Մեկնաբանություն

07.06.2021 11:42


Նախընտրական խճանկար․ Քոչարյան VS Նիկոլ

Նախընտրական խճանկար․ Քոչարյան VS Նիկոլ

Այսօր պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզչության փուլը, թեև այն ոչ պաշտոնապես վաղուց էր մեկնարկել։

2018–ի մայիսի 8–ից մենք մտել ենք ընտրական նոր ցիկլի մեջ։ Հայաստանը Նիկոլի վարչապետության շրջանում չի հանդարտվում, չի մտնում աշխատանքային գրաֆիկի մեջ, չի զարգանում, ցնցումներից չի ազատվում։

Նիկոլը պետական կառավարումը վերածեց միտինգի։ Ինքը հիվանդ է ու հիվանդացրել է իր շուրջ եղած ամեն ինչը։ Կամ էլ՝ ինքը հիվանդության ծնունդ է։ Ամեն դեպքում տուժողը պետությունն ու ՀՀ քաղաքացին է, ընդորում՝ որքան շատ է նիկոլամետ քաղաքացին, այնքան շատ է Նիկոլից տուժել։

Հիմա մտնում ենք քարոզի փուլ։ 12 օր շարունակ մեծ աղմուկ կբարձրանա, քանզի 2 տասնյակից ավելի կուսակցություն ու կուսակցությունների դաշինք է մասնակցում։

Աղմուկը, թոզը, փրփուրը շատ կլինի, բայց միևնույն է ընտրապայքարի հիմնական սուբյեկտները հայտնի են։

Ռոբերտ Քոչարյան VS Նիկոլ Փաշինյան

Ընտրարշավի գլխավոր ֆավորիտները հայտնի են՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և Նիկոլ Փաշինյանի ուսապարկային կուսակցությունը։

Նիկոլը որպես գործող իշխանություն է հիմնական հավակնորդ դարձել։ Իշխանափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագրից» բան չի մնա։ Նիկոլից կմնա՝ թրաշը։

Նիկոլի մոտիվացիան վախն է։ Նա վախենում է վարչապետի աթոռը կորցնել, քանզի գիտի, որ դրանից հետո հայտնվելու է այլ աթոռի վրա։ Նրա մյուս մոտիվացիան ագահությունն է։ Նիկոլի պատկերացմամբ իշխանությունը բացառապես լիազորություններ են, վայելքներ և բառիս ուղիղ իմաստով՝ ուտելու լայն հնարավորություններ։

Նիկոլն ագահի պես թալանել է և վախենում նաև դրա համար։ Վախենում է կորցնել թալանածն ու պատասխան տալ։

Ռոբերտ Քոչարյանի համար այս ընտրություններում լրիվ այլ մոտիվացիաներ կան։ Նա բոլորին ապացուցելու բան ունի և հավակնում է առնվազն կրկնել իր կառավարման տարիների դրական ցուցանիշները, ապահովել իր կառավարման տարիների ներհատուկ խաղաղությունը և վերականգնել դրսի ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ հարգանքը։

Նիկոլը մասնակցում է ընտրություններին՝ «Ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսով։ Քոչարյանն ունի «Աշխատենք միասին» կոդն ու առաջարկում է շարժվել «Հիմա կամ երբեք» տարբերակով։

Նիկոլը ներկայացնում է փտած անցյալը, պարտված ներկան ու վտանգված ապագան։ Նրա հույսը մուտիլովկան է ու իր հպատակների կարճ հիշողությունը։

Քոչարյանը Նիկոլի հակապատկերն է։ Նիկոլի անգրագետ կառավարմանը նա հակադրում է փորձն ու գիտելիքը։ Նիկոլի ուսապարկային թիմին նա հակադրում է պրոֆեսիոնալների հսկայական բանակ։

Նիկոլի մոտ կա բացարձակ իշխանությունը վերարտադրելու և կաշին փրկելու ցանկություն։ Իշխանությունը Նիկոլի համար ինքնանպատակ է։

Քոչարյանը ձգտում է ամբողջական իշխանության, բայց բաց է նաև համագործակցության համար։

Նախընտրական խճանկար

Ե՛վ Քոչարյանի, և՛ Նիկոլի համար ընտրության մասնակցելու նպատակն իշխանությունը վերցնելն է։ Մյուս ուժերի մեջ կան այնպիսիք, որոնք շանս ունեն խորհրդարան անցնելու, բայց նրանք իշխանական հավակնություններ չունեն և ժողովուրդն էլ՝ ի դեմս նրանց, չի տեսնում որպես ապագա իշխանություններ։

Նրանք, ովքեր ուզում են այս թյուրիմացությունները մնան և մեր թշնամիների համար ուսապարկի վերածեն Հայաստանը, քվեն տալու են Նիկոլին։ Սա այն անհայրենիք բոմժական զանգվածն է, որը խեղաթյուրված արժեքներով է ապրում։

Իսկ նրանք, ովքեր ունեն արժանապատվություն, պետականամետ արժեհամակարգ և ցանկանում են ազատվել Նիկոլից, ճնշող մեծամասնությամբ քվեարկելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին։

Հականիկոլական դաշտում էլի ուժեր կան, բայց նրանք հիմնական խաղացողները չեն ու հասկանում են, որ պայքարը Քոչարյան–Նիկոլ տիրույթում է։

Նիկոլական տիրույթում էլ կան կուսակցություններ և նույնիսկ մի էժանագին դաշինք՝ սեփական մոր դեմ ցուցմունք տվող Բաբաջանյան Արմանի գլխավորությամբ, բայց դրանք աղմուկի համար են մասնակցում։

Բացի Քոչարյանի ու Նիկոլի գլխավորած ուժերից, խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, կլինեն այն ուժերը, որոնք հրապարակավ հայտարարել են, որ որևէ պարագայում ու որևէ ձևաչափով չեն համագործակցի Նիկոլի հետ։ Մյուս կողմից ակնհայտ է, որ նիկոլական արբանյակներից որևէ մեկը ԱԺ մտնելու շանս չունի։

Եվ այսպես, քվեների առյուծի բաժինը կտանեն Քոչարյանն ու Նիկոլը։ Ահագին ձայներ կփոշիանան՝ մինչև 20 տոկոս։ Եվս երկու ուժ հավակնում են խորհրդարան անցնելուն։ Իսկ թե ինչպիսի համամասնությամբ կբաշխվեն տոկոսները, որոշելու է ՀՀ քաղաքացին։

Հաղթանակների խորհրդանիշ Քոչարյանի ու պարտությունների խորհրդանիշ Նիկոլի միջև պետք է ընտրություն կատարի ՀՀ քաղաքացին։ Կարծես թե դժվար չէ կողմնորոշվելը։ Հը՞։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը