Աշխարհ

02.06.2021 10:53


«Ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը. մենք այս հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը` Մակրոնի հայտարարության մասին

«Ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը. մենք այս հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը` Մակրոնի հայտարարության մասին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարությունը, ասել է, որ «տարածաշրջանում կրակի դադարեցումն ապահովվում է 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ»:

«Ժամանակավորապես «Ադրբեջանի տարածքում» (չակերտները-Խմբ.) տեղակայված ռուս խաղաղապահները կատարում են կրակի դադարեցման ապահովման առաքելությունը: Մենք այս հարցում Ֆրանսիայի որևէ դերակատարում չենք տեսնում»,-ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ՝ համատեղ ելույթի ժամանակ Մակրոնն ասել էր, որ «Հայաստանը բախվել է անվտանգության ճգնաժամի, իսկ Ֆրանսիան հաստատակամ է, որ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում` նկատելով՝ 2020թ. նոյեմբերի 9֊ի հրադադարի հայտարարությունից ի վեր, եթե նույնիսկ, ընդհանուր առմամբ, հրադադարը պահպանվում է, միևնույն է անելիքները շատ են»։

Մակրոնն ընդգծել է, որ ՀՀ֊ի և Ադրբեջանի միջև սահմանազատում պետք է իրականացվի բացառապես երկխոսության միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի։

«Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և կոչ եմ անում կողմերին վերադառնալ մայիսի 11֊ի դրությամբ եղած դիրքեր»,֊ասել է Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան փորձելու է աջակցել երկխոսության հաստատման հարցում։ Մակրոնն ընդգծել է` այս դժվար իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ։ Ֆրանսիայի նախագահը նաև կարևորել է Ադրբեջանում պահվող հայերին ազատ արձակելու կարևորությունը:

Աբդուլլաևան այս առնչությամբ նշել է, որ ադրբեջանական կողմը ռազմագերիների փոխանակման հարցում միշտ էլ ունեցել է «բոլորը` բոլորի դիմաց» սկզբունքը:

«Ինչպես բազմիցս նշել ենք, Ադրբեջանում հայկական ծագմամբ ռազմագերիներ չկան: Ինչ վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 26-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի տարածք ուղարկված «դիվերսիոն խմբի» (չակերտները-Խմբ.) անդամներին, որոնք այնտեղ «ահաբեկչություն» (չակերտները-Խմբ.) են իրականացրել, ինչպես նաև «հետախուզա-դիվերսիոն» (չակերտները-Խմբ.) խմբի անդամներին, որոնք մայիսի 27-ին փորձել են ականապատել Քելբաջարի (Քարվաճառ) շրջանի ուղղությամբ ճանապարհները, ապա նրանք ռազմագերիներ չեն»,-ասել է ԱԳՆ խոսնակը:

Բացի այդ, Աբդուլլաևան անդրադարձել է Մակրոնի խոսքում «Լեռնային Ղարաբաղ» անվանման կիրառմանը` ընդգծելով, որ «այդպիսի վարչատարածքային միավոր գոյություն չունի»:

«Ինչ վերաբերում է ելույթում բարձրացված ուղիղ երկխոսության հարցին, ապա այն արդեն ընթացքի մեջ է: Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 11-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը ՝ հանդիպումներ են անցկացվում փոխվարչապետների մակարդակով և իրականացվում է երկխոսություն: Այնուամենայնիվ, Ֆրանսիան որևէ դեր չի խաղում այս գործընթացում:

Ինչ վերաբերում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ինչպես մենք հայտարարեցինք, Ադրբեջանը սատարում է սահմանազատման գործընթացի մեկնարկին, և այդ գործընթացը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով»,-նշել է Աբդուլլաևան` շեշտելով, որ «անհասկանալի է տարածաշրջան Ֆրանսիայի կատեգորիկ վերադարձի մասին հայտարարությունը, քանի որ Ֆրանսիան համանախագահ երկիր է և 1997 թվականից մասնակցում է տարածաշրջանային գործընթացներին, ուստի այս հայտարարությունն անհասկանալի է»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը