Քաղաքական

04.06.2021 10:11


Եկել է պահը, որ մենք մեր քվեարկությամբ սատար կանգնենք մեր նախագահին․ Հովհաննես Հունանյան

Եկել է պահը, որ մենք մեր քվեարկությամբ սատար կանգնենք մեր նախագահին․ Հովհաննես Հունանյան

Ոստիկանության գեներալ- լեյտենանտ, նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը «Հրապարակին» է փոխանցել իր կոչը՝ ուղղված ջավախքցիներին։ Հունանյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Դիմում եմ Հայաստանում բնակվող, ընտրության իրավունք ունեցող, ծնունդով ջավախքցի իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին և բոլոր նրանց, ովքեր դեռևս մտահոգ են մեր սիրելի Ջավախքի ներկայով և ապագայով։

Վերջին 30 տարիների ընթացքում ծառայության բերումով եղել եմ Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների ակունքներում, տեղեկացված եմ եղել գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունների, նրանց առաջնորդների, պետության ղեկավարների տեսակետներին՝ կապված Ջավախքում բնակվող մեր հայրենակիցների հետագա ճակատագրին, գոյությանը և վաղվա օրվան։ Հավատացեք ինձ՝ նրանցից միակ մարդը եղել է Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը իր կառավարման 10 տարիների ընթացքում ունեցել է առանձին վերաբերմունք, ծրագիր և տեսլական, Վրացական պետության հետ համաձայնեցված իրականացնելու այնպիսի միջոցառումներ, որոնք նպաստել են մեր ծննդավայրում ապրող մարդկանց տնտեսական, առողջապահական և մշակութային կյանքին։ Հատկապես դպրոցներում սովորող երեխաների հայեցի դաստիարակության, մանկավարժների վերապատրաստման, դպրոցների և մշակութային օբյեկտների վերանորոգման, դասագրքերի և գրենական պիտույքներով ապահովման գործում։ Նախագահ Քոչարյանի ջանքերով վերանորոգվեց, անցանելի դարձավ Գյումրի-Ախալքալակ ավտոճանապարհը, մեր հայրենակիցները հնարավորություն ունեցան դիտել հայկական հեռուստատեսություն։ Մի նոր աստիճանի բարձրացան հայ-վրացական հարաբերությունները։ Ջավաքի հետ կապված բոլոր խնդիրները լուծելու, ծրագրերն իրականացնելու համար ստեղծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը, որն իր գործունեությամբ բազում խնդիրների հայանպաստ լուծում էր տալիս։ Եկել է պահը, որ մենք մեր քվեարկությամբ սատար կանգնենք մեր նախագահին, որը, իմ համոզմամբ ընտրվելու դեպքում կշարունակի նույն ոգով սատար կանգնել մեր Ջավախքին և ջավախքցիներին։ Հովհաննես Քաջազնունու, աշուղ Ջիվանու, Դերենիկ Դեմիրճյանի, Վահան Տերյանի, Շառլ Ազնավուրի հետնորդներ, կատարեք ձեր պարտքը։ Սիրով Ձեզ հետ եմ»։

Ոստիկանության գեներալ- լեյտենանտ Հովհաննես Հունանյան

Այս խորագրի վերջին նյութերը