Լրահոս

05.06.2021 18:20


ՊԵԿ-ը հայտնաբերել է 137.85 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոց

ՊԵԿ-ը հայտնաբերել է 137.85 գրամ «α-PVP» տեսակի թմրամիջոց

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի միջազգային ապօրինի շրջանառության դեմ:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոստի փոխանակման և տեսակավորման կենտրոնի մաքսային հսկողության գոտում, մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հայտնաբերվել է 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց, որը թաքցված է եղել առաքանում առկա սպորտային ձեռնաթաթի սպունգանման ներդրանքի մեջ նախապես պատրաստված թաքստոցներում:

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից որոշում է կայացվել է անցկացնել Հայաստանի Հանրապետության համար աննախադեպ` թմրամիջոցների միջազգային վերահսկելի մատակարարում միջոցառումը։ Միջոցառման իրականացման նպատակով պայմանավորվածություններ են ձեռքբերվել ինչպես Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի հետ, այնպես էլ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև:

Երկու կողմերի իրավապահ մարմինների հսկողության ներքո փոստային առաքանին ուղարկվել է Հայաստանից Վրաստան։ «Վրաստանի Փոստ» ընկերության` Թբիլիսի քաղաքի փոստային բաժանմունքից ծանրոցը ստանալուց հետո Վրաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել և ձերբակալվել Վրաստանի քաղաքացի Մ.Կ.-ն:

Միաժամանակ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ք. Երևանի Զվարթնոց օդանավակայանի ուղևորների մեկնման սրահից հայտնաբերվել և ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել հիշյալ առաքանու ուղարկողը` ՀՀ քաղաքացի Հ․Դ․-ն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

ՊԵԿ քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը