Քաղաքական

07.06.2021 14:51


«Մեղրիի միջանցք» տրամադրելն անթույլատրելի է, ես գիտեմ` ինչ է Թուրքիան ուզում. Քոչարյան

«Մեղրիի միջանցք» տրամադրելն անթույլատրելի է, ես գիտեմ` ինչ է Թուրքիան ուզում. Քոչարյան

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ագարակցիների հետ հանդիպման ժամանակ, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, նշեց, որ դաշինքը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, բայց անթույլատրելի է համարում «Մեղրիի միջանցքի» տրամադրումը։

«Նորմալ չէ, որ ասենք`դեմ ենք, որ երկաթուղին աշխատի, դեմ ենք, որ ճանապարհները աշխատեն, իհարկե կողմ ենք, բայց ինձ շատ է մտահոգում այդ միջանցք բառը, որովհետև ես գիտեմ ինչ է Ադրբեջանը հասկանում միջանցքի տակ, ես գիտեմ` ինչ է Թուրքիան պատկերացնում միջանցքի տակ։ Եվ եթե միջանցքի մասին խոսում են միակողմանի` միայն Հայաստանի տարածքով, այլ ոչ թե ընդհանարապես մեկը մյուսի համար միջանցքներ բացեն, սա այն ահազանգն է, որտեղ պետք ստոպ անենք, հասկանանք` ինչ նկատի ունենք միջանցք ասելով։ Իրենց պատկերացմամբ՝ սա նշանակելու է ՀՀ սուվերենության որոշակի սահմանափակում, այդ միջանցքի վրա իրենց ազդեցության ինչ-որ լծակների ֆիքսում` սա անթույլատրելի է»,-նշեց Քոչարյանը` հավելելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի հեռահար նպատակներն ուրիշ են` սկզբում միջանցք, հետո՝ ավելին, և արդյունքում կստեղծվի անվտանգության լրջագույն խնդիր տարածաշրջանի բնակիչների համար։

Քոչարյանը հավաքվածների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ իրեն անընդհատ մեղադրում են Մեղրին հանձնելու մեջ։

«Շատերդ եք մտածում`«սա այն Քոչարյանը չէ, որ 15 տարի է Մեղրին հանձնում է, տենց էլ չհանձնեց», երևի կա այդպիսի հակաքարոզչությամբ մարդկանց ուղեղներում սրսկված մի թեզ։ Մի հավատացեք բացարձակ ստերին, հայրենիքի հողը հանձնողներն այս իշխանություններն են։ Այս իշխանությունները հենց առաջին օրից սկսել են հետևողականորեն քայքայել մեր երկրի ողնաշարը՝ հայկական բանակը, և արդյունքում մենք ունեցանք մեծ տարածքային կորուստներ։ Այսօր ինձ մեղադրողները քննարկում են «Մեղրիի միջանցքը»։ Իրականությունը սա է»,–ասաց նա։

Խոսելով Ագարակում տիրող իրավիճակի մասին ՝ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ կայուն ոռոգման համակարգ ունենալու դեպքում գյուղատնտեսական արտադրանքի շեշտակի աճ կարող է լինել։ Նրա խոսքով` տուրիզմի զարգացման շեշտակի աճի հնարավորություն ևս կա։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը