Մեկնաբանություն

05.06.2021 11:07


Նիկոլի սիրտը քաղաքացիական բախումներ է ուզում

Նիկոլի սիրտը քաղաքացիական բախումներ է ուզում

Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ դառնալը քարոզում էր Արցախի դեմ։ Նա հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն ստեղծելու գործում ակտիվորեն ներգրավված դիվերսանտ էր։ Նա մեծանում էր մի միջավայրում, որտեղ Արցախը համարվում էր բեռ, որից պետք է ազատվել ու «Սերգո ջանին» լավ ապրեցնել։

Վարչապետ դառնալուց հետո Նիկոլը շարունակեց իր գործը, բայց արդեն լայնամասշտաբ ձևով։ Արդյունքները տեսանելի են՝ Արցախի պետականության կորուստ, բանակի դելեգիտիմացում, Հայաստանի սուբյեկտայնության կորուստ, հազարավոր զոհեր, վիրավորներ, անտուն մարդիկ։

Նիկոլն այս ամենն ուզում է մարսել, դրա համար էլ քարոզում է քաղաքացիական բախումներ։ Ինքը բոլշևիկների հոգեզավակն է։ Ինչպես որ բոլշևիկներն էին ներդրվել Ռուսաստանի թշնամիների կողմից ու քարոզում էին քաղաքացիական պատերազմ, որպեսզի Ռուսաստանը ներսից թուլացնեին, այնպես էլ «թավշյա» հեղափոխականներն են աջակցություն ստանում ՀՀ թշնամիներից ու ներքին բախումներ քարոզում։

Նիկոլն առաջարկում է արտաքին թշնամու դեմ ազգային պայքարը փոխարինել ներազգային պայքարով։ Նիկոլը դասակարգային պատերազմ է ուզում, Նիկոլը կրկին արյուն է ուզում, որովհետև այլ տարբերակ չի տեսնում իր կաշին փրկելու համար։

Նիկոլի քարոզի իմաստն այն է, որ ադրբեջանցին ու թուրքը մեր թշնամիները չեն։ Հակառակը՝ բարեկամներ են, որոնք կբացեն իրենց սահմաններն ու էժան ուտելիք կհասցնեն «հպարտ» քաղաքացուն։

Նիկոլը «հպարտին» գազազեցնում է իր քաղաքական հակառակորդի դեմ։ Նիկոլը նոր «մարտի 1» է ուզում։ Ինքն ուրիշ բան չգիտի, ինքն ուրիշ ձև չունի։ Որպես նեոբոլշևիկ՝ նա խոստանում է խլել ու բաժանել, բայց ինչպես 100 տարի առաջ խաբեցին, այնպես էլ հիմա Նիկոլն է ուզում խաբել։

Նիկոլը խոսում է տնտեսության թալանից։ Եվ դա այն դեպքում, երբ իր պատգամավորական ցուցակում հայտնվել է թալանի քայլող մարմնավորում Խաչատուր Սուքիասյանը։

Նիկոլը խոսում է բանակում եղած թալանից։ Եվ դա այն դեպքում, երբ իր ցուցակում բանակը թալանած ու հսկայական հարստության տեր դարձած Գագիկ Մելքոնյանն է։ Սա թիկունքի պետ էր աշխատում և դուրս շպրտվեց բանակից լևոնական հեղաշրջման փորձին մասնակցելու համար։

Նիկոլը խոսում է ընտրակեղծիքներից։ Եվ դա այն դեպքում, երբ իր ցուցակում Գուրգեն Արսենյանն է հայտնվել։ Փողով ԱԺ խմբակցություն ձևավորած մարդը։

Նիկոլը կեղծում է փաստերն ու փրփուրը բերանին քարոզում դասակարգային պատերազմ։ Նիկոլին մեծ ցնցումներ ու արյուն է պետք։ Այլ հարց է, որ դա Հայաստանին պետք չէ։ Հարկավոր է ամեն ինչ անել քաղաքական փոփոխություններն առանց ցնցումների իրականացնելու համար։ Իսկ իշխանափոխությունն անխուսափելի է, գիտի նաև Նիկոլը։ Նա պարզապես ժամանակ է ձգում՝ Հայաստանի հաշվին։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը