Տնտեսական

10.06.2021 10:09


«Գույք պարտքի դիմաց». առասպելներ ու իրականություն

«Գույք պարտքի դիմաց». առասպելներ ու իրականություն

Տասնայմակներով հանրության շրջանում շահարկված ամենատարածված թեմաներից մեկն էլ 2002 թվականի հուլիսին ստորագրված «Գույք պարտքի դիմաց» ծրագիրն է. չխորանալով և հաշվի չառնելով այդ ծրագրի քաղաքական, տնտեսական, ներդրումային և սոցիալական բաղադրիչները՝ շարքային քաղաքացիներին այդ ամենը մատուցվում էր բացասական ֆոնի ներքո։

«Գույք պարտքի դիմաց» առաջին ծրագրով 98 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 խոշոր ընկերություն՝ Հրազդանի ջերմակայանը (առանց 5-րդ էներգոբլոկի), «Մարս» գործարանը և 3 ընկերություն՝ Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները: Ի դեպ, այդ պարտքը ձևավորվել էր բնական գազի մատակարարումների արդյունքում։

Այս օբյեկտները կառուցվել էին Խորհրդային ժամանակաշրջում և գործակցել էին հիմնականում միութենական կազմակերպությունների հետ։ Տնտեսական կապերի խզման, շրջափակման, 90-ականների պետական գույքի թալանի և անարդյունավետ կառավարման հետևանքով այս պետական կազմակերպությունները չէին գործում կամ գործում էին իրենց ներուժի չնչին մասով։ ԽՍՀՄ փլուզմից հետո այդ գործարանները չէին վերազինվել և նոր շուկաներ չէին գտել, իսկ դեռ պահպանված գույքը ֆիզիկապես և բարոյապես մաշված վիճակում էր (օրինակ՝ Մարս գործարանը, Նյութաբանության ինստիտուտները)։ Իսկ այդ պահին գործող Հրազդանի ՋԷԿ–ը հիմնադրվել էր 1966 թվականին, այսինքն՝ 46 տարվա գործող ՋԷԿ էր, որն ուներ ներդրումների և պետական հոգածության խիստ կարիք։ Հետագայում՝ 2006 թվականին, ռուսական կողմին վաճառվեց նաև Հրազդան ՋԷԿ-ի անավարտ 5-րդ էներգոբլոկը, որի դիմաց ստացված 250 մլն դոլար գումարն ուղղվեց բնական գազի սուբսիդավորմանը, ինչի արդյունքում բնակչության համար բնական գազի սակագինը նվազեց 6 դրամով՝ կազմելով 1 խմ-ի դիմաց 84 դրամ (ներկայում 139 դրամ է)․ այս սակագինը պահպանվեց շուրջ 3 տարի՝ 2006-2009 թվականներին։ Միաժամանակ, ռուսական կողմը պարտավորվեց 180 մլն դոլարի ներդրում կատարել Հրազդանի 5-րդ էներգոբլոկում, սակայն փաստացի ներդրումները նախատեսվածից ավելի շատ արվեցին։

2002 թվականի սեպտեմբերին «Գույք պարտքի դիմաց» երկրորդ ծրագրով հայկական կողմը, չկարողանալով մարել ատոմակայանի վառելիքի մատակարարումների դիմաց կուտակված 32 մլն դոլարի պարտքը, ռուսական կողմին զիջեց Հրազդան-Սևան հիդրոկասկադն իր ընդհանուր 560 Մվտ հզորությամբ (7 ՀԷԿ-երով)։ Սևանա լճի մակարդակը կայունացնելու և բարձրացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը մի քանի անգամ կրճատեց Սևանից բաց թողնվող ջրի ծավալները, ինչի հետևանքով այս հիդրոկասկադը իր արտադրական կարողությունների շատ փոքր մասն է շահագործում։ Հետագայում Հրազդան-Սևան հիդրոկասկադը վերավաճառվեց Տաշիր գրուպին։

Զուգահեռաբար, «Գույք պարտքի դիմաց» ծրագրերով ռուսական կողմը պարտավորվում էր ապահովել նախկին հայկական ձեռնարկությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում կատարել ներդրումներ և բացել նոր աշխատատեղեր։

Ակնհայտ է, որ այս գործարքով Ռուսաստանը ավելի շուտ լուծում էր ոչ թե տնտեսական, այլ զուտ քաղաքական խնդիրներ. 130 մլն դոլարը Ռուսաստանի համար փոքր գումար էր, մինչդեռ, տիրանալով հայկական օբյեկտներին, ռուսական կողմն ամրապնդում է դիրքերը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։

Արցախյան առաջին պատերազմի արդյունքում ծանր պարտություն կրած Ադրբեջանը տնտեսական և քաղաքական առավելություններ ստանալու նպատակով արդեն իսկ սկսել էր օտարերկրյա կազմակերպություններին և երկրներին ներգրավել իր նավթային ոլորտ։ Մասնավորապես՝ 1991 թվականին, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-1995 թվականներին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել էր 60%-ով։ Ադրբեջանի նոր իշխանությունը՝ հայր Ալիևի գլխավորությամբ, իր առջև հիմնական նպատակ էին դրել վերականգնել նավթարդյունաբերությունը՝ ներգրավելով օտարերկրյա ներդրումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ։ Այդ նպատակով 1995-ին ադրբեջանական իշխանությունները հիմնադրել էին Ադրբեջանի Միջազգային գործող ընկերությունը (Azerbaijan International Operating Company), որի բաժնետեր էին դարձել՝ BP (անգլիական), Amoco (ամերիկական), LUKoil (ռուսական), Pennzoil (ամերիկական), UNOCAL (ամերիկական), Statoil (Նորվեգական), McDermott (ամերիկական), Ramco (հնդկական), TPAO (թուրքական), Delta Nimir (ամերիկական) և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունները։ Հետագայում Exxon (ամերիկական), ITOCHU (ճապոնական) և INPEX-ն (ճապոնական) ընկերություններն ևս միացան, իսկ McDermoot, Ramco, և LUKoil-ը վաճառեցին բաժնեմասերը։ Նավթադոլարները միշտ են ձգել խոշոր քաղաքական ուժերին և միջազգային կոորպորացիաներին, օրինակ՝ ամերիկյան նավթային ընկերությունների լոբբինգի արդյունքում էր, որ 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնյան գագաթնաժողովի ժամանակ կտրուկ փոխվեց Արցախի հիմնախնդրի նկատմամբ միջազգային վերաբերմունքը և ոչ հայանպաստ բանաձև ներկայացվեց։

Գաղտնիք չէ, որ մեր տարածաշրջանում տնտեսական նախագծերը մշտապես սպասարկել են քաղաքական նպատակները։ Դրա վառ ապացույցը՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն է․ Հայաստանի տարածքով նավթամուղը կառուցելու դեպքում ծախսերը անհամեմատ ավելի քիչ կլինեին, սակայն Հայաստանը շրջանցելու, նաև շրջափակելու և ճնշումների տակ պահելու նպատակով ադրբեջանական իշխանությունները դեմ գնացին բիզնես տրամաբանությանը և ավելի երկար ու ծախսատար նավթամուղ կառուցեցին։ Այս հանգամանքը պետք է սթափեցնի այն մարդկանց, որոնք Հայաստանի տնտեսական զարգացումը կապում են Թուրքիայի և Ադրբեջանի առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու հետ։ Թշնամական տրամադրված երկրները ցանկանում են, որ Հայաստանը լինի տնտեսապես թույլ և ունենա քիչ բնակչություն։

Նկատի առնելով միջազգային խոշոր կոորպորացիաների հետաքրքրությունները և ներդրումները Ադրբեջանում (նոր նավթահորեր, նավթամուղեր)՝ հայկական կողմը չէր կարող ձեռքերը ծալած նստել և որպես հակակշիռ՝ Հայաստանի տնտեսության մեջ պետք է ներգրավեր ռուսական կապիտալ, որն իրականացվեց նաև «Գույք պարտքի դիմաց» ծրագրերի միջոցով։

Բացի այդ, 2000-ականներին ՀՀ կառավարության համար այս գործարքը զուտ ֆինանսաբյուջետային խնդիրների լուծման տեսանկյունից խիստ շահեկան էր, քանի որ ռուսական 98 միլիոն դոլարի պարտքը մեր ավելի քան 900 մլն դոլար (2002 թվականին) արտաքին պարտքի «ամենաթանկ» հատվածն էր. դրա սպասարկումը բյուջեի վրա մեկուկես անգամ ավելի թանկ էր նստում, քան մնացած 800 մլն դոլարի պարտքի սպասարկումը։

Հաճախ է հնչում հարցը՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ռուսաստանը ներել է աֆրիկյան, ասիական և հարավամերիկյան երկրների միլիարդավոր դոլարների հասնող պարտքերը, սակայն Հայաստանից պարտքի դիմաց վերցրել է գույք։ Նախ․ պետք է իմանալ, որ Խորհրդային միության փլուզմից հետո Ռուսաստանը դարձել է նրա իրավահաջորդը և ժառանգել բոլոր պարտքերը։ Վերջին 25 տարիների ընթացքում ՌԴ-ն ներել է ԽՍՀՄ-ից մնացած մոտ 140 մլրդ դոլարի անհուսալի պարտք, որը հիմնականում ձևավորվել էր զենքի, զինամթերքի և ապրանքների մատակարարումներից։ Այն դեպքում, երբ Հայաստանի պետական պարտքը ձևավորվել էր 1998 թվականից հետո՝ բնական գազի և ատոմակայանի վառելիքի մատակարարումների արդյունքում։ Իհարկե, Հայաստանի պետական պարտքի ձևավորման մասով ամեն ինչ թափանցիկ և տրամաբանական չէր, սակայն «Գույք պարտքի դիմաց» ծրագրերը սպասարկող այդ նույն մասնագետները մինչև հիմա նստած են կառավարությունում և պատասխանատվության չեն կանչվում։

Ամփոփելով՝ նշենք, որ «Գույք պարտքի դիմաց» ծրագրերը ունեցել են քաղաքական և տնտեսական նշանակություն։ Անշուշտ, ռուսական կողմին փոխանցված որոշ գույքերի արժեքը (օրինակ՝ Սևան-Հրազդան հիդրոկասկադի) անհամեմատ ցածր է գնահատվել, և մտահոգիչ է, որ այդ օբյեկտների մի մասը չի գործում առ այսօր։ Այնուամենայնիվ, սառը դատելով պետք է արձանագրել, որ այս գործարքների շնորհիվ կայունացել է ՀՀ էներգետիկ համակարգը, հոսել են ներդրումները, ստեղծվել են նոր աշխատատեղեր և խորացել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը՝ հիմքում դնելով նաև տնտեսական բաղադրիչը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը