Քաղաքական

07.06.2021 08:52


Քարոզարշավը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը

Քարոզարշավը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը

Քարոզարշավի մեկնարկի նախօրեին ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերին պայմանական կարելի է բաժանել երկու մասի` ազդեցիկ և ֆոնային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ազդեցիկները 4-ն են՝ «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մյուսները «երանգային» կամ «ֆոն» ստեղծող ուժերն են:

Վերջիններիս՝ սահմանված նվազագույն շեմը հաղթահարելու շանսերը խիստ կասկածելի են, գրեթե զրոյական, քանի որ չունեն համապատասխան ընտրազանգված: Քաղտեխնոլոգի խոսքով՝ նրանց բոլորի ստացած քվեների հանրագումարը չի կարող գերազանցել 7 տոկոսի շեմը:

«Նրանց քարոզարշավը հիմնականում լինելու է աղմկոտ, այսինքն` նրանք տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ կտան, տարբեր քննարկումների կմասնակցեն, աղմուկ կբարձրացնեն և կխանգարեն միմյանց, բայց 4 ազդեցիկներին չեն խանգարի»,-ասաց նա:

Ազդեցիկ ուժերից հիմնական ֆավորիտները 2-ն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը: Հենց նրանց միջև է լինելու վարչապետի պաշտոնի համար մղվող հիմնական պայքարը:

«Այդ երկու ուժերի համար հաղթանակը գին ունի. և՛ ՔՊ-ի, և՛ «Հայաստան» դաշինքի ղեկավարների համար գինը վարչապետի պաշտոնն է, ոչ թե 20-25-30-40, անգամ 49 մանդատ ստանալը»,-նշեց քաղտեխնոլոգը:

Նրա դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն կպայքարի Ազգային ժողովում այս պահին ունեցած տոկոսային հարաբերակցությունը պահպանելու, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ խորհրդարանում որոշակի մանդատներ ստանալու համար:

Բադալյանի կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերն էլ քարոզարշավի փուլ են մտնում բավականին լուրջ թերություններով: «Հայաստան» դաշինքն, օրինակ, իր քաղաքական լիդերի կերպարը ներկայացնելու խնդիր ունի: Գրագետ քարոզարշավի դեպքում միայն դաշինքը կարող է քվեների թիվն ավելացնել:

«Հայաստան» դաշինքին դեռևս չի հաջողվել լիարժեք ներկայացնել իր ղեկավարի կերպարը, որն այս պահի դրությամբ բավականին պահանջարկ ունի։ Այս երկու շաբաթվա ընթացքում նրանք կարող են այդ թերությունը վերացնել և բավականին հաջող արդյունք գրանցել»,-ընդգծեց նա։

«Քաղաքացիական պայմանագիրը», ըստ քաղտեխնոլոգի, հասկանալի պատճառներով, չի կարող որակյալ քարոզարշավ իրականացնել, հետևաբար՝ նրան այլ բան չի մնում, քան հասարակության մեջ նախկինների մասին վատ հիշողությունները թարմացնել:

«Պատերազմը, կապտուլյացիան… Փաշինյանը բավականին մեծ հակավարկանիշ ունի և քարոզարշավի հիմնական շեշտը դնում է նախկիններին քննադատելու վրա։ Հայաստանում կա մի ընտրազանգված, որը մերժում է նախկիններին, այդ իսկ պատճառով այդ խումբը հանդիսանալով իշխող քաղաքական ուժի հիմնական թիրախը՝ ընդունում է նաև նրա քարոզչությունը»,-հավելեց Բադալյանը։

Նրա կարծիքով՝ քարոզարշավի ընթացքում այս համամասնությունը կարող է փոխվել: Ամեն ինչ ավելի հստակ կլինի քարոզարշավի ավարտից հետո միայն, երբ քաղաքական ուժերի աշխատանքը հնարավոր կլինի արդեն գործնականում դիտարկել:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ։

Քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին։

Այս խորագրի վերջին նյութերը