Մեկնաբանություն

10.06.2011 16:02


«Նախագա՛հ, մի՛ լռիր»

«Նախագա՛հ, մի՛ լռիր»

Հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների ստորագրման փուլում ՀՅԴ–ն հրապարակային մի շարք քայլերի էր դիմել, որպեսզի թույլ չտա դրանց ստորագրումը։ Դաշնակցականները բողոքի երթի ժամանակ, այլ վանկարկումներից զատ, հնչեցնում էին «Նախագա՛հ, մի՛ զիջիր» կարգախոսը, ինչը քննադատվում էր Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի կողմից (նկատենք, որ ՀԱԿ առաջնորդը «ֆուտբոլային» դիվանագիտության այս ամբողջ ընթացքում, փաստացի, առաջնորդվում է «Նախագա՛հ, զիջի՛ր» կարգախոսով, բայց իր այդ մոտեցումը քողարկում է հանրահավաքային երկարաշունչ ելույթներով)։ Լևոնականների ասածն այն էր, թե «Նախագա՛հ, մի՛ զիջիր» գոռալով՝ լեգիտիմացվում է Սերժ Սարգսյանը։

Եվ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. ՀՅԴ–ի վանկարկումները քննադատող ՀԱԿ–ն այժմ հայտնվել է մի վիճակում, երբ ստիպված է որդեգրել «Նախագա՛հ, մի՛ լռիր» կարգախոսը, ինչն այլ կերպ, քան ինքնանվաստացման ակտ չես անվանի։ Բայց Սարգսյանն անդրդվելի է և չի խոսում «երկխոսության» թեմայով։

Տեր–Պետրոսյանին այլ բան չի մնում, քան մերժված օրիորդի վարքագիծ հիշեցնող քայլի դիմելը. նա արդեն մամուլում իր ու Սերժ Սարգսյանի միմյանց ժպտացող արխիվային նկարներ է հրապարակում ու փորձում գոնե դրանով շարժել ՀՀԿ «ճկուն» ղեկավարի գութը։

Սակայն, ինչպես և ենթադրվում էր, Սերժ Սարգսյանը չի խոսում, և ամենայն հավանականությամբ, չի էլ խոսի, քանի որ իր ասելիքն ասել է։ Ճիշտ է, այլոց բերանով է ասել, բայց ասել է։

Իսկ եթե, այնուամենայնիվ, Սարգսյանը որոշի արտահայտվել այս թեմայով, ապա ՀԱԿ–ին կառաջարկի միանալ Մարզահամերգային համալիրում տասնյակ  կուսակցապետերի մասնակցությամբ գործող թամաշայի ֆորմատին, ինչի ակնարկները Կարեն Կարապետյանի ու Շարմազանովի շուրթերով նա արդեն արել է։

Մի խոսքով, ՀԱԿ–ը հայտնվել է խաբված ավանդատուի կարգավիճակում, իսկ Տեր–Պետրոսյանի ու Սարգսյանի հարաբերությունները հիշեցնում են «12 աթոռը» ֆիլմի հայտնի դրվագը, որը ներկայացված է այս հոդվածին կից տեսանյութում։

Կարեն Հակոբջանյան

[tube]http://www.youtube.com/watch?v=FZ2rdPgkGv4[/tube]

 

Հ.Գ.։ Որպեսզի Լևոն Տեր–Պետրոսյանի 5 հոգանոց պատվիրակության անդամները պարապ չմնան՝ առաջարկում եմ ասուլիսներ, սեմինարներ և կլոր սեղաններ (round table) կազմակերպել: Հնարավոր թեմաներ կարող են լինել՝ «Եղիազարը և էջմիածնական միաբանները արդի քաղաքական փուլում», «Շախմատային քաղաքականությունը և գործարքի անխուսափելիությունը», «Գեղամյանացումը որպես հավատամք» և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը