Քաղաքական

06.06.2021 15:32


Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների քաղաքացիների հետ (տեսանյութ, լուսանկար)

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների քաղաքացիների հետ (տեսանյութ, լուսանկար)

Մենք հրապարակել ենք ծրագիր, ներկայացրել ենք մեր թիմի գրեթե բոլոր անդամներին։ Մենք ունենք գիտելիքներ, ունենք կառավարման հմտություն, ապացուցել ենք դա ոչ հեռավոր անցյալում և պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել հիմա այս դժվարին պահին։ Այս մասին Երևան Աջափնյակ ու Դավթաշեն վարչական շրջանների քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով դաշինքի ուղերձը։

Վերջին օրերին տարբեր համայքներում և մարզերում դաշինքի հանդիպումներից հետո նախագահն առանձնացրել է այն հիմնական հարցերը, որոնք ամենից շատն են հուզում բնակչությանը։ «Այսօր մարդկանց հուզող հարցերը կարող եմ բաժանել 3 խմբի․ երկրի սահմանների և քաղաքացիների անվտանգության հարց. այսօր անվտանգ չէ նույնիսկ Երևանում: Տնտեսական վիճակի վատթարացում՝ գործազրկության և աղքատության աճ, ահռելի չափերի հասնող միգրացիա և հասարակության բևեռվածություն՝ բնակչության ներսում էգեներացված թշնամություն, ինչը մարդկանց մոտ անորոշության և անհանգստության զգացում է առաջացնում: Սա էլ, իր հերթին, բերում է դեպրեսիայի և դրդում արտագաղթի։ Այս մարտահրավերները ներկայիս իշխանությունն ի վիճակի չէ լուծել, որովհետև հենց ինքն է դրանց աղբյուրը։

Ժողովուրդը կանգնած է կարևոր հարցի առջև․ քաղաքական ո՞ր թիմն է ի վիճակի այդ հարցերը լուծել։ Այդ թիմը հենց մեր թիմն է՝ «Հայաստան» դաշինքը»,-ընդգծել է նախագահը։

«Այսօր արդեն մեր թիմերում կա այն վստահությունը, որ մենք աշխատում ենք որպես իշխանություն՝ մեր աշխատանքի ոճը, համարձակությունը, միջոցառումների մասշտաբը։ Այսպիսի ծավալով և ինտենսիվությամբ և համարձակությամբ Հայաստանի իրականության մեջ կարող է գործել միայն իշխանությունը։ Մենք ենք այսօր այս օրակարգը թելադրողն ու ձևավորողը։ Մենք ճիշտ ճանապարհի վրա ենք և գնում ենք դեպի ուժեղ Հայաստան»,-հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա ավելացրել է, որ իր հասցեին սուտ ու կեղծիք տարածելու հարցում իշխանության գործողությունները ծայրաստիճան աբսուրդ են․ «չեմ զարմանա, որ ասեն, որ 8-րդ դասարանում 2 անգամ դասից փախել եմ»։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Այսօր վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կարողացել է մարմնավորել միանգամից մի քանի հեքիաթների հերոսների․ ինքը և՛ ձախորդ Փանոսն է, և՛ անբան Հուռին, և՛ քաջ Նազարը»,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը