Տնտեսական

05.06.2021 20:54


Ամերիաբանկը թվային տրանսֆորմացիայի ակտիվ փուլում է. Արտյոմ Շամցյանը ներկայացրեց դրա առավելությունները

Ամերիաբանկը թվային տրանսֆորմացիայի ակտիվ փուլում է. Արտյոմ Շամցյանը ներկայացրեց դրա առավելությունները

Աշխարհում ավանդական բանկերն անցում են կատարում թվային բանկինգի, որը կարևոր ուղերձ է բոլոր հայկական բանկերի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը, որը Renderforest ընկերության գրասենյակում «Reinvent» (փոխակերպում) միջոցառման ժամանակ խոսել էր թվային ճարտարապետության մասին, թե որոնք են թվայնացման առանցքն ու հիմնական տարրերը:

«Արդեն անունը «Reinvent» մեզ շատ մոտ է, որովհետև մենք ևս փոխակերպում ենք ամբողջ կազմակերպությունը: Թվային տրանսֆորմացիան հենց փոխակերպում է համարվում, այսինքն` ավանդական բանկերը վերափոխվում են թվային բանկինգի: Այդ փոխակերպումը, տրանսֆորմացիան մեզ համար շատ կարևոր ուղերձ է: Մենք ցանկանում էինք կիսվել, թե զարգացման որ փուլում ենք և նաև կապվել հայկական շուկայում ապրանքների մենեջերների և ծրագրավորողների հետ, ում նման ֆինանսական տեխնոլոգիաների ուղղությունը հետաքրքիր կլինի»,-ասաց Շամցյանը:

Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ այն, թե ինչպես են աշխատում բարձր տեխնոլոգիական ոլորտի ծրագրերը, պետք է իմանալ՝ ինչ է նշանակում API-ը (կիրառական ծրագրավորման ինտերֆեյս) և այլն ու պետք է պատրաստել, սովորեցնել մարդկանց:

«Չենք ակնկալում, որ եթե մարդն ունի լավ ֆինանսական գործունեության փորձ, պետք է հասկանա այդ տերմիները, բայց պատրաստ ենք այդ տրանսֆորմացիան նույնպես անել: Եվ մեր մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի այդ ստանդարտ, ֆինանսական գիտելիքներից և փորձից նաև անցնենք ֆինանսական տեխնոլոգիաների փորձին»,-ընդգծեց Շամցյանը:

Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրենի խոսքով` բանկն ակտիվ փուլում է թվային բանկ դառնալու ճանապարհին:

«Այս տարի հեռախոսի հավելվածի միջոցով թվային բանկինգը դուրս կգա շուկա և կանգնած կլինենք նոր թվային ճարտարապետության հիմքի վրա: Դրանից հետո էկոհամակարգի ծառայության մոտեցմամբ կսկսենք աճել»,-եզրափակեց Շամցյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Այս խորագրի վերջին նյութերը