008–ին արտասանում էր, թե բա թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, բայց իրականում Նիկոլի միջոցով մարդկանց տարավ կրակի բերան։ Եղան լիքը զոհեր, որոնց մեջ, բնականաբար, չկար Լևոնը։ Նիկոլն էլ 2008–ի մարտի 1–ի զոհերի մեջ չկար, քանզի իր գործն ուրիշների գլուխն ուտելն էր։ Հենց տեսավ, որ իշխանազավթումը չի ստացվում, թռավ։

Հիմա Նիկոլը անում է այն, ինչ 2008–ին էր անում, բայց արդեն ոչ թե որպես իշխանության ձգտող ճղճղան ընդդիմադիր, այլ որպես իշխանությունը զավթած վարչապետի ժ/պ։ Իսկ դա նշանակում է, որ այս անգամ Նիկոլն ավելի շատ արյուն է ուզում հոսեցնել։

Նիկոլի կարգախոսը նույնն է, ինչ Լևոնինը՝ «Թող լի՛քը զոհ պահանջվի ինձնից բացի»։

Թե այս անգամ քանիսի գլուխն է ուտելու Նիկոլը, կախված է գիտակից քաղաքացիների վարքագծից։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին ու որքան շատ մերժվի Նիկոլը, այնքան կնվազի ու, ի վերջո, զրոյի կհասցվի բախումների, արյան հավանականությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը